Հանրագիտարան

Անտառային հրդեհներ

Անտառային հրդեհը բուսականության անվերահսկելի այրումն է, որը տարերայնորեն տարածվում է անտառային տարածքում: Անտառային հրդեհների ավելի քան 95%-ի առաջացման պատճառը մարդու անշրջահայաց գործունեությունն է:

Դրանք առաջանում են հանգստավայրերում բնակչության կողմից հակահրդեհային անվտանգության միջոցառումները չպահպանելու, ինչպես նաև անտառում աշխատելիս անսարք տեխնիկա օգտագործելու հետևանքով: Անտառային հրդեհներն առաջանում են նաև ամպրոպի ժամանակ ճայթող կայծակից, տորֆի՝ օդերևութաբանական ոչ բարենպաստ պայմանների (օդի բարձր ջերմաստիճան, անձրևների տևական բացակայություն) ինքնաբռնկումից:

Անտառային հրդեհները լինում են ստորին, վերին (գագաթային) և ստորգետնյա: Վերին անտառային հրդեհների ժամանակ այրվում են ծառերի պսակները: Վերին հրդեհներն ավելի հաճախ պատահում են լեռնային անտառներում, երբ կրակն ուժեղ քամու ազդեցության տակ ոստյուններով արագ տարածվում է թեք լանջերով:

Թռիչքի ժամանակ բոցը սաղարթներով տարածվում է 15-20 կմ/ժամ արագությամբ: Քամին ցրում, տարածում է կայծեր, այրվող ճյուղեր և խշուր, որոնք հիմնական օջախից տասնյակ հարյուրավոր մետրեր հեռու ստորին հրդեհի նոր օջախներ են ստեղծում:

Ստորին հրդեհների ժամանակ այրվում են վերգետնյա ծածկը, թփերը: Տարածման արագությունը մինչև 6 կմ/ժամ է: Ստորին հրդեհի խորանալուց այրվում են ծառերի արմատները և կեղևը, անտառաթփուտները:

Ստորգետնյա անտառային հրդեհների ժամանակ այրվում է 0,3 մ խորությունից վար գտնվող տորֆային շերտը: 2 կմ2 մակերեսից մեծ տարածքով անտառային հրդեհը համարվում է խոշոր հրդեհ:

Աղբյուրը՝ ՀՀ-ում գյուղատնտեսությանը վնաս պատճառող բնական և մարդածին աղետների ռիսկերի նվազեցման ուղեցույց

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: