Առողջապահություն

Արդյո՞ք մանրէները մանուկ հասակում ամրացնում են իմունիտետը

Մանուկ հասակում երեխաներին մանրէներին ընտելացնելը կարող է բարձրացնել իմունիտետը և չափահաս տարիքում պաշտպանել օրգանիզմը վնասակար ալերգիաներից: Ալերգիայի սկզբնական ազդեցության ժամկետը կարող է մեծ նշանակություն ունենալ, քանի որ երեք տարեկանից ցածր երեխաների 50%-ը տառապում է շնչառական հիվանդություններով, ինչն ամբուլատոր այցելությունների և հոսպիտալացումների հիմնական պատճառն է։
Դրա համար շատ կարևոր է գնահատել ռիսկի գործոնները, որոնք նպաստում են ալերգիկ և շնչառական զգայունության զարգացումներին բուժման նոր մեթոդներ մշակելու համար։ Ջոնս Հոփկինսի հիվանդանոցի մանկական կենտրոնի ալերգիայի և իմունոլոգիայի բաժանմունքի ղեկավար դոկտոր Ռոբերտ Վուդը և իր գործընկերներն ասել են, որ ժամանակակից հասարակության մաքրության մոլուցքը խանգարում է իրենց շփվել մանրէների հետ, որը կարող էր նպաստել իմունային համակարգի բնականոն աշխատանքին։
 
Քաղաքային միջավայրում հիվանդությունների տարածվածությանն առնչվող ընդհանուր բնապահպանական գործոնները հետազոտելու համար Ջոնս Հոփկինսի հիվանդանոցի մանկական կենտրոնի և այլ հաստատությունների գիտնականներ երեք տարի ուսումնասիրել են Բալթիմորում, Բոսթոնում, Նյու Յորքում և Սենտ Լուիսում ապրող, ասթմայի առաջացման բարձր հավանականություն ունեցող 450 երեխայի շրջանում անցկացված "Urban Environment and Childhood Asthma" հետազոտության տվյալները։
 
Բոլոր մասնակիցները բնակվել են մի վայրում, որտեղ բնակիչների 20 տոկոսն ապրում է բավականին հարմարավետ պայմաններում, և նրանց բոլորի կամ հայրիկի կամ մայրիկի մոտ եղել է ռինիտ, էկզեմա կամ ասթմա։ Ամեն տարի չափվել են ալերգենահատուկ իմունոգլոբուլինները կաթի, ձվի, ընկույզի և խավարասերների հանդեպ, երկու և երեք տարի անց՝ փոշեհատիկների, շների, կատուների, մկների և տարբեր սնկային ալերգիաների նկատմամբ։
 
Արդյունքները ցույց են տվել, որ կյանքի առաջին տարում մկների, կատվի մազի և խավարասերների միջավայրում մեծացած երեխաները 3 տարեկանից հետո ավելի քիչ են հիվանդանում ալերգիայի տարածված հիվանդություններով, քան ալերգիաների ազդեցությանը չընտելացած և չենթարկված երեխաները։
 
Հետազոտողներն ապշել են, որ իրենց կյանքի առաջին օրերից մանրէների հետ շփված երեխաները չեն տառապում ասթմայով և ալերգիաներով, ավելին՝ դա անգամ նրանց համար օգտակար է։ «Այս ամենը մեզ հուշում է, որ մեր իմունային շատ պատասխաններ ձևավորվում են հենց մեր կյանքի առաջին իսկ օրերին, իսկ որոշ մանրէներ և ալրեգեններ կարևոր դեր են խաղում մեր իմունային համակարգը մարզելու գործում»,-ասել է Վուդը։
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: