Հանրագիտարան

Աչքապատվաստ

Աչքապատվաստի դեպքում միամյա շվից կտրած աչքը կամ բողբոջը կեղևի հետ միասին դնում են պատվաստվող բույսի կեղևի տակ:
Աչքապատվաստը կատարում են քնած կամ աճող աչքով: Քնած աչքով աչքապատվաստը կատարում են ամռան երկրորդ կեսին և այդ նպատակի համար օգտագործում են ընթացիկ տարվա հասունացած շիվերը:
 
Աճող աչքով աչքապատվաստը կատարում են գարնանը և օգտագործում են անցյալ տարվա աճած կտրոնները: Պատվաստված աչքն սկսում է աճել պատվաստման տարին: Աչքապատվաստը պատվաստի մյուս ձևերի նկատմամբ ունի մի շարք առավելություններ՝
 
- աչքապատվաստը վայրակների ազնվացման ամենահուսալի ձևն է: Այս դեպքում պատվաստի կպչողականությունը լինում է ավելի բարձր:
- աչքապատվաստի տեխնիկան ավելի հասարակ է և տալիս է բարձր արտադրողականություն:  
 
Աչքապատվաստը կատարում են 4 գործողությամբ՝ 1) վահանիկը աչքի (բողբոջի) հետ հանելը, 2) T-աձև կտրվածք անելը, 3) վահանիկի տեղավորելը կտրվածքի մեջ 4) պատվաստի կապելը: Այս գործողությունները պետք է կատարել արագ և պահպանել մաքրությունը:
 
Պատվաստ կատարողը դանակով կտրոնից վահանաձև հանում է 2.5-3սմ երկարությամբ աչք բնափայտի բարակ շերտի հետ միասին: Հետո վայրակի ստորին մասում T-աձև կտրվածք է անում:
 
Պետք է բարձրանցել կեղևը, վահանիկը տեղավորել վայրակի բացված կտրվածքի մեջ, հետո վայրակի բացված կեղևը երկու ձեռքի բութ մատերով սեղմել դեպի աչքը: Աչքը տեղավորելուց անմիջապես հետո կտրվածքը կապում են այնպես, որ կտրվածքի ամբողջ մակերեսը ծածկված լինի, աչքը՝ ազատ:
 
Աչքապատվաստի կպչողականության մեջ կարևոր է, թե պատվաստի համար կտրոնի որ մասից է վերցված աչքը: Կտրոնի ստորին և վերին աչքերը թույլ են զարգացած լինում: Աչքապատվաստի համար պետք է օգտագործել կտրոնի միջին մասի առողջ և հասունացած աչքերը:  
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: