Հանրագիտարան

Հայկական լեռնաշխարհ. վարչական միավորները

Հնագույն սկզբնաղբյուրներում արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Հին Հայաստանի վարչատարածքային միավորների`   «աշխարհների» մասին: Ք.ա. IVդարի կեսերից հանդես է գալիս Մեծ և Փոքր Հայքեր հասկացությունը: Հին Հայաստանի երկու հատվածները դարերի ընթացքում ունեցել են հարափոփոխ սահմաններ, հետևաբար`   նաև տարբեր ընդգրկում:

Փոքր Հայքը նախապես ներառնում էր Արևմտյան Եփրատի վերին ավազանը, նաև Հալիս և Գայլգետերի վերնագավառները: Ք.ա. 331 թ. հետո, երբ վերականգնվեց հայոց անկախությունը, երկու Հայքերի զարգացումն ընթացավ ուրույն, ինքնատիպ ձևով: Որպես ինքնուրույն պետություն՝ Փոքր Հայքը, գոյատևեց մինչև Ք.հ. I, սակայն հետզհետե կորցնելով իր հիմնական տարածքները, վերածվեց նախ Հռոմից կախյալ երկրի, իսկ Ք.հ. 72 թ. դարձավ վերջինիս սովորական նահանգներից մեկը:

Այլ կերպ ընթացավ հայոց պետականության բնօրրանի`   Մեծ Հայքի պատմական ճակատագիրը: Լինելով ազգային պետություն`   այն գոյատևեց նաև հետագա հարյուրամյակների ընթացքում և միավորող կենտրոն դարձավ հայկական երկրամասերի համար: Ըստ հռոմեացի նշանավոր գիտնական Պլինիոս Ավագի (Ք.հ. I դար) տեղեկությունների՝ Արտաշիսյան Հայաստանը բաժանված է եղել 120 «զորավարություն»-գավառների:

Արշակունիների հայոց գահին տիրանալուց հետո (Ք.հ. 66 թ.) տեղի ունեցան երկրի վարչատարածքային կառուցվածքի նոր ձևափոխություններ, որոնց հետևանքով վարչամիավորները խոշորացվեցին, և հանդես եկավ վաղմիջնադարյան «աշխարհների» կամ «նահանգներ» համակարգը: Մեծ Հայքի նահանգների բաժանումն արձանագրվել է դեռ հին աշխարհի խոշոր մտածող Կլավդիոս Պտղոմեոսի (Ք.հ. II դար) «Աշխարհագրություն» հայտնի երկում: Այստեղ հիշվում են 20 նահանգներ, որոնք ընդհանրություն ունեն Ագաթանգեղոսի (V դ.) «Պատմության» տվյալների հետ:

Հետագա տասնամյակները, մասնավորապես՝ IV դարի երկրորդ կեսին տեղ գտած իրադարձությունները, լուրջ փոփոխություններ մտցրին Մեծ Հայքի վարչական կառուցվածքում: Դա է պատճառը, որ «Աշխարհացույց»-ում Մեծ Հայքի նահանգների թիվն արդեն 15 է: Դրանք են՝ Բարձր Հայք կամ Կարնո աշխարհ, Ծոփք կամ Չորրորդ Հայք, Աղձնիք, Տուրուբերան կամ Տարոնո աշխարհ, Մոկք, Կորճայք կամ Կորդվաց աշխարհ, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Ուտիք, Փայտակարան, Գուգարք, Տայք, Այրարատ: Այս նահանգներն ունեցել են ավելի քան 190 գավառ:

Հայոց պատմության մեջ հատկապես մեծ դեր են խաղացել Այրարատը, Վասպուրականը, Տուրուբերանը, Սյունիքը, Արցախը, Գուգարքը, Բարձր Հայքը, Ծոփքը: Գտնվելով միջազգային խոշոր մայրուղիների խաչմերուկում և ունենալով ռազմավարական մեծ նշանակություն`   Հայաստանը մշտապես ենթարկվել է օտար նվաճողների ասպատակություններին:

Դրա հետևանքով երկրի սահմանները եղել են անկայուն, նրա տարածքն անընդհատ կրճատվել է: Ներկայումս հայ ժողովուրդն իր պետականությունը պահպանել է Մեծ Հայքի հյուսիսարևելյան 1/10 մասում`   հանձինս ՀՀ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ), որոնք ընդգրկում են Այրարատ, Սյունիք, Գուգարք, Ուտիք և Արցախ նահանգների առանձին հատվածները:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: