Հանրագիտարան

Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր

Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը (1834թ., հուլիսի 10 - 1903թ., հուլիսի 17) եղել է ամերիկացի նկարիչ։
Ապրել է Պետերբուրգում (1843-1849թթ., հաճախել Գեղարվեստի ակադեմիա), Փարիզում (1855-59թթ., սովորել Շ. Գլեյրի արվեստանոցում), Լոնդոնում (1859-84թթ., 1896-1903թթ.), կրել է Գյուստավ Կուրբեի, ճապոնական արվեստի ազդեցությունը, նկարելակերպով մոտ եղել ֆրանսիական իմպրեսիոնիզմին։
 
Դիմանկարներում ձգտել է կոմպոզիցիայի հակիրճ ընդհանրացման, գծային ռիթմերի ու տոնային ներդաշնակության նուրբ երաժշտականության («№ 1 սպիտակի սիմֆոնիա։ Սպիտակ հագած աղջիկը», 1862թ., Ազգայի պատկերասրահ, Վաշինգտոն, «Մոր դիմանկարը», 1871թ., Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ, միսս Ս. Ալեքսանդերի դիմանկարը, 1872-74թթ., Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։
 
Գեղանկարչական էֆեկտների ձգտումը բնանկար «նոկտյուրններում» Ուիսթլերին հանգեցրել է միջավայրի երերուն, երբեմն համարյա անիրական շարժունության տպավորություն ստեղծելուն («Կապույտ և ոսկյա նոկտյուրն։ Բատերսիի հին կամուրջը», 1872-75թթ., Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)։ Ուիսթլերն օֆորտի խոշոր վարպետ է («Վենետիկյան նկարաշար», 1879-80թթ.)։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: