Հանրագիտարան

Ալֆվեն-Կլեյնի տիեզերքի մոդել (մաս 1)

Մոդելի առաջին տարբերակը առաջարկել է շվեդ ֆիզիկոս Օ.Կլեյնը այնուհետև փոքր ինչ ձևափոխվել է մեկ այլ, հայտնի շվեդ ֆիզիկոս Հ.Ալֆվենի կողմից։ Նրանց տարբերակներում որպես ելակետ ընդունվում է, որ Տիեզերքում միաժամանակ գոյություն ունեն նյութ և հականյութ պարունակող տիրույթներ՝ նույնիսկ ամբողջական գալակտիկաներ, գալակտիկաների կույտեր։

Դիտարկենք որոշակի մանրամասներ, հետևելով Ալֆվենի տարբերակին։ Նա լիովին մերժում է «Մեծ Պայթյունի» մոդելը, համարելով այն ավելի շատ դիցաբանություն, քան ֆիզիկո-մաթեմատիկական տեսություն։ Նյութի և հականյութի սիմետրիայի վրա կառուցվող իր տեսությունը հեղինակը հիմնավորում է արդեն մի շարք տասնամյակներ բերելով նորանոր փաստարկներ։

Ըստ այդ տեսության՝ Տիեզերքը սկզբում կազմված է եղել էլեկտրոններից, պոզիտրոններից, պրոտոններից և հակապրոտոններից։ Ձգողության ուժի ազդեցության տակ այդ խառնուրդը սկսել է սեղմվել, մեծացնելով մասնիկ-հակամասնիկ բախման հավանականությունը։
 
Գնալով ավելի հաճախ են դարձել նյութ-հականյութ ոչնչացման ռեակցիաները, հանգեցնելով ճառագայթման ինտենսիվության և ճնշման մեծացմանը։ Ինչ որ պահից սկսած ճառագայթման ճնշումը դադարեցրել է ձգողության ուժով պայմանավորված սեղմումը վերածելով մինչև այժմ դիտվող ընդարձակման։
 
Եթե այդ սկզբնական խառնուրդը, որն Ալֆվենն անվանեց ամբիպլազմա, պարունակել է նյութի և հականյութի հավասար քանակներ, ապա պետք է լինեին երեք տիպի տիրույթներ. միայն նյութ պարունակող, միայն հականյութ պարունակող, և դրանց միմյանցից բաժանող տիրույթներ։
 
Առաջին երկու տիպի տիրույթներում ձգողության ուժի ազդեցության տակ նյութի և հականյութի սեղմում է ընթանում և առաջացած նյութի և հականյութի կուտակումներն իրար վանում են, առաջացնելով էլ ավելի մեծ խտացումներ։ Եվ այսպես պետք է առաջացած լինեին և այժմ էլ առաջանային նյութի և հականյութի ամենախոշոր մասշտաբի կուտակումներ, հասնելով մինչև գալակտիկաների հսկայական կույտերի։ 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: