Հանրագիտարան

Մոլորակների օղակներ

Հարթ օղակաձև համակենտրոն գոյացությունների համակարգ՝ կազմված փոշուց և սառույցից, որը պտտվում է մոլորակի շուրջ՝ նրա հասարակածային հարթությունում։ Օղակներ հայտնաբերվել են արեգակնային համակարգի բոլոր գազային հսկաների մոտ։

Սատուրնի, Յուպիտերի, Ուրանի և Նեպտունի մոտ, ինչպես նաև հնարավոր է Սատուրնի արբանյակ Ռեայի մոտ։ Չի բացառվում նաև, որ կարճաժամկետ (աստղագիտական մասշտաբներով) օղակներ են եղել նաև այլ մոլորակների մոտ, այդ թվում նաև Երկրի մոտ։

Սատուրնի օղակների համակարգը հայտնաբերվել է XVII դարում։ Ամենայն հավանականությամբ առաջինը այն ուսումնասիրել է Գալիլեո Գալիլեյը 1610 թվականին, սակայն օպտիկայի չափազանց ցածր որակի պատճառով, նա տեսել է ոչ թե օղակներ, այլ միայն «հավելումներ» Սատուրնի երկու կողմերում։
 
1655 թվականին Քրիստիան Հյուգենսը, օգտագործելով ավելի զարգացած քան Գալիլեյինն էր աստղադիտակ, առաջինը տեսավ Սատուրնի օղակը և գրեց՝ «Օղակով է շրջապատված նեղ, տափակ, ոչ մի տեղ չհատվող, խավարածրին թեքված»։
 
Ավելին քան 300 տարի Սատուրնը համարվում էր միակը մոլորակներից, որը ուներ օղակների համակարգ։ Միայն 1977 թվականին, Ուրանի կողմից աստղի ծածկման դիտարկման ժամանակ, մոլորակի մոտ հայտնաբերվեցին օղակներ։
 
Յուպիտերի թույլ և բարակ օղակները հայտնաբերվեցին 1979 թվականին «Վոյաջեր-1» ԱՄԿ-ի միջոցով։ 10 տարի անց, 1989 թվականին, «Վոյաջեր-2»-ը հայտնաբերեց Նեպտունի օղակները։
 
Օղակների համակարգ կարող է ունենալ նաև Սատուրնի արբանյակ Ռեան։ 2005 նոյեմբերին և 2007 օգոստոսին «Կասսինի - Հյուգենս» ԱՄԿ-ի հաղորդած տվյալները ցույց տվեցին, որ Ռեայի «շողքի» մեջ մտնելիս, Սատուրնից գրանցվող էլեկտրոնների հոսքը մի քանի անգամ անկանոն փոքրանում էր, որը կարող է վկայել Ռեայի մոտ երեք օղակների գոյության մասին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: