Հանրագիտարան

Հայկական լեռնաշխարհի ջրային ռեսուրսները. լճեր

Լեռնաշխարհի տարածքում հանդիպում են բազմաթիվ լճեր և լճակներ: Առավել խոշորներն ենԿապուտան (Ուրմիո), Վանա և Սևանա լճերը: Ուրմիո լիճն ընկած է Իրանական բարձրավանդակի սահմանագլխին: Մակերեսով Կապուտանը նշված երեք լճերից ամենամեծն է (շուրջ 5900 քառ. կմ), անհոսք փակ ավազան է և ունի աղի ջուր, որի պատճառով այստեղ ոչ մի ձկնատեսակ չի բազմանում:

Գոլորշիացման բարձր աստիճանի պատճառով լճի հայելին անընդհատ կրճատվում է: Կապուտանի ափամերձ գոտին ունի աղի հաստ շերտ: Լիճ են թափվում մի շարք գետեր, որոնցից են Սալմաստը, Ուրմիան, Արասխը և այլն: Վանա լիճը հայտնի է նաև Բզնունյաց, Տոսպա, Ռշտունյաց անուններով: Տարածքով երկրորդն է Հայկական լեռնաշխարհում (շուրջ 3800 քառ. կմ), անհոսք լիճ է`   խիստ աղի ջրով:

Լճի մակարդակը մշտապես տատանվում է`   մերթ իջնելով, մերթ բարձրանալով: Այսպես, 1841թ. ջրի խիստ բարձրացման հետևանքով լիճը ծածկել է հնագույն Արճեշ քաղաքը: Աղթամար ավանը նույնպես ջրասույզ է եղել: Այդ է պատճառը, որ «Աշխարհացույցում» հիշատակվող յոթ կղզիներից մեր օրերում մնացել են միայն Աղթամարը, Արտերը, Կտուցը և Լիմը, որոնցից ամենանշանավորը Աղթամարն է`   Ս. Խաչ հոյակապ վանքով: Լճում բազմանում է միայն մեկ ձկնատեսակ`  տառեխը:

Վանա լիճը կազմում է փակ ավազան`   իր մեջ ընդունելով այլևայլ գետեր և գետակներ: Վանա լճի ավազանը հայկական պետականության հնագույն բնօրրան է: Միաժամանակ այն տնտեսական և մշակութային խոշոր նշանակություն ունեցող շրջան է: Լճի ափերին կառուցվել են բազմաթիվ բնակավայրեր`   Վանը, Արճեշը, Արծկեն, Խլաթը, Դատվանը, Ոստանը և այլն: Սևանա լիճը, որը հնում կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, ունի քաղցրահամ ջուր և հարուստ է բազմապիսի ձկնատեսակներով (իշխան, կողակ, բախտակ, ինչպես նաև վերջին տասնամյակներին այստեղ բերված սիգ):

Այստեղ է գտնվում նշանավոր Սևանա վանքը (Սևանի անապատ)`   Ս. Աստվածածին և Ս. Առաքելոց եկեղեցիներով: Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ, որոնցից առավել հայտնի են Ձկնագետը, Գավառագետը, Վարդենիսը, Մասրիկը: Դեռ ուրարտական ժամանակներում կառուցված հատուկ ջրանցքով Սևանից սկիզբ է առնում Հրազդանը: Վերոհիշյալ լճերից բացի լեռնաշխարհի տարբեր շրջաններում հանդիպում են բազմաթիվ մանր լճակներ (մասամբ`   աղի), որոնցից հատնի ենԱրճակը, Գայլատուն, Ծովքը, Նազիկը, Արփան, Փարվանան և այլն:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: