Հանրագիտարան

Հայկական լեռնաշխարհի լեռնաշղթաները և բարձրությունները (մաս 1)

Հայկական լեռնաշխարհի մակերևույթը կտրտված է տարբեր ուղղություններով ձգվող լեռնաշղթաներով և լեռնաբազուկներով, որոնց միջև տարածվում են երկրագործության համար բարենպաստ պայմաններ ունեցող գոգավորություններ և սարահարթեր, որոնք հայկական սկզբնաղբյուրներում կոչվում են «դաշտեր»:

Լեռնաշխարհն ունի ծովի մակարդակից 1500-1800մ միջին բարձրություն, որով զգալիորեն գերազանցում է թե´ հարևան Իրանական սարահարթին, թե´ Անատոլիական բարձրավանդակին: Լեռնաշխարհի կենտրոնով արևելքից արևմուտք ձգվում է Հայկական պար լեռնաշղթան:

Վերջինիս արևելյան ծայրամասում վեր է խոյանում Արարատ (Մասիս) հանգած հրաբխային լեռնազանգվածն իր երկու գագաթներով, որոնցից մեկը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է (5165 մ) և հայկական աղբյուներում կոչվում է Ազատ Մասիս, որը «Սարդարի աղբյուր» անունը կրող թամքոցով միանում է Սիս կամ Փոքր Արարատ լեռնագագաթին (3925 մ):

Հայկական պարի արևելյան եզրամասից հարավային ուղղությամբ տարածվում է Վասպուրականի լեռնաշղթան, որի բնական շարունակությունը Զագրոսի լեռնաշղթան է: Հայկական բարձրավանդակն ունի բազմաթիվ լեռնաշղթաներ:

Վասպուրականի լեռնաշղթայից արևմուտք տարածվում է Ծաղկանց գեղատեսիլ լեռնաշղթան, որի ծայրամասում բարձրանում է Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբխային լեռը`   Թոնդրակը (3542 մ):  Առ այսօր նրա շուրջ 600 մ խորությամբ խառնարանից դեռ ժայթքում են բարձր ջերմությամբ ջրային գոլորշիներ և ծծմբային գազեր: 

 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: