Հանրագիտարան

Կլոդ Մոնեի տուն-թանգարանը Ժիվերնիում

Ռուանի և Փարիզի միջակայքում գտվող Ժիվերնի անունը կրող ֆրանսիական գյուղակում է գտնվում իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի տուն-թանգարանը: Մոնեն ապրեց Ժիվերնիում 1883 թվականից մինչև իր մահը`   1926 թվականը, և ներշնչված այգու բնությամբ`   շուրջ 43 տարի իր նկարներում արտահայտեց այգուց ստացված անմիջական տպավորություններն ու օրվա տարբեր ժամերին արևի լույսի ու օդի ակնթարթային փոփոխությունները:

Մոնեն հմայվեց Ժիվերնիով պատահական կատարած այցերից մեկի ժամանակ և շուտով որոշեց վարձակալել այնտեղ հողատարածք, իսկ 1890 թվականին գնեց այն: Հրապուրված այգեգործությամբ`   նա իր հեղինակած նկարների պես այգու ստեղծման գաղափարին մոտեցավ նույն նվիրվածությամբ և ոգեշնչվածությամբ:

Այստեղ նկարիչն ստեղծեց արհեստական լճակ, որտեղ էլ աճեցրեց տարբեր տեսակի ջրաշուշաններ, այգու մյուս հատվածներում՝ ուռենիներ, վարդեր, հիրիկ, բամբուկ, մրտավարդ և ծաղիկների այլ տեսակներ: Այս վայրը դարձավ բոլոր իմպրեսիոնիստների և ժամանակի լավագույն նկարիչների հավաքատեղին:

Մատիսը, Սեզանը, Ռենուարը, Պիսարոն համարվում էին Մոնեի ամենակրևոր հյուրերը և այցերի ժամանակ իրենց հետ բերում էին հազվագյուտ հանդիպվող ծաղիկներ ու բույսեր:

Այդ ժամանակ նկարիչը հրապուրված էր նաև ճապոնական մշակույթով և այգու մշակման համար վարձեց ճապոնացի այգեպան: Այգու կենտրնում գտնվող հանրահայտ ջրաշուշաններով լճակի վրա նա կառուցեց ճապոնական ոճի կամուրջ, սակայն, ինչպես և այգու մյուս բոլոր դետալներին, դրան տվեց կանաչ երանգավորում`   ի տարբերություն Ճապոնիայում ավանդաբար օգտագործվող կարմիրի:

Կամրջի զարդարման համար օգտագործվեց նաև չինական ամենագեղեցիկ ոլորուն ու երկար բույսերից մեկը`   գլիցինիան: Այգու հյուսիսային մասում տեղակայված տան ինտերիերը զարդարվեց ճապոնական փորագրական զարդանախշերով և պղնձե սպասքի յուրահատուկ նմուշներով:

Այգին և ջրաշուշաններով լճակը դարձան Մոնեի գլխավոր ներշնչանքն ու ստեղծագործությունների գլխավոր օբյեկտը: Այստեղ նկարիչն ստեղծեց հարյուրավոր նկարներ: Այս այգին կարծես նրա գործերի կենդանացված տարբերակը լիներ:

Այս առումով շատ դիպուկ էր գերմանացի արվեստաբան Յուլիուս Մայեր-Գրաֆֆի խոսքերը. «Ամենից լավ Մոնեն բացահայտվում  է այս այգիով: Նա այն ստեղծեց նույն սկզբունքներով, ինչ իր գեղանկարչական կտավները: Յուրաքանչյուր ծաղիկ գունային ներդաշնակության մեջ էր ընդհանուր ծաղկային ֆոնի հետ»:

Մոնեի մահից հետո այգու մշակմամբ զբաղվեց նրա խորթ դուստրը`   Բլանշը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական օկուպացիայի ժամանակ այգին և տունն ունեցան լուրջ վնասվածքներ:

1966 թվականին նկարչի որդին`   Միշել Մոնեն, նվիրեց այն Գեղարվեստի ակադեմիային, որն էլ անմիջապես սկսեց վերականգնողական աշխատանքները: Այսօր Ժիվերնիի այգին ֆրանսիացիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է և տարեկան ունենում է մոտավորապես կես միլիոն այցելու:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: