Հանրագիտարան

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայերի հիշատակին: 1967թ. ի վեր, երբ ավարտվեց Հուշահամալիրի շինարարությունը, այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը`   վերածվելով ուխտատեղիի:
Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից`   Հուշահամալիրը միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին: 
 
Հուշահամալիրը զբաղեցնում է 4500քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից`   Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն: Մինչև համալիրի հիմնական մաս հասնելը, այցելուները անցնում են 100 մետր երկարությամբ ձգվող բազալտե Հուշապատի կողքով, որի վրա փորագրված են քաղաքների անուններ: 
 
1996թ.-ից Հուշապատի վերջնամասում ամփոփվում են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ընդդեմ թուրքերի իրագործած հայերի ցեղասպանության:
 
Նրանց թվում են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս XV-ը, Ֆրիտյոֆ Նանսենը, Բոդիլ Բյորնը, Ֆայեզ Էլ Ղուսեյնը, Կարեն Եփփեն:
 
1988-1990թթ. Հայոց Մեծ Եղեռնի Հուշահամալիրի հարևանությամբ տեղադրվեցին խաչքարեր`   ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի: 1995թ. Մեծ Եղեռնի 80-ամյա տարելիցին Ծիծեռնակաբերդում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ճարտարապետներ`   Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդակագործ`   Ֆ. Առաքելյան):
 
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գործում է որպես գիտահետազոտական կենտրոն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի համակարգում: Խորհրդային իշխանության օրոք, երբ բացարձակապես մերժված ու անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, պարտադրված լռության էր մատնված նաև Հայոց ցեղասպանության հիշատակումն ու զոհերի հիշատակի ոգեկոչումը: 
 
1965թ. ապրիլի 24-ին, երբ բազմաթիվ երկրներում նշվում էր Մեծ Եղեռնի 50-ամյակը, բազմահազարանոց ցույցեր կազմակերպվեցին Երևանում, ինչպես նաև հանրապետության մյուս քաղաքների կենտրոնական հրապարակներում:
 
Ընդառաջելով հանրության պահանջներին`   ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ: Այստեղ անգնահատելի է հատկապես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի կատարած աշխատանքը, ով ջանք չխնայեց Մոսկվային համոզելու դրա անհրաժեշտության մասին: 
 
Մինչև հուշահամալիրի կառուցումը, հայ ժողավուրդը Հայոց ցեղասպանության զոհերին իր հարգանքի տուրքը մատուցում էր`   այցելելով Կոմիտասի անվան պանթեոն, իսկ 1967թ. ի վեր մարդկանց բազմահազարանոց թափորը շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: 
 
1965թ. ապրիլին հայտարարվեց համազգային մրցույթ կոթողի լավագույն նախագծի համար: Հայտարարության մեջ ասվում էր. «Կոթողը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, վերապրելու, առաջադիմելու նրա անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան`   ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915թ. Մեծ Եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակի»: 
 
Մրցույթին մասնակցեցին ինչպես տեղացի, այնպես էլ սփյուռքահայ ճարտարապետների հեղինակած 69 նախագծեր`   («Ժայռ», «Փյունիկ», «Մուշ», «Ղողանջ», «Կրակ», «Կարմիր ծաղիկ» և այլ ծածկագրերով): Ընտրվեց «ՀՍՍՌ Դրոշակ» ծածկագրով նախագիծը, որի հեղինակներն էին ճարտարապետներ`   Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը:
 
Ճարտարապետներից յուրաքանչյուրը պարգևատրվեց 100-ական ռուբլով: Կառույցի վայրն ընտրել էին հեղինակները: Շինարարության ժամանակ բազալտե հիմքի մեջ հայտնաբերվեցին բրոնզեդարյան մշակույթի առարկաներ: Շինարարության ֆինանսավորումը կազմեց 400 հազար ռուբլի, կառուցում էր «Երքիմշինտրեստը », անմիջական ղեկավարն էր շինարար Արտավազդ Օրդուխանյանը: Կոթողի բացումը, որը տեղի ունեցավ 1967թ. նոյեմբերի 29-ին, Խորհրդային Հայաստանի 47-րդ տարեդարձի օրը, վերածվեց քաղաքական, մշակութային խոշոր իրադարձության:
 
Հազարավոր մարդկանց թվում Ծիծեռնակաբերդ`   Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկավարները`   Ա. Քոչինյանը, Ն. Հարությունյանը, Գ. Տեր-Ղազարյանը, Ռ. Խաչատրյանը, Լ. Ղարիբջանյանը: Սգո երթը հուշահամալիր շարունակվեց մինչև ուշ գիշեր: 1967թ. սկսած`   ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հազարավոր մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
 
Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
(genocide-museum.am)

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: