Հանրագիտարան

Տիեզերագիտությունը մատենագրության մեջ

Մատենադարանում պահպանվել են Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», «Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ աշխատություններ։
Շիրակացին իր աշխատություններում բերում է եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների մոտ ընդունվածթվագրության սկզբունքները, խոսում է մոլորակների շարժման, Արևի և Լուսնի խավարումների և նրանց պարբերականության մասին և այլն։
 
Ընդունելով երկրի գնդաձևությունը`   Շիրակացին կարծում է, որ արևը կարող է լուսավորել երկրի երկու կողմերը օրվա տարբեր ժամերին և երբ երկրի մի կողմում ցերեկ է՝ մյուսում գիշեր։ Նա Ծիր Կաթինը համարում է «խիտ և աղոտ աստղերի կուտակում»։
 
Պաշտպանում է այն գիտնականների կարծիքը, որոնք գտնում են որ լուսինը սեփական լույս չունի և լույս ստանում է Արևի միջոցով։ Արևի խավարումը բացատրում է Լուսնի՝ Արևի և Երկրի միջև գտնվելով։ Շիրակացին ուշագրավ բացատրություններ է տալիս անձրևի, ձյան, կարկուտի, ամպրոպի, հողմերի, երկրաշարժի և բնության զանազան այլ երևույթների մասին։
 
Տիեզերագիտական, տոմարագիտական հարցերին անդրադարձել են նաև 12-րդ դարի հեղինակ Ներսես Շնորհալին («Երկնքի և նրա զարդերի մասին»), 13-րդ դարի ականավոր գիտնական Հովհաննես Երզնկացի Պլուզը («Երկնային շարժման մասին»), 4-րդ դարի տոմարագետ Հակոբ Ղրիմեցին, նույն դարի մատենագիր, Հովհան Որոտնեցու աշակերտ Մխիթարը («Խրախճանականներ»), 15-րդ դարի գիտնական Սարգիս Փիլիսոփան և ուրիշներ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: