Հանրագիտարան

Տիգրան Համասյան

1987 թվականի այս օրը Գյումրիում ծնվել է ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը: Երկու տարեկան հասակից նա սկսել է հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության հանդեպ: Յոթ տարեկանում առավել ընդգծված է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ։ Ծնողները, տեսնելով երեխայի սերը երաժշտության հանդեպ, 1997 թ.-ին տեղափոխվում են Երևան, որպեսզի Տիգրանն սկսի լրջորեն զբաղվել ջազով: Տիգրան Համասյանն իր կրթությունը շարունկում է Ամերիկայում:
2000թ.-ին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի ժամանակ Տիգրանի կատարումը լսեց ֆրանսիացի ջազային դաշնակահար, փառատոնների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանը: Նա այնքան տպավորված էր տաղանդավոր պատանու նվագից, որ հաջորդ տարի նրան հրավիրեց Ֆրանսիա`   մեծահասակների մի քանի փառատոնների մասնակցելու:
 
Ֆրանսիայում Տիգրանի ունեցած ելույթներն ունկնդրեցին ժամանակակից ջազի աստղեր Ուեյն Շորտերը, Հերբի Հենկոկը, Ջոն ՄաքԼաֆլինը, Ջո Զավինուլը և ուրիշներ: Իսկ ֆրանսիական ջազի հսկա Դանիել Հյումերի հետ տղան նույնիսկ ելույթ ունեցավ պաշտոնական համերգներում:
 
«Ոսկե անձրևի» պես նրա վրա տեղացին միջազգային խոշորագույն փառատոններում տարած հաղթանակներն ու հեղինակավոր մրցանակները`   2003թ.-ին երրորդ տեղ գրավեց Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում:
 
Տիգրանն առաջին մրցանակ ստացավ  "Jazz a Juan Revelations-2003" և "Montreux Jazz Solo Piano Competition-2003" մրցույթներում, 2005թ.-ին  երրորդ մրցանակ ստացավ Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում:
 
Առաջին ալբոմը ձայնագրվեց Լոս Անջելեսում: Ալբոմը 2006թ.-ին  գարնանը թողարկեց ֆրանսիական "Nocturne Records" ձայնագրման ընկերությունը: Տիգրան Համասյանի հետ նվագում էին սաքսոֆոնահար Բեն Ուենդելը, բաս-կիթառահար Ֆրանսուա Մոտենը, թմբկահար Արի Հենինգը և դուդուկահար Ռուբեն Հայրապետյանը:
 
2009թ.-ին Տիգրանը պաշտոնական համերգներով այցելեց Երևան: Նա դուետով ներկայացավ դուդահար և վոկալիստ Դաֆեր Յուսեֆի հետ: Այսօր Տիգրանը նվագում է, ելույթներ ունենում իր խմբի և ջազի աստղերի հետ, ստեղծագործում է, հանդես է գալիս մենահամերգներով և մասնակցում աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող փառատոններին: Տիգրան Համասյանի թողարկած ալբոմներից են "World Passion"-ը, "New Era"-ն ևն:
 
Աղբյուրը՝ Armenianjazz.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: