Հանրագիտարան

Օրիոն

Հայկ կամ Օրիոն, համաստեղություն Ցուլ, Երկվորյակներ, Միաեղջյուր, Նապաստակ, Էրիդան համաստեղությունների միջև։

Ամենապայծառ աստղերը 0,1 (Ռիգել), 0,3-1,2 (Բետելգեյզե), 1,6 (Բելլատրիքս) տեսանելի աստղային մեծության են։ Համաստեղության երեք աստղերը կազմում են նրա «գոտին», որին հայերն անվանել են Շամփուրք Հայկի, Քար ու կշեռք։ 

Համաստեղությունում է գտնվում անզեն աչքով տեսանելի Մեծ միգամածությունը (գազափոշային ամենախոշոր ամպերից մեկը), որն ամենամոտն է Արեգակնային համակարգին։ Համաստեղությունում կան մեծ թվով փոփոխական աստղեր և կրկնակի աստղեր։ Դիտումների համար բարենպաստ են նոյեմբեր-հունվար ամիսները։
 
Ըստ հին հունական լեգենդներից մեկի՝ Օրիոնը ծովերի աստված Պոսեյդոնի որդին է, որի տարերքը եղել է որսորդությունը։ Մի անգամ այնպես է պատահում, որ որսի թեժ պահին նա անխտիր ոչնչացնում է բոլոր գազաններին։
 
Որսի աստվածուհի Արտեմիսը, ցանկանալով փրկել մնացած գազաններին, Օրիոնի մոտ է ուղարկում Կարիճին, որի խայթոցից էլ նա մահանում է։ Իսկ քանի որ նա արել էր նաև բարի գործեր՝ ոչնչացնելով գիշատիչներին, ապա բարձրացվում է երկինք ու դասվում համաստեղությունների շարքը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: