Հանրագիտարան

Կույրերը

«Կույրերը» ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի 1568 թվականի գեղանկարն է։ Նկարված է յուղաներկով՝ փայտի վրա։ Հայտնի է նաև «Կույրերի առակը» և «Կույրը առաջնորդում է կույրին» անուններով։
Բրեյգելի գլուխգործոցներից մեկը Ավետարանի հայտնի առակի պատկերազարդումն է կույրերի մասին, որտեղ ասվում է. «Թողեք նրանց, նրանք կույրեր են։ Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կնկնեն»։ Նկարում պատկերված են վեց կույրեր՝ շարքով առաջ շարժվելիս։ Առաջինը ընկնում է փոսը, երկրորդը ընկնում է նրա վրա։ Հաջորդ երկուսը նույնպես ուր որ է ընկնելու են, իսկ հինգերորդը ու վեցերորդը, թեև նրանց նույն բախտն է վիճակված, առայժմ անտեղյակ առաջ են շարժվում։
 
Ուղևորներից մեկի համրիչը և մյուսի կրծքին կախված խաչը խորհրդանշում են կաթոլիկ եկեղեցին, որոնք նրանց ըստ նկարչի չեն ազատի կեղտոտ ջրանցքի մեջ ընկնելուց։ Կույրերը շարժվում են դեպի եկեղեցի։ Եկեղեցին իր մեջ պարունակում է փրկության ճանապարը, սակայն կույրերը չեն տեսնում այդ ճանապարհը, գնում են դեպի կեղտոտ ջրանցքը։ Լայնեզր գլխարկը, գավազանը և քսակը ուխտագնացի պարտադիր ատրիբուդներ են։ Աջ կողմում պատկերված է ջնարը, այս պարագայում ջնարը բացի իր ուղղակի իմաստից, ակնհայտ լյութերականության նշանն է ժամանակակցի համար։
 
Կտավում կերպարներից յուրաքանչյուրն օժտված է ինքնատիպ բնավորությամբ, նրանք տարբեր են, սակայն միևնույն ժամանակ հավաքական է, միակի, քանի որ նրանց ամբողջացնում է մեկ ընդհանուր արատը`   կուրությունը: Կոմպոզիցիայի ցանկացած հատված սերտորեն կապված է մեկը մյուսի հետ: Ֆիգուրները կապված են ձեռքերի միջոցով: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում գետնին ընկած կույրը, ով ասես հանդիսանում է նկարի բանալին: Հիսուսի ասած խոսքերը, որոնք դարձել են նկարի ստեղծման դրդապատճառ, ունեն փոխաբերական իմաստ: Նա ի նկատի ունի հոգևոր կուրությունը. ըստ Աստվածաշնչի`   կույր են այն մարդիկ, ովքեր չեն հավատում Հիսուսին և նրանց «տեսնող, առողջ» առաջնորդ է պետք, ով տանելու է մարդկությանը դեպի հավատ: Այս հանգամանքը ևս տեղ է գտել «Կույրերը կտավում»:
 
Բրեյգելը նկարի հետին պլանում եկեղեցի է նկարել, որը համարվում է հոգով կույրերի միակ հանգստության վայրը: Սակայն եկեղեցի մտնելու համար պետք է հոգով մաքուր ու հավատացյալ լինել, իսկ Բրեյգելի մոտ բոլորը կույր են, և եթե նրանցից առաջինը սայթաքի, կսայթաքեն մյուսները ևս, քանի որ կույրերին կույր է առաջնորդում: Ֆիգուրները`   կամ որ նույնն է ողջ մարդկությունը /ըստ Բրեյգելի/ ունեն փրկության ճանապարհ, որը հավատն է, մինչդեռ նրանք գնում են դեպի անդունդը`   կործանում: Պատկերված եկեղեցին այժմ գործում է:
 
Աղբյուրներ՝ http://hy.wikipedia.org, http://armday.com/
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: