Հանրագիտարան

Խորհրդավոր ընթրիք

«Խորհրդավոր ընթրիք»-ը ուշ XV դարի որմնանկար է, որ Լեոնարդո դա Վինչին նկարել է Սանտա Մարիա դելլե Գրացիեյի վանքի սեղանատան պատին։ Գործը սկսել է մոտավորապես 1495 թվականին։ Նկարի բարձրությունը 460 սմ է, լայնությունը՝ 880 սմ։

Ամբողջ 1496 թվականն անցավ կոմպոզիցիայի որոնումներով։ Հարկավոր էր չափել պատը և մտքով նրա վրա տեսնել ամբողջ կոմպոզիցիան։ Լեոնարդոն սկզբում որոշեց տալ շարժումով լեցուն մի տեսարան։ Ցանկանում էր Հուդային միայնակ հակառակ կանգնեցնել սեղանին, մյուս առաքյալներին և Քրիստոսին։ Հետո ցանկանում էր լուսապսակներ դնել բոլոր առաքյալների գլխներին, բացի Հուդայից։ Բայց վերջում հակվեց դեպի ավելի հանգիստ տարբերակը։ Լեոնարդոյի նախորդների համար «Խորհրդավոր ընթրիքը» բազմիցս խոշոր, մոնումենտալ որմնանկարների սյուժե է ծառայել։ Այդ թեմայով նկարել են Ջոտտոն, Կաստանյոն, Գիրլանդայոն։ Լեոնարդոն, անկասկած, ծանոթ էր նրանց նկարներին։ Բայց ոչ նրանք, ոչ էլ ընդհանրապես իտալական նկարիչների որևէ գործ նրան էական նշանակություն ունեցող հենակետ չտվեց։ Նրա նկարն ամբողջովին նոր էր և ամբողջովին իրեն էր պատկանում։ Նրա ստեղծագործության մեջ դա գագաթ էր, իսկ իտալական նկարչության զարգացման մեջ՝ ամենակարևորահույն փուլերից մեկը։ Իզու չէ, որ «Խորհրդավոր ընթրիքից» հետո Լեոնարդոյի փառքը, որպես նկարչի, թնդում էր ամբողջ Իտալիայում։ Այն բոլորը, ինչ խաղաղ միայնության մեջ խորհել էր Լեոնարդոն, իր արտացոլումը գտավ այդ նկարում։ Այն բոլորը, ինչ նախկինում նկարել էր, դրա մեջ գտավ իր ավարտվածությունը։ Խնդիրները, որոնք ինքնամոռաց աշխատանքի ընթացքում նա դրել էր իր առջև, շատ բազմազան էին։ Նա նոր կոմպոզիցիոն բանաձևեր էր որոնում, աշխատում էր կոլորիստական խնդիրների ու նրբագույն լուսաստվերի, խաղի լուծման վրա, ձգտում էր տալ այնպիսի կերպարներ, շարժումներ ու դեմքեր, որոնք բացահայտեցին մարդու ներաշխարհը։ Թեման բավականին ավանդական էր սեղանատան համար, չնայած Լեոնարդոյի նկարելու ժամանակ այն դեռևս սեղանատուն չէր։ Լեոնարդոյի նկարում պատկերված է այն պահը, երբ Հիսուս Քրիստոսն առաքյալների հետ ընթրիքի ժամանակ ասում է, որ նրանցից մեկը իրեն կմատնի։ Ուսուցչի խոսքերը վիթխարի տպավորություն են գործում, և 12 առաքյալներից ամեն մեկն ըստ իր բնավորության է արձագանքում, տարբեր աստիճանների բարկությամբ ու զարմանքով։ Առաքյալների դեմքերը հստակորեն որոշվել են, երբ XIX դարում գտնվել է Լեոնարդո դա Վինչիի ձեռագիրը։ Ֆիգուրները դինամիկ են, լի շարժումով, բայց այդ շարժումը զուսպ է, ավելի ներքին է, քան արտաքին։ Դիտողը դա զգում է առաջին իսկ հայացքից, բայց երբ խորանում է իր տպավորության մեջ, զարմանքով նկատում է, որ նկարիչը այդ էֆեկտին բացառիկ ժլատ միջոցներով է հասել։ Տեսարանում չկա իրարանցում, չկա ոչ մի չափազանցված կեցվածք, չկան ճչալու պատրաստ բաց բերաններ, չռված աչքեր, վեր բարձրացած ձեռքեր։ Բայց շարժումը շատ-շատ է։ Այդ տպավորությանը Լեոնարդոն հասել է նկարի կոմպոզիցիայով։ Խորը սենյակը լուսավորված է առջևից, դիտողի կողմից։ Երկար ու նեղ սեղան՝ վրան ամանեղեն։ Սեղանը ծածկված է նախշազարդ սփռոցով, երևում է, որ առաջին անգամ է օգտագործվում՝ նկատելի են բոլոր ծալքերը։ Սեղանի մոտ նստած են 13 մարդ՝ երկուսը ծայրերին՝ կիսադեմով, մնացածները դեմքով դեպի դիտողը։

Մեջտեղում՝ մնացածներից անջատ, պատուհանից թափանցող լույսի ֆոնին Քրիստոսն է։ Երկու կողմերն առաքյալներն են։ Քրիստոսը հենց նոր արտասանել է դավաճանության մասին խոսքերը։ Դեմքին մեղմ, հեզ թախիծ կա։ Աչքերը խոնարհված են։ Աջ ձեռքը դեռ թրթռում է զսպված շարժումից, ձախը՝ մի տեսակ անուժ, ափը վեր, ընկած է սեղանին։ Աշակերտները լսածից ընկճված են։ Ինչպե՞ս կարելի էր ուժեղացնել այդ ընկճվածության տպավորությունը։ Լեոնարդոն ամեն ինչ հաշվել է։ Ծայրի երկու ֆիգուրները բոլորովին ձիգ են, մնացածները՝ տարբեր թեքվածությամբ։ Բոլորը միասին բաժանված են 4 խմբի՝ յուրաքանչյուրում 3 մարդ։ Քրիստոսին մոտիկ երկու խմբերն ավելի սերտ են՝ եռանկյունու մեջ, երկու հեռավորներն ավելի ազատ են՝ քառանկյան շրջագծում։ Բարդուղիմեոսը, Հակոբոս Ալփյանը և Անդրեասը ձևավորում են առաջին խումբը։ Նրանք երեքն էլ զարմացած են։ Հուդան, Պետրոսը և Հովհաննեսը մյուս եռյակն են։ Հուդան հագել է կանաչ և կապույտ և ստվերում է՝ զարմանքից ետ քաշված իր պլանի հանկարծակի բացահայտումից։ Նրան՝ դավաճանին, Լեոնարդոն դիտմամբ լույսի ակունքին թիկունքով է նստեցրել, և նրա դեմքը մութ է ստացվել։ Նա իր ձեռքին մի փոքրիկ պայուսակ ունի, որ հավանաբար այն արծաթն է, որի դիմաց նա մատնեց Քրիստոսին, կամ էլ ցույց է տալիս, որ 12 առաքյալների միջից նա է եղել գանձապահը։ Նա նաև հպվում է աղամանին։ Սա հավանաբար կապված է արևելյան մի արտահայտության հետ՝ «Աղը դավաճանել», ինչը նշանակում է Տիրոջը դավաճանել։ Հուդան միակ աշակերտն է, որ արմունկով հենված է սեղանին և նաև հորիզոնական ուղղությամբ նրա գլուխը բոլորից ցածր է։ Պետրոսը բարկացած տեսք ունի և մի դանակ է պահում ձեռքին, որն ուղղված է Քրիստոսին հակառակ, ինչը, հավանաբար, ցույց է տալիս նրա բարկությունը՝ Քրիստոսին Գեթսեմանում ձերբակալելու համար։ Ամենաերիտասարդ առաքյալը՝ Հովհաննեսը, կարծես ուշագնաց լինի։ Առաքյալներ Թովմասը, Հակոբոսը և Փիլիպոսը մյուս եռյակն են։ Թովմասը բացահայտ կերպով տխուր է, Հակոբոսն ապշած է՝ ձեռքերը օդում։ Մինչդեռ Փիլիպոսը կարծես ինչ-որ բացատրություն է հարցնում։ Մատթեոսը, Թադեոսը և Սիմոն Կանանացին վերջին եռյակն են կազմում։ Ե´վ Մատթեոսը, և´ Թադեոսը շրջված են Սիմոնի կողմը՝ հավանաբար որպեսզի պարզեն իրենց մի քանի հարցերի պատասխանները։ Շարժման տպավորությունը ստեղծվում է խմբերի այդ զարմանահրաշ բաժանումով ու յուրաքանչյուր խմբում դեմքերի, մարմինների, ձեռքերի խաղով։ Լույսն ընկնում է ինչ-որ տեղից՝ վերևից ու ձախից, և բոլոր դեմքերը լուսավորված են՝ ինչպես վերը նշվեց, բացառությամբ Հուդայի։ Նկարը վիթխարի ուժ ունի, և մենք հասկանում ենք, թե ինչու Լեոնարդոն այդքան երկար ու այդպիսի համառությամբ որոնում էր գեղանկարչական բազմաթիվ խնդիրների լուծումը, խնդիրներ, որոնք իրականացվել են այդ նկարում։ Այն բոլորը, ինչ խմորվում էր նրա գիտակցության մեջ, երբ նկարում էր «Մոգերի երկրպագությունն» ու «Աստվածամայրը քարանձավումը», այժմ հասունացել էր, և նա իր մեջ ուժ գտավ ավարտելու այդ նկարը։ Ճիշտէ, նրա համար դա այնքան էլ հեշտ չէր։ «Խորհրդավոր ընթրիքը» ինչ-որ մի շրջափուլ է ավարտում Լեոնարդոյի գիտական որոնումների մեջ, որոնք հարստացրին արվեստագետի նկարչահնարքները։

Գիտական մեթոդներով չզինված նկարիչը երբեք չէր կարողանա այդպես լուծել նկարի կոմպոզիցիոն խնդիրը։ Լեոնարդոյի ստեղծագործության հետ համեմատած՝ Կաստանյոյի և Գիրլանդայոյի նկարները մանկական թոթովանք են։ Այդ նկարիչները չեն կարողացել ո´չ նստեցնել իրենց 13 կերպարանքները, ո´չ համապատասխան դիրքեր տալ նրանց մարմինների ու դեմքերի արտահայտությանը, ո´չ էլ անհրաժեշտ շրջանակ են ստեղծել։ Նրանք հրապուրված են ճաշասեղանի մանրամասները ստույգ պատկերելու մտքով, նրանով, որ ամեն մեկի առջև սպասք լինի, որ սափորներում բավական գինի լինի, իսկ սեղանին՝ հաց, իսկ այն լարված դրամատիզմը, որը «Խորհրդավոր ընթրիքի» սյուժեի բուն խնդիրն է, չեն կարողացել հաղորդել։ Լեոնարդոն բոլորովին էլ չի մտածում մանրամասերի լուսանկարչական ճշգրտության մասին։ Քննադատները հաշվել են սեղանի վրայի սպասքի ու բաժակների թիվը և գտել, որ դրանք բոլորին չեն բավարարում։ Դրա փոխարեն խտացված դինամիկայի ու դրամատիզմի տպավորությունը ցնցող է, և դա Լեոնարդոյին հաջողվել է շնորհիվ իր գիտական հետազոտությունների։ «Խորհրդավոր ընթրիքը» ավարտվեց 1498 թվականի փետրվարի սկզբին։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: