Հանրագիտարան

Հագուստը և գլոբալիզացիան

Չնայած նորաձևության միտումները միշտ էլ թելադրվել են Փարիզից, սակայն հագուստի ազատագրման և գլոբալիզացման առաջին սաղմերն ի հայտ են եկել Անգլիայում: 19-րդ դարի 70-80-ական թվականներին Անգլիայում սկզբնավորվում է «Էսթետիկական շարժում» հասարակական խումբը, որն էլ առաջ է բերում հագուստի վերափոխմանն առնչվող մի շարք պահանջմունքներ`   մարմինն ամբողջությամբ չծածկող և շարժումը չսահմանափակող հագուստի ստեղծում, կորսետների և կարկասային շրջազգեստների վերացում և նաև շրջազգեստների երկարության կարճացում:
Այս պահանջմունքները հատկապես ակտուալ են դառնում 20-րդ դարի սկզբին և աստիճանաբար տարածում ստանում մյուս երկրներում: Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, կանանց և տղամարդկանց իրավահավասարության կոչերը, հասարակական գործունեության մեջ կանանց դերի մեծացումը նույնպես մեծ ազդեցություն են թողնում հագուստի ձևավորման վրա:
 
Տղամարդկանց հետ միասին և երբեմն էլ նրանց փոխարեն կանայք կատարում էին ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական զանազան աշխատանքներ: Այս և մի շարք հանգամանքներ ստեղծում են կանանց և տղամարդկանց ընդհանուր կերպարների մոտեցման մի շարք հիմքեր:
 
Ի հայտ են գալիս առավել պրակտիկ և հարմարավետ կանացի հագուստի տեսակներ`   լայն և ազատ վերարկուներ, ժակետներ, բլուզներ, շրջազգեստներ և գործնական հագուստի տարատեսակ ձևեր: Առաջանում է կանանցի գեղեցկության մի նոր տիպ`   բարակ, երկար ոտքերով, չընդգծված իրանով և կարճ սանրվածքով:
 
Զգեստների ամենատարածված բացվածքն ուներ V-ձև տեսք: Իսկ եթե մինչև 1915 թվականը զգեստներն ունեին բարձր գոտկատեղ և ամբողջությամբ ծածկում էին ոտքերը, ապա դրանից հետո նրանք պետք է իջնեին ծնկի վրա կամ էլ բարձր լինեին ծնկից:
 
Նորարարության տենդենցներով հանդես եկավ նաև ԱՄՆ-ն, որտեղ էլ սկիզբ առավ ջինս կոչվող հագուստի արտադրությունը: 1873 թվականի մայիսի 20-ին դիզայներ Լ. Ստրաուսը թույլտվություն է ստանում ոսկու հանքերում աշխատողներին գրպաններով կոմբինեզոն կարելու համար:
 
Ոսկու հանքերում աշխատողներին անհրաժեշտ էր ամուր կտորից կարված ու դիմացկուն հագուստ, և Ստրաուսի առաջարկած հագուստը լիովին համապատասխանում էր նրանց պահանջներին: Այդ օրն էլ համարվում է ջինսի ստեղծման պաշտոնական օրը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: