Հանրագիտարան

Սերժ Սարգսյան

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանը: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում, որտեղ աշխատել է մինչև 1979 թվականը:
1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական:
 
1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
 
1995-1996 թվականներին եղել է ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա ազգային անվտանգության նախարար, 1996-1999 թվականներին`   ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար:
 
1999 թվականին եղել է ՀՀ ազգային անվտանգության նախարար, 1999-2000 թվականներին`   ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007 թվականներին`   ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
 
2000-2007 թվականներին պաշտոնավարել է որպես ՀՀ պաշտպանության նախարար: 2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ`   գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը:
 
2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:
 
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչև 2007 թվականի նոյեմբերը`   կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ:
 
Երևանի պետական համալսարանի խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ստացել է Արցախի հերոսի կոչում, «Ոսկե արծիվ» շքանշան, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններ, պետական այլ պարգևներ:
 
Ամուսնացել է 1983 թվականին: Կինը`   Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում`   զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է: Ունի երկու դուստր`   Անուշն ու Սաթենիկը և թոռնիկներ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: