Հանրագիտարան

Տիգրան Վարդանի Մարտիրոսյան

Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը հայ ծանրամարտիկ է։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009)։ Հայաստանի բազմակի, Եվրոպայի (2008) չեմպիոն, աշխարհի առաջնության (2006) և օլիմպիական խաղերի (2008) մեդալակիր։
Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը ծանրամարտով սկսել է զբաղվել 1995 թ. Վահան Բիչախչյանի գլխավորությամբ։ Արդեն 1997-ին նա դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն, իսկ 1998 և 1999 թվականներին կրկնել է այդ հաջողությունը։
 
2001 և 2003 թվականներին նվաճել է Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնությունների մեդալներ։ Դրանից հետո սկսել է հանդես գալ մեծահասակների մրցումներում։
 
Եղել է 2004 թ. Աթենքի օլիմպիական խաղերի մասնակից`   զբաղեցնելով 7-րդ տեղը։
 
2006 թ. դարձել է Սանտո Դոմինգոյում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2007 թ. Ստրասբուրգի Եվրոպայի առաջնությունից առաջ ստացել է ծանր վնասվածք, որը նրան թույլ չի տվել մասնակցել այդ առաջնությանը և ինչպես հարկն է նախապատրաստվել աշխարհի հաջորդ առաջնությանը, որտեղ նա զբաղեցրել է միայն 10-րդ տեղը։
 
2008 թ. Մարտիրոսյանը դարձել է Իտալիայի Լինյանո քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հաղթող և բրոնզե մեդալ է նվաճել Պեկինի օլիմպիական խաղերում։ Եվրոպայի առաջնությունում տարած իր հաղթանակը նա նվիրել է Խաչատուր Քափանակցյանի`   ծանրամարտի Հայաստանի հավաքականի`   ավտովթարում զոհված մարզիչներից մեկի հիշատակին։
 
2009 թ. Հարավային Կորեայի Կոյան քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում Տիգրանը պոկում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ, սակայն մեջքի հատվածում ցավերի պատճառով չի մասնակցել հրում վարժությանը։
 
2010 թ. սեպտեմբերին Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությունում անհաջող հանդես գալու պատճառով նա և մեկ այլ ծանրամարտիկ`   Գևորգ Դավթյանը, դուրս մնացին Հայաստանի հավաքականի կազմից։ Նրանք, ստանալով զրո, չկարողացան օլիմպիական վարկանիշային միավոր բերել Հայաստանին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: