Վատ ընկերներն ապականում են լավ բարքերը (Ա Կորնթ. ԺԵ 33): Պողոս առաքյալի այս խոսքերը գործնական դաստիարակության սկբունք են, որ երբեք չեն կորցնում իրենց արժեքն ու նշանակությունը:
Որպես հասարակության անդամ մենք միշտ բաց ենք` տալու և ստանալու, սակայն նկատի ունենալով մարդու բնույթը` Ս. Գիրքը պատվիրում է ուշադիր և զգոն լինել նաև լսելիս, ընդօրինակելիս, որովհետև արմատացած չարը, վատը չի ուշանում պտղաբերել` մեկի դիմաց` երեսուն, մեկի դիմաց` վաթսուն և մեկի դիմաց` հարյուր (հմմտ. Մարկ. Դ 20) սկզբունքով: Ուստի անհրաժեշտ է քրիստոնեական արժեքների համոզված կրող լինել` որպես «աշխարհի լույսը» (Մատթ. Ե 14)` տիրավանդ պատգամով կարողանալու համար ազդել ու սրբել անգամ վատ ընկերների հասարակությունը:
Գաղտնիք չէ, որ մարդն իբրև անհատ և հասարակության անդամ ձևավորվել սկսում է վաղ մանկությունից, ուստի շատ կարևոր է անձի դաստիարակությամբ զբաղվել սկսել հնարավորիս կանուխ` մայրական կաթի հետ նրան փոխանցելով արժեհամակարգ, որի վրա պիտի կառուցվի նրա հետագա ամբողջ կյանքը: Զուր չէ, որ ինչպես ավանդական մյուս, այնպես էլ Հայ Եկեղեցում ընդունված է մանկամկրտությունը. հենվելով հինկտակարանյան օրենքի վրա` 8 օրական երեխային մկրտում ենք` նրան այդ հասակից արդեն Աստծո շնորհին ու առաջնորդությանը հանձնելով, մեծացնելով մեր Եկեղեցու վարդապետությամբ և նրան սնելով մեր հայրերի մաքրազտած (ֆիլտրած) հոգևոր անաղարտ կաթով: Չպիտի մոռանանք, որ ամեն ինչ խարսխվում է բարենպաստ նախադրյալների վրա, որոնք մասամբ հնարավոր է կառավարել և ուղղորդել, ապահովել ցանկալի զարգացում, եթե մարդու կյանքի էական ու անբաժանելի մաս է եկեղեցին` իբրև աղոթքի ու մեր բոլորի հայրական տուն, դեպի որը պիտի քայլենք մշտապես ու ամեն օր և ոչ թե առիթից առիթ: Հակառակ դեպքում ունենում ենք տրամագծորեն հակառակ արդյունք:
Ուսուցման, իսկ մեր դեպքում` քրիստոնեական արժեքների սերմանման լավագույն ճանապարհը մեր իսկ օրինակը պիտի լինի. երբեք չպիտի մտածենք, թե մեր զավակը դեռ փոքր է չարը բարուց զանազանելու համար և նրա միջավայրը լցնենք մեր առօրյան, մեր կենսակերպը կազմող ստով ու կեղծիքով: Այսպես վարվելով` երեխային անլուծելի գլուխկոտրուկի առաջ ենք կանգնեցնում. մի կողմից ծնողից լսում է, որ որոշ բաներ անել չի կարելի (օրինակ` ստել, քծնել, ամեն ինչում շահ հետապնդել և այլն), մյուս կողմից` այդ ամենը գործելիս բռնացնում է իր ծնողներին: Ծնողը զավակի համար կատարելատիպ է, իդեալ, որին իր ամբողջ կյանքում ինքը պիտի ձգտի, ուստի ծնողը կամ տան գլխավորը, զավակին իբրև բարոյական անհատ ձևավորվելու ճանապարհին պետք է չափազանց զգույշ լինի` նրան չար օրինակ չլինելու համար:
Հիշենք, որ Աստծո խոսքն ընթերցելու անկարող մանուկը այդ խոսքին ծանոթանում և դրա ամենակարևոր դրույթները յուրացնում է ծնողին նայելով: Ծնողի քրիստոնեավայել վարքուբարքը փոխադարձաբար զավակի համար հիմք է դառնում պատվիրանապահությամբ Աստծո օրհնությունը վայելելու. երեխան ըստ ներքին թելադրանքի է սկսում պահել պատվիրանը` ակնկալելով Տիրոջ օրհնությունը. «Պատվի´ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ» (Ելք Ի 12),- թելադրում է պատվիրանը: Իմիջիայլոց, սա միակ պատվիրանն է, որ մեր պահվածքի, մեր արածի դիմաց խոստում ունի:
Բարոյական արժեքների կրող անհատի դաստիարակության հաջորդ և շատ կարևոր հանգրվանը դպրոցն է, որը մեր պատմության բոլոր ժամանակներում առանձնացել է հոգեկերտվածք ձևավորելու և միտքը կրթելու ուրույն, ազգային ու հոգևոր միջոցներով: Նախախորհրդային ժամանակներում վանական համալիրներում կամ եկեղեցիներին կից գործող դպրոցներում, հոգևորականի անմիջական մատուցմամբ մեր երիտասարդ սերունդը ծանոթացել է Լուսավորչի ՙմինչև վերջ համբերող (Մատթ. ԻԴ 13) հավատին, Ներսես Մեծի սիրառատ ու անաչառ գործին, Մաշտոցի ու Սահակ Պարթևի անձնուրաց սխրանքին, Շիրակացու տիեզերասլաց մտքին, Նարեկացու ու Շնորհալու անհաս, բայց միաժամանակ բոլորին սրտամոտ աղոթքին ու երգին, Գոշի ու Այգեկցու օրինաստեղծ ու առակաբան գրչին: Բնականաբար, այսօր պատշաճ առիթը չէ նրանց ամենքին ու նրանց գործը հանվանե հիշելու, նաև թող ինձ ներեն խոսքումս հիշված մեր մեծերը` նրանց անձն ու ավանդը հիշելու մեջ «խոսքով այնքան պերճ ու լեցուն չլինելու» (Ս. Բարսեղ Կեսարացի, «Ջրօրհնյաց աղոթք») համար: Դպրոցում` քրիստոնեական արժեքների սերմնացան այս օջախում է երեխային քարոզվել, որ մեր բոլոր պատերազմները եղել են «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց», որ հայի հայրենիքը երկու թև ունի` նյութական ու հոգևոր` երկիրն ու եկեղեցին, իսկ երկիրն էլ լոկ քառակուսի կիլոմետրով չափվող տարածք չէ, որ պետք է սիրել իր մեծության, աշխարհագրական դիրքի կամ հարստության համար: Երկիրը նախ և առաջ մեր նախնիների սրբազան ավանդն է, որի ամեն մի քիլն ու թիզը անձրևից առավել մեր նախնյաց արյունով ու քրտինքով է ոռոգվել, աստվածապարգև գանձ է, հանուն որի մեր նախնիները չեն երկմտել իրենց կյանքը տալ: Մեզ համար երկրավոր հայրենիքն անգամ հոգևոր է, որովհետև մեր արյունռուշտ հարևանները երբեք չեն կարողացել այն մեր սրտից հանել` նույնիսկ գրավելու, մասնատելու, թալանելու ու բզկտելու, մինչև իսկ ցեղասպանելու ու հայրենազրկելու գնով:
Ցավոք, տեսնում ենք, որ հոգու գոյությունն ուրանալուն զուգընթաց` խորհրդային դպրոցն ու մտածողությունը կարողացավ հոգեզրկել նաև հայրենիքի գաղափարը` մեզ դարձնելով հլու-հնազանդ աշխարհաքաղաքացիներ, որ պատրաստ ենք սիրելու ամեն ինչ և ամենքին, բացի մեր մերձավորից, ում Տեր Հիսուս պատվիրում է սիրել մեր անձի պես (Մատթ. ԻԲ 39): Իսկ սա ամենակարևոր երկրորդ պատվիրանն է` Աստծուն սիրելուց հետո, ում պարտավոր ենք սիրել մեր ամբողջ սրտով, հոգով, մտքով ու զորությամբ (Մարկ. ԺԲ 30):
Այսօր, սակայն, պիտի արձանագրենք նաև ուրախալի հանգամանք. դպրոցում դասավանդվում է Հայ Եկեղեցու պատմություն առարկան, որ գալիս լրացնել փորձելու այն բացը, այն սարսափելի դատարկությունը, որ առաջանում է մարդուն աստվածազրկելուց: Այլ հարց է, որ տասնամյակներով եռանդագին քանդվածը չի կարող կարճ ժամանակում նորոգվել, մեկ այլ հարց, որ նվիրում ու համապատասխան լուրջ գիտելիքներով զինված ուսուցիչների մեծ պակաս կա, ինչը կասեցնում է այն լրջագույն մարտահրավերի դիմակայումը, որին կոչված է առարկան: Սա որպես համայնքային հովիվ կարող եմ նաև անձնապես վկայել, քանի որ, ինչպես մյուս բոլոր հոգևորականները, հաճախ եմ մասնակցում դասալսումների: Այս հանգամանքը, սակայն, մեզ չպետք է կասեցնի կամ հուսահատեցնի. չէ՞ որ, ըստ հայտնի առածի, «Հռոմը մի օրում չի կառուցվել», առավել ևս` վերակառուցվել Ներոնի ձեռքով հրդեհվելուց հետո:
Դպրոցի մասին նշվածը, որպես քրիստոնեական արժեքների սերմանման ու բարոյական անհատի ձևավորման դաշտ, պատշաճ ուշադրության ու սրտացավ վերաբերմունքի դրսևորման պարագայում կիրառելի է նաև միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն տվող հաստատություններում, քանի որ ինչպես երբեք վաղ չէ սկսել երեխայի հոգևոր-քրիստոնեական դաստիարակությունը, այնպես էլ երբեք ուշ չէ լրացնել այդ բացը: Հաջողության ճանապարհը գիտելիքի նկատմամբ սերը խրախուսելն է, ազգային-ավանդական արժեքների, ազգային-հոգևոր մշակույթի ոլորտներում հետաքրքրասիրության քաջալերումը, քրիստոնեական արժեհամակարգի յուրացումը` կանխելով վակուումը լցնելու փողոցային բարքերի միտումը:
Այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում հիշյալ արժեքների սերմանման ամենակարևոր դաշտերից մեկը մնում է բանակը: Զորակոչված երիտասարդը, երկու տարի հայրենիքին ծառայելով, տուն է վերադառնում գիտելիքներով, ընկերներով ու կյանքի փորձով հարստացած: Այս ժամանակահատվածն ըստ արժանվույն գնահատելով` մոտ 17 տարի է, ինչ ազգային մեր բանակում ծառայություն են անցնում նաև հոգևորականներ թե´ Արցախում և թե´ Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հոգևորականի ծառայության այս դաշտը նոր չէ. դրա բազում վկայություններ ունի մեր պատմությունը Ձիրավից ու Ավարայրից մինչև Սարդարապատ ու Արցախի ազատամարտ: Հոգևորականը միշտ էլ կանգնել է հայրենիքի պաշտպանության առաջին գծում, իր օրինակով սովորեցրել ու Տիրոջ խոսքը գործի վերածել` որպես մեծագույն սիրո դրսևորում միշտ պատրաստ իր կյանքը տալու իր բարեկամների համար (հմմտ. Հովհ. ԺԵ 13): Սա նաև զգուշացում է եղել մեզ վրա սուր բարձրացնող ոսոխին, որ մեր սրից կարող է ինքն ընկնել (հմմտ. Մատթ. ԻԶ 52):
Զորամասային հոգևոր սպասավորը ամբողջ զորամասի հոգևոր հովիվն է` հրամանատարից մինչև շարքային ու քաղաքացիական ծառայող, այնտեղ է անխտիր բոլորին կրթելու և քրիստոնեական դաստիարակություն տալու առաքելությամբ, նաև դիրքապահ զինվորի հետ կանգնած է խրամատում` որպես ավագ ընկեր, ՙքրիստոնյա եղբայր և հոգևոր հայր՚ (Ս. Օգոստինոս): Այս նվիրումն ու դրսևորած սերն անպտուղ չեն մնում. ծառայությունն ավարտած զինվորներից շատերն իրենց ավագ ընկերների ու իրենց ունեցած դժվարությունները հաղթահարել օգնողների մեջ անպայման հիշում են զորամասի հոգևոր սպասավորին, նրա հետ կապ պահում և անհրաժեշտության դեպքում խորհուրդ հարցնում նաև զորացրվելուց հետո:
Եզրափակելով խոսքս` փաստեմ, որ մեր տեսակը բարոյական ոստիկանության կարիք չի ունեցել և չունի: Քա´վ լիցի: Հայ քրիստոնյայի շարժիչ ուժը միշտ եղել են ազատ մտածելու ու գործելու կարողությունը և պատասխանատվության գիտակցությունը: Այս հարցում, կարծում եմ, մեծագույն դերը վերապահված է ընտանիքին, նրա դավանած արժեքներին ու սկզբունքներին: Ընտանիքն է, որ պիտի չափավորի, սահմանափակի ԶԼՄ-ների ու համացանցի, փողոցի ու օտարոտի բարքերի և կրոնական հոսանքների ազդեցությունը, իր անդամին թույլ չտա տրվելու սպառողի հոգեբանությանը` այդ ամենը չեզոքացնելով տիրող ջերմ ու անմիջական` սիրո մթնոլորտով, բարիք արարելու տրամադրությամբ: Այլապես սերիալների ու հոլովակների էժանագին պահանջարկ բավարարող ժամանցի ինստիտուտը կբռնի ճաշակ ձևավորող ու կրթող և ժամանակի փորձությունն անցած ավանդական արժեքների տեղը:
Ուշադրությունը կենտրոնացնելով երեխաների վրա` կարող ենք կրթել ու կերտել մեր երկրի զինվորին ու վաղվա օրինակելի քաղաքացուն: Թույլ չտանք, որ իբր մեր բազմազբաղության պատճառաբանությամբ փողոցը զբաղվի նրանց դաստիարակությամբ: «Վատ ընկերներն ապականում են լավ բարքերը»,- դարձյալ հիշենք Պողոս առաքյալի խոսքը (Ա Կորնթ. ԺԵ 33): Ի վերջո, պիտի գիտակցենք, որ փողոցային բարքերը ձևավորվում են վատ օրինակ տալու, մեր անտարբերության, գիտակցաբար բարձիթողի վիճակ ստեղծելու կամ էլ «մեծ մանրուքներն» անտեսելու արդյունքում: Միայն համախմբվելու, առկա վիճակի համար մեղքը միմյանց վրա չգցելու և յուրաքանչյուրս մեր տեղում գործելու արդյունքում հաջողությունը երաշխավորված կլինի:
Տ. Հակոբ քահանա Գրիգորյան,
ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավոր