Հանրագիտարան

Դպրոցի դերն աշակերտների շրջանում արատավոր երևույթների կանխարգելման գործում

Տգիտությունը մայրն է բոլոր հանցագործությունների,
հանցագործությունը նախ և առաջ անմտություն է:
Բալզակ

Արատավոր երևույթները ժամանակակից աշխարհում այնքան են շատացել, որ չափազանց վտանգավոր են դարձել ինչպես երեխաների, այնպես էլ ապագա հասարակության համար: Հետևաբար հրատապ է դարձել դրանց դեմ պայքարելու խնդրի լուծումը: Այսօր Եվրոպայում, Ռուսաստանում և շատ այլ երկրներում երեխաների շրջանում տարածվում են թմրամոլությունը, հարբեցողությունը, մանկական թրաֆիկինգը, սեռական շեղումները: Հետևաբար գերակա խնդիր է դարձել աճող սերնդի վրա դաստիարակչական ներգործությունների սահմանների ընդլայնումը և երեխաների տարբեր խմբերի հետ ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման նոր տեխնոլոգիաների ներդրումը, նրանց նկատմամբ անհատական մոտեցման մեթոդիկայի կատարելագործումը: Նշված արատավոր երևույթները, համեմատած հարևան երկրների հետ, մեր երկրում բավականին քիչ տոկոս են կազմում (օր. Ռուսաստանում թմրամոլների 20%-ը դպրոցահասակ երեխաներ են, որոնց թմրանյութը հիմնականում հասել է թմրամոլ ծնողների միջոցով): Սակայն փաստարկները մեզ բնավ չպետք է հանգստացնեն, քանի որ մեր հասարակության մեջ  աճում են այնպիսի անբարենպաստ միտումներ, ինչպիսիք են հանցագործությունների «երիտասարդացումը», դրանց խմբային դրսևորումների ակտիվացումը: Վանաձորում գործող անչափահասների համայնքային վերականգնողական կենտրոնի տվյալների համաձայն երեխաներն այնտեղ են հայտնվել հիմնականում գողության, մանր խուլիգանությունների, վեճերի և կռիվների, դասերից երկարատև խուսափելու պատճառով, տեղի է ունենում նաև բարոյաարժեհամակարգի որոշ որակների արժեզրկում: Երեխաների սոցխնդիրներն ունեն ինչպես ընդհանուր, այնպես էլ՝ տարածաշրջանային առանձնահատկություններ, ինչի մեջ դրսևորվում է տվյալ տարածաշրջանում գործող սոցիալական կառույցների գործնական յուրահատկությունները, նրանց կողմից երեխաների և ընտանիքների հետ աշխատանքի մեթոդները: Ժամանակակից աշխարհում երեխաների պաշտպանությունը և խնամքը պահանջում է հարցի վերաբերյալ համակարգված մոտեցման մշակում: Վերոհիշյալը մեզ մղում է հիմնախնդրի լուծման համար դպրոցում  ակտիվ աշխատանք կատարել ոչ միայն կանխարգելելու բացասական դրսևորումները, այլև ձևավորելու բարոյական բարձր որակներ: Հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում տեղի ունեցող փոփոխություննեը, բնականաբար, ազդում են նոր սերնդի դաստիարակության վրա, որի պատճառով էլ հաճախակի են դարձել երեխաների օրինաչափ վարքի շեղումները: Ֆրանսիացի սոցիոլոգ Էմիլ Դյուքհեյմը ժամանակակից հասարակության վիճակը բնութագրում է որպես բարոյական վակուում, երբ նախկին արժեքները չեն համապատասխանում նոր հարաբերություններին: Սա լիովին կարելի է վերագրել նաև մեր հասարակությանը, առավել ևս երեխաներին, որոնց մեջ տեղի է ունենում արժեքների վերագնահատում և հասարակական հարաբերությունների, հասարակության նկատմամբ կենսադիրքորոշման փոփոխություն:

Այսօր արատավոր երևույթ է դիտվում նաև այն, որ  բարոյական մի շարք որակներ արժեզրկվում են: Ժամանակակից գլոբալացման պայմաններում, երբ տեղի են ունենում ոչ միայն մշակույթների ներթափանցում, ինտեգրում, այլև բացասական դրսևորումների ներթափանցում, կարևոր է դառնում բարոյական արժեքներից հատկապես հայրենասիրության, ազգային արժեքների գնահատման, իրավագիտակցության ձևավորումը և ապագա քաղաքացու ճիշտ դաստիարակությունը: Հենց դպրոցն է այն օղակը, որը մեզ կօգնի իրականացնելու վերոհիշյալ խնդիրը: Այսօր դպրոցի առջև դրված հիմնական գործառույթներից պետք է առավել կարևորել հայրենասեր, հայրենապաշտպան սերնդի դաստիարակության խնդիրը: 

Բացահայտող զրույցի միջոցով  ուսումնասիրություններ ենք անցկացրել Վանաձորի թիվ 1, 6, 24 հիմնական դպրոցներում`   պարզելու համար, թե այսօրվա դպրոցը որքանով է պատրաստ այս գործառույթի իրականացմանը և ինչ նախադրյալներ ունի դրա համար: Ուսումնասիրության համար ընտրել ենք կրտսեր դպրոցական տարիքը, քանի որ հենց այդ տարիքում է դրվում մի շարք բարոյական արժեքների հիմքերը: Այս տարիքում հայրենասիրության գաղափարի ամրակայումը սկսում ենք սեփական պարտականությունների կատարումից և զարգացնելով մինչև հայրենիքի համար օգտակար գործունեությանը: Հայրենասիրության դաստիարակության, և առհասարակ երեխայի մեջ ցանկացած բարոյական որակի ներդրման համար դասապրոցեսը ամենաարդյունավետ պայմաններն է ընձեռում, առավել ևս երբ դրան նպաստող գործոններ կան. օրվա դասանյութը, ազգային տոները, ուսուցչի վարպետությունը, գրագետ հայերեն խոսքը և այլն:
 
Առավել կարևորել ենք դասագրքերում ընդգրկված թեմատիկ նյութերը, քանի որ դասապրոցեսի հիմնական նպատակը օրվա դասանյութի դաստիարակչական և ուսուցողական գործառույթների իրականացումն է: Այս դիրքորոշումից ելնելով էլ մանրամասն ուսումնասիրել ենք տարրական դասարանների համար նախատեսված «Մայրենի»-ի դասագրքերի նյութերը`   պարզելու համար, թե դրանցում զետեղված ստեղծագործությունները որքանով են նպաստում կրտսեր դպրոցականների մեջ հայրենասիրության դաստիարակմանը: Ուսումնասիրելով դասագրքերը`   եզրակացրինք, որ, մեր կարծիքով, գործող դասագրքերը, մանավանդ երրորդ և չորրորդ դասարանների, իրենց թեմատիկայով բավարար միջավայր չեն ստեղծում հայրենասիրություն դաստիարակելու համար: Ներկայացնենք ուսումնասիրությունների արդյունքները.
«Մայրենի 2» դասագրքում (հեղ. Վ. Սարգսյան, Ս. Գրիգորյան, Կ. Թորոսյան, Հ. Խաչատրյան) առկա է 122 ուսուցանվելիք նյութ, որից 10-ը վերցված է Թումանյանից, 1-ական Ղ. Աղայանից, Ս. Կապուտիկյանից, Վ. Սարոյանից, մյուսները`   ոչ այնքան հայտնի հայ և ոչ հայ հեղինակներից: Հայտնի հայ հեղինակներին կարևորում ենք ազգաճանաչման տեսանկյունից, որպեսզի սեր սերմանենք մեր հայտնի մեծերի հանդեպ, որոնց գործերով մեզ ճանաչել են նաև Հայաստանի սահմաններից դուրս: Բուն հայրենասիրության մեկ թեմատիկա, որն էլ բաղկացած է 9 դասանյութից: 
 
«Մայրենի 3»  դասագրքում (հեղ. Վ. Սարգսյան, Կ. Թորոսյան, Հ. Խաչատրյան, Ե. Ջիլավյան) առկա է 142 ուսուցանվելիք նյութ, որից 5-ը վերցված է Թումանյանից, 1-ական
Ս. Կապուտիկյանից, Հ. Սահյանից, Հ. Շիրազից, Մ. Գոշից, Վ. Այգեկցուց, մյուսները այլ հեղինակներից: Հայրենասիրության վերաբերյալ ներառված է մեկ թեմատիկա, որն էլ բաղկացած է 8 դասանյութից: 
«Մայրենի 4» դասագրքում (հեղ. Վ. Սարգսյան, Կ. Թորոսյան, Հ. Խաչատրյան) առկա է 161 ուսուցանվելիք նյութ, որից 1-ական վերցված է Թումանյանից, Ս. Կապուտիկյանից, Հ. Սահյանից, Հ. Շիրազից, Վ. Այգեկցուց, Պ. Սևակ, Գ. Էմին, Ավ. Իսահակյան և Ղ. Աղայանից, մյուսները այլ  հեղինակներից: Հայրենիքը, ազգին ճանաչելու վերաբերյալ ներառված է 2 թեմատիկա, որոնք էլ բաղկացած են 24  դասանյութից, ընդ որում 9-ի հեղինակը Վ. Սարգսյանն է: 
 
Թեմաների առկայությունը դեռևս հիմք չի հանդիսանում պնդելու, որ դրանք խորապես նպաստում են հայրենասիրության դաստիարակմանը: Ինչպես պնդում էին որոշ դասվարներ, դասագրքերից դուրս են մնացել շատ արժեքավոր նյութեր, դրանք փոխարինվել են նորերով, որոնք դսատիարակչական ներգործության տեսանկյունից ավելի թույլ են: Օր. երկրորդ դասարանի  մայրենիի դասագրքից դուրս է մնացել «Հայրենի թուփ» ստեղծագործությունը, փոխարենը ներառվել է 9 թեմա ՎԱՍ-ի հեղինակությամբ, որոնք հիմնականում ճանաչողական և տեղեկատվական  բնույթ ունեն և դաստիարակչական ներգործությունը այնքան էլ ուժգին չէ: Օր.`   «Հայոց բանակ» ստեղծագործության մեջ 1-2 նախադասությամբ ծանոթանում ենք Հայկ Նահապետի, Արգիշտի թագավորի, Վարդան Մամիկոնյանի, Սարդարապատի և Արցախի հետ: Եվ առհասարակ «Հայաստանը մեր հայրենիքն է» թեմատիկայում ներառված «Մասիս», «Նոյի Տապանն Արարատի վրա», «Երևան», «Սուրբ Էջմիածին», «Գեղարդ», «Աստղադիտարան» և այլ դասանյութերն ավելի շատ տեղեկատվական բնույթի են:
 
Իհարկե՛ դասագիրքը հայրենասիրություն դաստիարակելու միակ աղբյուրը չէ. փորձառու ուսուցիչը դա կարող է իրականացնել նաև այլ առարկաների դասավանդման ընթացքում, ինչպես նաև արտադասարանային աշխատանքների ժամանակ: Ինչպիսին էլ լինի դասագրքի բովանդակությունը, երեխայի միջավայրը, դպրոցը մշտապես պետք է գիտակցի, որ իր վրա է դրված այն մեծ պատասխանատվությունը, ըստ որի ինքն է ցանում մի շարք բարոյական որակների սերմերը երեխայի մեջ, և որքան ճիշտ մշակվեն և խնամվեն դրանք, այնքան որակյալ պտուղներ կտան: 
 
Հայրենասիրության դաստիարակման գործում դպրոցների դերն ավելի հստակեցնելու և կարևորելու նպատակով զրուցել ենք  դպրոցների դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենների, դասվարների հետ, ծանոթանացել նրանց աշխատանքներին և միջոցառումներին: Հիմնականում մեր ուսումնասիրած դպրոցներում արտաուսումնական միջոցառումները նպատակ էին հետապնդում աշակերտների մեջ կանխարգելել վարքային շեղումները: Դաստիարակչական գծով փոխտնօրենը, դասվարները ներկայացրեցին դաստիարակչական աշխատանքների պլանը, որտեղ առանձին հատված հատկացված էր հայրենասիրության դաստիարակմանը, այնուհետև իրենց կատարած աշխատանքներն այդ ուղղությամբ հիմնավորեցին լուսանկարներով և տեսահոլովակներով: Նրանք նույնպես իրենց դժգոհությունն արտահայտեցին դասագրքերի բովանդակությունից: Դասագրքերի բացը դպրոցի դասվարները լրացնում են տարբեր տեսակի միջոցառումներով`   հանդեսներ կազմակերպելով`   նվիրված անկախության օրվան, բանակի օրվան, պատի թերթեր ստեղծելով, հայտնի գրողների տուն-թանգարաններ այցելելով, հայրենասիրության թեմայով մրցույթներ անցկացնելով, հայ անվանի նկարիչների, երաժիշտների մասին խմբային աշխատանքներ կատարելով, Հայաստանի տեսարժան վայրեր էքսկուրսիաներ կազմակերպելով և այլն: Այս ամենի կազմակերպման հարցում մեծ ներդրում ունեն նաև ծնողները, հետևաբար կարելի է ասել, որ դպրոցը հայրենասիրական դաստիարակություն իրականացնում է ոչ միայն կրտսեր դպրոցականների հետ, այլ նաև նրանց ընտանիքների հետ: 
 
Դժվար չէ եզրակացնել, որ դպրոցներում հայրենասիրության խնդիրը լուծելու համար դասագրքերում ընդգրկված նյութերն առավել մեծ հետք են թողնում դաստիարակության գործով, քանզի դրանց յուրացումը, քննարկումը պարտադիր բնույթ են կրում, իսկ վերը թվարկած միջոցառումները դպրոցի, ուսուցչի հայեցողությամբ են կազմակերպվում:
Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա ժողովրդի վիճակի բարելավումը պետք է տեսնել ամուր դպրոցի մեջ, հենվել դպրոցի վրա, օգնել դպրոցին, նպաստել նրա կրթադաստիարակչական գործունեության կատարելագործմանն ու ճիշտ իրականացմանը:
 
Զեկուցող`   Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, մ.գ.թ. Ա. Սարգսյան

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: