Վարքով ու հատկապես կարգապահությամբ է պայմանավորված մարդու` սոցիումում իր տեղն ու դերը գտնելու, վերջիններս արդյունավետորեն արժևորելու փաստը: Մարդը ձևավորվում է տակավին չնված, սակայն այդ հարցում անփոխարինելի է կրթօջախների դերը: Ուստի աշակերտների մասին խոսելիս, առաջադիմությունից զատ, անհրաժեշտաբար կանդրադառնանք նաև վերջիններիս` դասարանում` երեխաների փոքրիկ «հասարակությունում», դրսևորած վարքին ու կարգապահությանը: Վերոգրյալներով են պայմանավորված սանի ունեցած ընդունակությունների բացահայտումն ու զարգացումը, և իհարկե, կարողությունների, հմտությունների աստիճանական կատարելագործումը, այսինքն` լայն իմաստով նրա ուսումնական առաջադիմության արդյունավետությունը:
Ընդունակություններ ունենալն անհրաժեշտ է, սակայն ոչ բավարար: Այս կամ այն դասարանում քիչ չեն իրենց ընդունակություններով ու կարողություններով աչքի ընկնող աշակերտները, որոնք ունեն նաև անհանգիստ բնավորություն ու անզուսպ էներգիա: Նման աշակերտներից ոմանք հաճախ են անպատրաստ կամ թերի կատարած տնային աշխատանքներով ներկայանում դասի:
Հարցին լուծում տալու համար տվյալ դեպքում, ուսուցիչ-աշակերտ անընդհատ կապից բացի, պահանջվում է, իհարկե, ուսուցիչ-ծնող երկկողմանի մշտական փոխհամագործակցություն և փոխվստահություն: Բայց այս առումով կցանկանայինք ընդգծել հատկապես մի հանգամանք: Ծնողը պիտի խոսի իր երեխայի հետ: Խոսքը երեխայի ինքնաբուխ վարքի ճնշման, ձանձրալի բարոյախրատականի ու միալար հանդիմանությունների մասին չէ:
Ծնողը պիտի ընկեր լինի իր երեխային, հաճախակի զրուցի նրա հետ կյանքից, մարդուց ու մարդկությունից, բարուց ու չարից, լավ ու վատից, հասարկությունից, արժեքներից, հայրենիքից, ծնողից, տնից, հազար ու մի կարևոր մանրուքներից: Այս բոլորն էլ ի վերջո կկազմեն այն դաստիարակությունը, այն արժեքային համակարգը, որ ծնողը կտա կամ կփոխանցի իր զավակին:
Մարդկային կյանքը լուցկու տուփի նման է. նրան շատ լուրջ վերաբերելը ծիծաղելի է, անլուրջ վերաբերելը` վտանգավոր: Մեր աշակերտների անմեղ- վտանգավոր այն տարիքն է, որ չարժի ոչ լուն փիղ դարձնել, ոչ էլ շատ հանգիստ լինել: Մեզանից յուրաքանչյուրն է հիշում մանկությունից մեր հոգին լցնող ու էությունը պարուրող այն նվիրական, անմնացորդ ՀԱՎԱՏԸ, որն ունեինք ծնողի ամեն մի խոսքի, գործի նկատմամբ:
Հիմա մեր աշակերտները նույն այդ տարիքում են: Ու հիմա է, որ նրանց միտքն ու հոգին մաքուր գրատախտակ են հիշեցնում, ու ինչ գրենք, այդ էլ կտպվի նրանց ուղեղում: Հաճախ ենք տրտունջներ լսում դասարանում աշակերտների վարքին, կարգապահությանը, շարժուձևին, դպրոցի, դասարանի նկատմամբ նրանց բացակայող կամ ոչ բավարար ուշադրության նկատմամբ ունեցած մեր խիստ վերաբերմունքի պատճառով: Ամենաքիչը ծիծաղելի է:
Ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ այն աշակերտից, որ դասերին հաճախում է հենց այնպես, առանց ուշադրության, առանց պատասխանատվության տարրական զգացումի, անտարբեր է իր դասարանի մաքրության, իր դասընկերոջ, իր աշխատանքային սեղանի կոկիկության, տետրի մաքրության, գեղեցիկ ձեռագրի և այլ նմանատիպ կարևոր մանրուքների նկատմամբ: Ի՞նչ ակնկալել այն աշակերտից, որ դպրոց է գալիս զուտ ընկերներին տեսնելու, նրանց հետ չարաճճիություններ անելու և ուրախ ժամանակ անցկացնելու համար: Նման աշակերտին կարելի է «փրկել» միայն կարգապահությամբ:
Չի կարելի դասի գալ, երբ հավես կամ տրամադրություն կա, և հակառակը` չգալ, երբ տրամադրություն չկա: Մի՞թե մեր այս «հավեսով» աշակերտներն են լինելու մեր վաղվա «հավեսով» ուսոնողները, «հավեսով» քաղաքացիներն ու պետության «հավեսով» ղեկավարները: Մինչդեռ դիսցիպլինան ու պլանավորվածությունը կարգավորում են մարդու էներգիան ու կյանքին հաղորդում այն տեմպոռիթմը, որը, վատագույն դեպքում, կօգնի բարձրացնել կյանքի որակը և, լավագույն դեպքում, կապահովի բարեկեցիկ, ապահով կյանք: Երկու դեպքում էլ շահողը մեր աշակերտն է լինելու, Ձեր երեխան և մեր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ:
Վերադառնալով ուսուցչի և ծնողի համագործակցությանը` հավելենք, որ ուսուցիչ-ծնող կապն աշակերտի ուսումնադաստիարակչական գործընթացի նպատակային և բարեհաջող կազմակերպման կարևորագույն բաղադրիչ օղակներից է: Մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ կրթել, դաստիարակել, զարգացնել երեխային, ուստի մեր փոխհամագործակցությունը և միմյանց հետ մշտական կապ պահպանելը բխում է հենց այդ նպատակի իրագործումից, երկու կողմերի շահերից, բայց ոչ, երեք կողմերի շահերից. չմոռանանք աշակերտին, որն այս ողջ գործընթացի կենտրոնն է, այն կենտրոնը, որի շուրջ պտտվում է մնացյալ ամեն բան…
Ծնող(ներ)ի հետ համագործակցությունն անհրաժեշտ է ուսուցչի՝ աշակերտի հետ աշխատանքն ամբողջացնելու նպատակով: Մեծաքանակ աշակերտներով դասարան(ներ)ում ժամանակի սղության պատճառով հնարավոր չի լինում անհրաժեշտ ուշադրություն դարձնել, բավարար րոպեներ տրամադրել այս կամ այն աշակերտի գիտելիքների հիմնովին ստուգմանը /և ոչ միայն/՝ անկախ նրա առաջադիմությունից, ակտիվությունից և այլնից…
Այստեղ է, որ առաջին պլան է մղվում ուսուցիչ-ծնող փոխհամագործակցությունը` միասնական ուժերով վատթարագույն տարաբնույթ երևույթները արմատախիլ անելու և, գոնե, դրական անհրաժեշտ նվազագույնը սերմանելու նպատակով:
Աշակերտի վարքի, համադասարանցիների հետ հարաբերություններում հարգանքի, ընկերասիրության, զսպվածության, ինքնատիրապետման ցուցաբերման, կոլեկտիվում ինքնադրսևորման ու միասնության պահպանման, այսինքն` լայն իմաստով անձի ձևավորուման ու դաստիարակության հարցերը արդյունավետ լուծելու համար ուսուցիչը պետք է պատրաստակամ լինի լսելու և տվյալ աշակերտի հետ անհատական աշխատանքը պլանավորելիս նկատի ունենալու նաև ծնողի կարծիքը:
Աշակերտին ճանաչելու, նրա հոգեբանությունն ու վարքը արագ ըմբռնելու, աշակերտի վրա ազդելու, ներգործելու հարցերում ծնողի դերն անփոխարինելի է: Ծնողն իր հերթին պիտի լսի և ընդունի այն նկատառում-դիտողությունները, որն անում է ուսուցիչը, եթե անգամ շատ դեպքերում համաձայն չէ: Եվ որպեսզի ծնողը անտեղի չհակադրվի ուսուցչին,ինքնանպատակ քայլեր չանի, անհրաժեշտ է վստահություն ուսուցչի նկատմամբ: Իսկ այդ վստահությունը պետք է վաստակել…
Կրթված և գիտելիքներով զինված սերունդ դաստիարակելիս ծնող-ուսուցիչ, ուսուցիչ-ծնող փոխհամագործակցության համատեղ աշխատանքի գլխավոր նպատակը նախ և առաջ աշակերտի ուսումնական առաջադիմությունն է: Ուր ուսումնական առաջադիմությունը, այնտեղ` գնահատականը: Ցանկացած ուսուցիչ բախվել է ու բախվելու է այդ հարցին՝ ծնողական եսասիրություն` իր երեխան լավագույնն է, նա արժանի է առավելագույն գնահատականի, իսկ ուսուցիչը կողմնապահություն է անում…
Ի դեպ, ծնողների ևս մի քանի սխալների մասին: Ի՞նչ զարմանալի սովորություն է կատարել տնային աշխատանքները երեխայի փոխարեն: Անգամ դեպք է եղել, որ ծնողն ընթացիկ գրավոր աշխատանքների տետրում գրել է աշակերտի փոխարեն: Թերևս անիմաստ է խոսել ուսուցչի, կրթության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին, երբ ծնողը, որ չափահաս մարդ է, խոչընդոտում է իր երեխայի կրթության իրավունքի իրացմանը: Ինչևէ…
Գուցե ավելորդ է խոսել այդ մասին, բայց կարևոր է՝ ծնողը չպետք է երեխայի ներկայությամբ քննարկի դպրոցը, ուսուցչին: Նա, իհարկե, կունենա իր ճիշտ կամ սխալ կարծիքը, որը, անկեղծ ասած, տվյալ դեպքում առաջնային չէ: Աշակերտի ներկայությամբ քննարկելով, փնովելով դպրոցը, այս կամ ուսուցչին` ծնողը միայն փչացնում է իր երեխայի հոգեբանությունը, խոչընդոտում է սեփական երեխայի ճիշտ աշխարհընկալումը:
Ոչ երկրորդական պլանում է մաքրության պահպանումը,տարատեսակ հարցերում նրբանկատության,սրտացավության, հոգածության դրսևորումը: Նստարանների, առհասարակ դպրոցական գույքի, դասարանի, շրջապատի նկատմամբ հոգածություն պիտի դրսևորի յուրաքանչյուր աշակերտ, և սանի մեջ դրա սերմանումը ևս պետք է սկսել տանից և սեփական օրինակով: Այս ամենին կա մեկ լուծում՝ աշխատե՛նք միասին...
Հեղինակ՝ Սաթենիկ Բադալյան
Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ուսուցչուհի