Հանրագիտարան

Ս. Եպիփան Կիպրացու, Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների հիշատակի օր

Ս. Եպիփան Կիպրացին (315-403թթ.) Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է: Նրա հիշատակը Հայ եկեղեցում նշվում է որպես տասներկու վարդապետներից մեկը:
Ս. Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակվել է իր աղքատասիրությամբ, անապական կյանքով և բազմաթիվ գրվածքներով: Կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ, Եգիպտոսում`   ընդդեմ գնոստիկության, Հռոմում`   ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների:
 
Մշտապես պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու Նիկիո հանգանակը: 367 թվականի եպիսկոպոսաց ժողովում ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ: Նա հարուստ մատենագիտական ժառանգություն է թողել: Հեղինակ է աստվածաշնչյան մեկնությունների, դավանաբանական երկերի, ճառերի, աղանդների հերքումների, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է հայերեն: 
 
Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Ս. Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ.), ով հռչակվել էր իր նվիրումով և սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրն Անտիոք այցի ժամանակ, կուռքերին զոհ մատուցելուց հետո ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի և պղծել այն: Սակայն Ս. Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գալով կայսրին՝ արգելում է նրա մուտքը տաճար:
 
Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին և չարչարանքների ենթարկելով՝ պարտադրում նրան զոհ մատուցել կուռքերին: Այս ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք աշակերտները, ում կայսրը ևս բանտարկում է և չարչարանքների ենթարկում: Սակայն կայսեր ջանքերն ապարդյուն էին, քանզի չորսն էլ հավատարիմ էին միակ և ճշմարիտ Աստծուն: Ի վերջո, հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է և նահատակվում:
 
Աղբյուրը՝ www.qahana.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: