Հանրագիտարան

Խավարածիր

Խավարածիր կամ Էկլիպտիկա (լատ.՝ (linea) ecliptica, հին հուն․՝ ἔκλειψις՝ թարգմանաբար խավարում), երկնոլորտի մեծ, երևակայական շրջանագիծ է, որի հարթությունում տեղի է ունենում Արեգակի տեսանելի տարեկան շարժումը։

Ժամանակակից, ավելի ճշգրիտ սահմանումն է՝ Երկիր -Լուսին համակարգի բարիկենտրոնի ուղեծրի հարթությամբ երկնոլորտը հատելիս ստացված գիծը։ 

Խավարածրի հարթության նկատմամբ Լուսնի ուղեծրի թեքվածության, Երկիր-Լուսին համակարգի բարիկենտրոնիշուրջ Երկրի պտույտի, ինչպես նաև մոլորակների նկատմամբ Երկրի ուղեծրի պերտուրբացիաների պատճառով, իրական Արեգակը ոչ միշտ է ճշգրտորեն գտնվում խավարածրի հարթության վրա, այլ կարող է նրանից շեղված լինել մի քանի վայրկյան անկյունով։
 
Կարելի է ասել, որ խավարածրի հարթությունով է անցնում «միջին Արեգակի» ճանապարհը։ Երկնային հասարակածի հարթության նկատմամբ խավարածրի հարթությունը թեքված է մի անկյունով, որը հավասար է՝ ε=23°26′21.448″-46.815″ t-0.00059″ t²+0.00181″ t³; որտեղ՝ t-ն հուլիոսյան հարյուրամյակների քանակն է, 2000 թվականից սկսած։ Այս բանաձևը ճշգրիտ է մոտակա հարյուրամյակների համար։
 
Ավելի մեծ ժամանակահատվածների համար հասարակածի նկատմամբ խավարածրի հարթության թեքվածությունը տատանվում է միջին արժեքի համեմատ, մոտավորապես 40 000 տարի պարբերությամբ։ 
 
Բացի այդ, այն ենթակա է 18,6 տարի պարբերությամբ և 18,42″ ամպլիտուդայով կարճաժամկետ տատանումների։ Ի տարբերություն հեռավոր աստղերի և քվազարների նկատմամբ իր հարթության թեքությունը համեմատաբար ավելի արագ փոփոխող երկնային հասարակածի, խավարածրի հարթությունն ավելի կայուն է։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: