Հանրագիտարան

Ար նուովոն և դիզայնը

19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը հատկանաշական եղավ դիզայնում ի հայտ եկած նոր փոփոխություններով: Տեխնիկայի զարգացումը թելադրեց իր նոր կանոնները, աստիճանաբար վարպետները հրաժարվեցին ավանդական ձևերից և նոր ուղղություններից այստեղ հատկապես իր վառ արտացոլումn ստացավ ար նուովո ոճը:

Ար նուովոն մեծավ մասամբ իր արտացոլումը գտավ ապակեգործության, փայտագործության, ոսկերչության մեջ և հագուստում: Այս ոճի գլխավոր առանձնահատկություններից էին սահուն և կոր գծերի գերիշխումը, բուսական աշխարհից վերցված զարդաէլեմենտների և հարթային նախշերի կիրառումը, ընդգծված դեկորատիվությունը: 

Ար նուովո ոճի ներկայացուցիչների նախասիրած և հաճախակի հանդիպվող մոտիվներից է եղել վիշապների, սիրամարգերի, կարապների, կիսաֆանտաստիկ էակների և թիթեռների պատկերումը: Բացի դրանից, այս շրջանում չէր բացառվում նաև երկրաչափական գծերի պատկերումը:

Կարելի էր հանդիպել նաև ամպիր ոճի էլեմենտներ, աֆրիկական, եգիպտական մոտիվներ, ինչպես նաև պոստիմպրեսիոնիստական, էքսպրեսիոնիստական ու սյուռեալիստական ոճերից վերցված տարրեր`   համադրված ճապոնական և չինական արվեստի ավանդույթների հետ:

Ձգտումն էլ դեպի էկզոտիկությունն ու արտասովորությունը պայամանավորեց նյութի ընտրությունը`   օգտագործում էին տարատեսակ նյութեր`   փայտի հազվադեպ հանդիպվող տեսակներ`   սև և եբենոսյան, ինչպես նաև սադափ, դեկորատիվ մարմար, մողեսների կաշի, կորկոդիլոսի մորթի և այլն:

Ֆրանսիայում ար նուովո ոճի հիմնադիրներից մեկն է եղել Էմիլ Գալլեն: Նա բնության մեծ պրոպագանդիստ էր և առաջին հերթին անդրադարձել է բուսական աշխարհին`   օգտագործելով կենդանիների, տարատեսակ քարերի մոտիվներ: Ապակուն բնական քարի տեսք տալու համար նա օգտագործել է  տարբեր միջոցներ`   դրվագազարդված, ոսկյա և արծաթյա թիթեղներ, փայլուն թիթղոններ, ասբեստային թելեր և այլն:

Ար նուովո ոճի գլխավոր ներկայացուցիչներից մեկն էլ Լուիս Կ. Տիֆֆանին էր: Տիֆֆանիի ստեղծագործական ուղին ընթացել է Գալլեի ազդեցության ներքո: Նրանից առավելապես աչքի էին ընկնում թեթև բազմագույն գավաթները`   բարձր և նուրբ ոտքերով, որոնց հարդարանքը կազմված էր բավական պարզ բուսական մոտիվներից:

Ֆրանսիայում Գալլեին փոխարինեց ևս մի ֆրանսիացի վարպետ`   Ռենե Լալիկը, որը հիմնականում զբաղվեց ոսկերչությամբ և ապակեգործությամբ: Նա ստեղծեց եղջյուրից պատրաստված յուրօրինակ իրեր`   ծածկված ծաղկային հարդարանքով և մի շարք թանկարժեք նյութերով:

Լալիկի ոսկերչական գործերի մեջ հատկապես ուշաադրության էին արժանանում տարատեսակ զարդարանքները`   կնոջ գլխով, ալիքաձև գծերով և այլն: Իսկ բնական մոտիվներից Լալիկը նախընտրում էր ձգված, թելանման ձևերը`   հիրիս, բաղեղ և մի շարք այլ բույսեր: Բացի տարատեսակ իրերից նա պատարաստեց նաև օծանելիքների  սրվակներ, որի շնորհիվ էլ մեծ համբավ և հաջողություն ձեռք բերեց: 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: