Հանրագիտարան

20-րդ դարի նորաձևությունը

20-րդ դարը հասարակաքաղաքական կյանքի սկզբունքային նոր գաղափարների առաջացման և արմատական փոփոխությունների դարաշրջան էր: Այն իր ազդեցությունը թողեց կյանքի բոլոր ոլորտների վրա, և նոր կենսակերպը առաջ քաշեց նաև հագուստի վերափոխման մեծագույն պահանջմունքը:
20-րդ դարում նորարար հագուստի ձևավորման և զարգացման համար առաջացան մի շարք պայմաններ ու նախադրյալներ`   տեխնիկական վերելքը, արդյունաբերական արտադրության զարգացումն ու լայն տարածումը, աշխատավոր մասսայի մեջ նաև կանանց ընդգրկումը, 1914-1918թթ. պատերազմը և այլն: Այս գործոնները նորաձևության ոլորտում հիմնավորեցին նոր էսթետիկական գաղափարներ, գործվածքի նոր պլաստիկական ձևեր, գունային բազմազանության և զարդաէլեմենտների յուրօրինակ համադրություններ:
 
1920-ական թվականներին անխուսափելի էր նաև նորաձևության և արվեստի փոխառնչությունը և այդ առումով հատկապես հետաքրքիր էր  հագուստի վրա մեծ ազդեցություն թողած մոդեռն ոճը, որն էլ հիմնականում դրսևորվեց դեկորատիվ արտահայտչալեզվի օգտագործմամբ և S-նման ուրվապատկերի որոշմամբ: Մոդեռն ոճի ազդեցությամբ հագուստի մյուս լրացնող մասն էր կազմում նաև լայնեզր ու խոշոր գլխարկները`   զարդարված ծաղիկներով, փետուրներով և զուգակցված փարթամ սանրվածքներով:
 
Այս շրջանում հագուստների հիմնական գործվածքն արհեստական մետաքսն ու բուրդն էր: Գունային առումով գերիշխում էին մոխրագույնը, շագանակագույնը, սևն ու հաճախ նաև սև-սպիտակ վանդակաձև զարդանախշը: Լայն տարածում էին ստացել արհեստական քարերը, հատկապես՝ մարգարիտը: Բացի դրանից, համաշխարհային պատերազմի տարիներին կանանց ստանձնած ծանր ֆիզիկական աշխատանքները հանգեցրին նաև կանանցի տաբատի առաջացմանը, որն էլ առավել հարմարավետ, պրակտիկ ու անկաշկանդ դարձրեց նրանց աշխատանքը:
 
20-րդ դարի նորաձևության աշխարհում առավելապես մեծ համբավ ունեին դիզայներներ`   իսպանացի Մարիանո Ֆորտունեն, նորմանդացի Քրիստիան Դիորը և ֆրանսիացի Պոլ Պուարեն: Վերջինս էլ կանանց առաջարկեց բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստներ և սև փոքրիկ զգեստ`   զուգակցված երկար արհեստական մարգարիտով,  որի հիմքի վրա էլ հետագայում ստեղծվեց Կոկո Շանելի հանրահռչակ հավաքածուն:
 
Հայտնի էր նաև Էլզա Սկիապարելին, որն էլ կրելով ավանգարդիստական երկու առաջատար ուղղությունների`   դադաիզմի և սյուրռեալիզմի ազդեցությունը, ստեղծեց արտառոց մի շարք գլխարկներ ու զգեստներ: Սակայն պետք է ասել, որ Սկիապարելին կերպարվեստը ոչ միայն որպես ստեղծագործական ներշնչանք օգտագործեց, այլև ստեղծեց հագուստի և գեղանկարչության յուրօրինակ մի սինթեզ`   օգտագործելով Սալվադոր Դալիի և Ժան Կոկտոյի գործերը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: