Հանրագիտարան

Կնքվեց Տիլզիտի հաշտությունը

Տիլզիտի հաշտության պայմանագրերը կնքվել են Ֆրանսիայի և Ռուսաստանի, Ֆրանսիայի և Պրուսիայի միջև: Կնքվել են Տիլզիտում (այժմ`   ք. Սովետսկ, Կալինինգրադի մարզ) հուլիսի 7-ին (հունիսի 25) և հուլիսի 9-ին, 1806-1807թթ.-ի պատերազմում 4-րդ կոալիցիայի (Ռուսաստան, Պրուսիա) դեմ նապոլեոնյան Ֆրանսիայից տարած հաղթանակից հետո։
Ֆրանս-պրուսական պայմանագրով Պրուսիան կորցնում էր իր տարածքի և բնակչության գրեթե կեսը։ Էլբա գետի ձախափնյա հողերն անցնում էին նորաստեղծ Վեստֆալյան թագավորությանը, Կոտբուսի շրջանը`   Սաքսոնիային, Դանցինգը (Գդանսկ) հայտարարվում էր ազատ քաղաք։
 
Պրուսիայից անջատված լեհական Բելոստոկի ոչ մեծ շրջանը տրվում էր Ռուսաստանին, Պրուսիայից վերցված լեհական հողերից (Պոզնանի և Վարշավայի մարզերից) ստեղծվում էր Վարշավայի դքսությունը (անձնական ունիայով կապվում էր Սաքսոնիայի հետ)։
 
Ալեքսանդր I-ը ճանաչում էր Նապոլեոն Բոնապարտի կատարած փոփոխությունները Եվրոպայում, խոստանում էր միջնորդ հանդես գալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև, պարտավորվում զինադադար կնքել Թուրքիայի հետ և իր զորքերը դուրս բերել Վալխավիայից և Մոլդովայից, ճանաչել Ֆրանսիայի գերիշխանությունը Հոնիական կղզիներում և Կատտարո ծովախորշում։
 
Նապոլեոնը համաձայնում էր վերականգնել Օլդենբուրգ, Մեկլենբուրգ-Շվերին, Սաքսեն-Կոբուրգ դքսությունները և դրամական օժանդակություն տալ որոշ գերմանական իշխանների։ Միաժամանակ ստորագրված գաղտնի դաշնագրով Ռուսաստանը և Ֆրանսիան պարտավորվում էին համատեղ պատերազմ մղել ցանկացած տերության դեմ։
 
Ռուսաստանի միջնորդությունից Անգլիայի հրաժարվելու, ինչպես նաև նրա կողմից ծովերի ազատության սկզբունքը խախտելու և Ֆրանսիայից զավթած գաղութները չվերադարձնելու դեպքում Ռուսաստանը պարտավորվում էր խզել դիվանագիտական հարաբերություններն Անգլիայի հետ և փաստորեն միանալ Ցամաքային բլոկադային։
 
Ֆրանսիայի միջնորդությունից Թուրքիայի հրաժարվելու դեպքում Նապոլեոնը խոստանում էր պատերազմի մեջ մտնել Թուրքիայի դեմ և բաժանել նրա եվրոպական տիրույթները։ Միաժամանակ Նապոլեոնն իր պատրաստակամությունն էր հայտնում աջակցել Ռուսաստանին Շվեդիայի դեմ պայքարում։
 
Ֆրանս-պրուսական պայմանագրով Պրուսիան տարածքային զիջումներից բացի, պարտավորվում էր կրճատել բանակը մինչև 40 հազար մարդով, վճարել 100 միլիոն ֆրանկ ռազմատուգանք և միանալ Ցամաքային բլոկադային։
 
Տիլզիտի հաշտությունը չվերացրեց ռուս-ֆրանսիական սուր հակասությունները, որոնք հանգեցրին 1812թ.-ի պատերազմին: Վերջինի բռնկումով էլ Տիլզիտի հաշտությունը կորցրեց իր ուժը։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: