Հանրագիտարան

Լուսանկարչություն. ստեղծման պատմություն

Լուսանկարչության հայտնագործումն ունի հազարամյակների պատմություն և պայմանավորված է գիտության և տեխնիկայի նվաճումներով: Դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում հույն փիլիսոփա Արիստոտելը նկատել էր, որ եթե լույսը ներս է թափանցում մութ սենյակ նեղ բացվածքի միջով, ապա առարկաները հակառակ կողմում արտապատկերվում են փոքրացված և շրջված դիրքով:
Այս տեսությանն իր աշխատություններում հետագայում մանրամասն անդրադառնում է նաև վերածննդի շրջանի իտալացի արվեստագետ և գյուտարար Լեոնարդո Դա Վինչին: Իսկ քիչ ուշ Լեոնարդոյի ազգակից ֆիզիկոս Ժամբատտիստա Դելա Պորտան, հիմնվելով այդ տեսության վրա, 1589 թվականին ոսպնյակների ներմուծման շնորհիվ նախագծում է կամերա-օբսկուրան (մութ սենյակ), որն էլ դառնում է ժամանակակից լուսանկարչական ապարատի նախատիպը:
 
Այն սկսվում է լայնորեն կիրառվել վերածննդի շրջանի նկարիչների կողմից որպես հեռանկարային կանոնների ուսումնասիրման միջոց: Սակայն մարդկության կյանքը շրջադարձորեն փոխած ֆոտոապարատների ստեղծման գյուտն արվում է 19-րդ դարում, երբ 1839 թվականին ֆրանսիացի նկարիչ, քիմիկոս ու գյուտարար Լուի Դագերը գիտնականների և նկարիչների առջև հրապարակորեն ցուցադրում է արծաթե թանթիկի վրա ստացված պատկերները:
 
Շուտով նրան միանում է նաև հելիոգրաֆիայի հայտնագործող Ժոզոֆ Նիեպսն ու լուսանկարի բազմացման հարցերով զբաղվող անգլիացի Հենրի Ֆոքս Թալբոթը, և  օպտիկայի, քիմիայի օրենքների կիրառման օգնությամբ գտնվում է առարկաների լուսանկարման, վերարտադրության եղանակը: Առաջին ֆոտոապարատներն իրենց կառուցվածքով հիշեցնում էին օբսկուր կամերան և կոչվում են դագերոտիպ`   Լուի Դագերի անունով:
 
Իսկ առաջին լուսանկարը համարվում է Ժոզեֆ Նիեպսի կողմից 1826 թվականին փորձերի արդյունքում ստացված «Տեսարան պատուհանից» նկարը: Առաջին գունավոր լուսանկարն էլ հայտնի է որպես «Շոտլանդկա ժապավեն»`   արված  1861 թվականին անգլիացի ֆիզիկոս  Ջեյմս Քլերկ Մաքսվելի կողմից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: