Հայ դասական մատենագրության էջերում, ազգային գաղափարախոսության մեջ առանցքը զինվորի մարտական ոգին է: Պատմամշակութային, քաղաքական, բարոյահոգեբանական բազմաթիվ անդրադարձներ են եղել հայ զինվորի կերպարին:
Փոխվել են ժամանակները, բնականաբար նաև ազգային հոգեկերտվածքի որոշ գծեր, փոխվել են հասարակական կացութաձևն ու իրավիճակը, երկրի սահմանները, սակայն առ այսօր հայ զինվորի հոգեկերտվածքում մնայուն ու անփոփոխ են հայ տեսակին հատուկ, նրան բնութագրող հատկանիշները: Մեր անդրադարձումը կլինի հայ զինվորի` հայրենասիրության ու այդ գաղափարին տեր կանգնողի ավանդական նկարագրին: Սրան զուգահեռ` ժամանակների առանձնահատկությունից ելնելով ` կանդրադառնանք նաև հայ զինվորի կերպարի` ժամանակին հատուկ, նորովի դրսևորումներին, մասնավորապես ժամանակակից խաղաղապահ զորքերում նրա ակտիվ մասնակցությանը, այսինքն` նա ինչպես է ընկալում հայրենիքի գաղափարը և արդարության ու ազատության գաղափարի համար իր կռիվը օտար ափերում: Հայ ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ վճռորոշ դեր են կատարում նաև հայրենիքից հեռու ապրող, բայց վտանգի ժամին հայ զինվորի համազգեստ հագնող մարտիկ անհատականությունները:
Իսկ ի՞նչ ենք հասկանում ազգային ոգի ասելով:
Ազգային ոգին լավագույնս արտահայտվում է զինվորի հոգեբանական կերտվածքի, հուզական դրսևորման մեջ: Էքստրեմալ իրավիճակներում այն ավելի վառ ու ընդգծված է դառնում` ուժեղացնելով նրա հուզական կապը հայրենիքի հետ: Այսպես` պատերազմների ժամանակ զինվորի վարքագծում ու բնավորության մեջ գերակա են դառնում այնպիսի հատկանիշներ, որոնք առնչվում են նրա հայրենասիրական ոգուն: Եվ դա բնական է, քանի որ հայրենիքը արժեքային համակարգի ամենավեհ արժեքն է, այն սիմվոլը, որի հետ անձը ապահով է զգում իրեն: Հետևաբար ապագա զինվորի հոգեկերտվածքի ձևավորման համար կարևոր է իր էթնոսի մշակույթին իրազեկ լինելը, քանի որ ազգի ոգին առավելապես դրսևորվում է առասպելներում, էպոսում, երաժշտության և սիմվոլների մեջ :
Մեր ժամանակներում կարևորվում է զինվորի ենթագիտակցության վրա մշակույթով ներազդելու գաղափարը: Սիրել տալ հոգևոր և նյութական հայրենիքի ամեն մի մասունք: «Հայության հավաքում» կամ «հայության կազմակերպում» գաղափարական իմաստով. այս է հոգևոր Հայաստանը…: Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը…. Եթե հիրավի պարզված է հայության սիրտը դեպի ապագա, ապա իր հայացքը ոչ միայն Վան կամ Էրզրում պիտի ուղղե, այլ իր ներսը, իր հոգու խորքը` տեսնելու համար, թե կա արդյոք իր մեջ այն ամենը, որ կենդանություն է ներշնչում մեր նյութական հայրենիքին»:
Հայրենիքի սերը պետք է սերմանել ի սկզբանե` նախակրթարաններում, դպրոցներում, հատկապես մայրական դպրոցում, որ ապագա զինվորը մեծանա այն մտայնությամբ, որ ինքն է երկրի աղը, ինքն է այս երկրի տերը, և իրենից է սկսվում հայրենիքը: Դաստիարակությունն սկսելով օրորոցից` հայ մայրերը երեխային օրորելիս երգում էին.
Դու պստիկ ես, բարով մեծնաս,
Բարով մեծնաս, զինվոր դառնաս,
Րուրի, րուրի, րուրի ջան:
Մայրական օրորին միախառնվում է ցանկության մի բանաձև, որտեղ երեխայի բարով մեծանալու և հայրենիքի զինվոր դառնալու պահանջը վերաճում է գոյապահպանական արժեքի:
Զինվորի կամ հայրենյաց պաշտպանի երգերի մի խումբ հորինվել է ավանդական օրորների նմանությամբ, միայն հակառակ նպատակադրմամբ` արթնացնել, ոտքի հանել լաոյին, զենքի կոչել: Դրանց հեղինակները մեծ մասամբ ազատագրական շարժմանը մոտ կանգնած անհատներ են, որոնք իրենց երգերի կիրառական կողմով` համախմբվելու կոչով ու զինված պայքարի ելնելու հորդորով, մշտապես զգոն են պահում հայ մարդուն: Նախընտրելի է, որ երիտասարդ մայրերը ևս մեր հին օրորոցայինները երգեն, որոնց մեջ անսքող է մարտական ոգին:
Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է, որ արվեստը` իր բոլոր դրսևորումներով, մտնի բանակ: Ոչ միայն ազգային-ազատագրական կամ ռազմի երգերը, այլև հայ ազգային պարերը մարտի գնալուց առաջ բարձրացնում են զինվորի մարտական ոգին, նրանում արթնացնում հայականության զգացում` թափանցելով ենթագիտակցության ու նրա բոլոր կազմավորումների մեջ: Բնականաբար, որտեղ ոգի, կարգ ու կանոն, այնտեղ հաղթանակ: Հին Հռոմում զինվորին տրվող առաջին հրամաններից մեկն է պահել շարքը, այսինքն` ոգին պահել. մեկն ընկավ, մյուսը պիտի փոխարինի նրան: Պարը ևս ոգեկանության արթնացող խմբային պատկերացումների համակարգ է, ունի համախմբող նշանակություն, թմբուկների, գալարափողերի, ռիթմի համադրությամբ զինվորին մղում է ինքնավեհացման…
Մեր նպատակն է զինվորի հոգեբանության մեջ ամրապնդել ազգի հոգեկան կերտվածքի առանձնահատկությունները և մշակույթից եկող առաջնային իմպուլսները:
Ինչպե՞ս է ձևավորվում հայ զինվորի «Ես»-կոնցեպցիան, և ինչպիսի՞ն է նրա էթնոնկարագիրը: Այս կոնցեպցիայի ձևավորումը տարողունակ և երկարատև գործընթաց է, որն արտահայտվում է տվյալ ազգի ավանդույթներում, ծեսերում և վարքի խմբային կարծրատիպերում, հոգեկան գործունեության և հարաբերությունների մեջ: Թեև ազգային գաղափարախոսությունը անհատականացվում և դրսևորվում է յուրաքանչյուր զինվորի ես-կոնցեպցիայի մեջ` ես հայ եմ լեզվական արտահայտությամբ, այնուհանդերձ ազգի համար սահմանային իրավիճակներում եսն ու մենքը ժամանակավորապես միաձուլվում են: Սա, անտարակույս, ունի գործառական նշանակություն` որոշակի խնդիրներ լուծելու և ազգի ինքնակարգավորման համար:
Բանակը հասարակության մանրակերտն է, և հասարակության մեջ իշխող գաղափարները, երբեմն նաև փողոցի արատավոր բարքերն ու հոռի մտայնության դրսևորումները տեղափոխվում են բանակային կյանք, որտեղ երբեմն չեն պահպանվում ոչ միայն զինվոր-զինվոր, այլև զինվոր-սպա կանոնակարգային փոխհարաբերությունները:
Զինվորի համար առաջնային է անձնական արժանապատվությամբ ծառայությունը. խաթարված արժանապատվությամբ նա չի կարող լիարժեք ծառայել հայրենիքին: Հետևաբար հրամայական է դառնում նրա ինքնության գաղափարականության, հպարտության ու ազնվության, բարեխղճության ու պատասխանատվության համալիրի պահպանումը` որպես զինվորի ոգեղենության կայացում, որն էլ հենց հարգանքն է բանակային կարգ ու կանոնին, օրենքին: Ամեն դեպքում օրենքը պետք է լինի զենք, իսկ եթե զինվորը չունի այդ օրենքի իմացությունը, փողոցային արատավոր երևույթները անարգել թափանցում են բանակային հասարակության մեջ` ծնելով տարաձայնություններ ու բախումներ:
Այսօրվա բանակի հիմնախնդիրներից մեկն էլ այն է, որ զինվորը շատ է պարապ մնում: Ազատ մնալով` նա ինչ-որ ձևով ինքնադրսևորվում է: Սպաները երբեմն թերանում են դաստիարակչական աշխատանքում: Լավ կառավարման պահանջներից է, որ հրամանատարներն ըստ էության իմանան իրենց զինվորների հոգեբանությունը, բնավորության գծերը, թափանցեն նրանց մտքերի ու զգացմունքների ոլորտ, նրանց մեջ ընկերության և միասնության ոգի ձևավորեն: Այսպես, օրինակ` կարելի է սովորական շարային վազքը, որի նպատակն է զինվորի ուժի և դիմացկունության ամրապնդումը, զուգակցել պատմամշակութային արժեքների իմացությամբ, այսինքն` վազքը կազմակերպել այնպիսի ուղերթով, որի վերջնակետում պատմական հուշարձանն է, դրանով իսկ ապահովել հայրենաճանաչումը:
Զորավար Նժդեհի հայրենապաշտ լինելու գաղափարները ևս բյուրեղանում են պատմական ժամանակի մեջ և այսօր էլ հնչում են արդիական, քանի որ ինչպես ինքն է ասում. «Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը. այն ձեռք է բերվում ամեն մի սերնդի ու նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի լինելու ձգտումով… Արարչի կամքով հայ տղամարդը հայր է ու զինվոր, սիրով ու սրով նա պիտի կռվի և ապա երբեք իր ամբողջ կյանքում այդ սուրը պատյան չպիտի դնի նույնիսկ աղոթքի ու սիրո պահին, հայ տղամարդը պիտի պատերազմի, խաղա մահի հետ, հաղթի կամ հաղթվի. սա է կոչումը հայ ռազմիկի»:
Այսօր դաստիարակչական բոլոր օղակներում (տուն, դպրոց, բուհ, բանակ) անհրաժեշտ է, որ գերիշխող դառնա այրական դաստիարակությունը: Սա կարող է նպաստել ապագա զինվորի` հայրենիքի պաշտպանի հոգեկերտվածքի ձևավորմանը: Առանցքային պետք է լինի ազգային գաղափարի սերմանումը, որը կարող է դրսևորվել ազգային լեզվի, պատմության, մշակույթի և այլ արժեքների վերաիմաստավորմամբ:
Մենք այսօր պատերազմող ժողովուրդ ենք: Թշնամին մեզ զգոն ու շրջահայաց ժողովուրդ դարձրեց: Պետք է նկատի ունենալ, որ պայքարը կարող է լինել գերակա ուժ ունեցող հակառակորդի դեմ: Մշտական կոնֆլիկտները նրա հետ հանգեցնում են հայ էթնոսի ինքնագիտակցության ուժեղացմանը, խորացնում յուրայինների բախտի համար պարտքի ու պատասխանատվության զգացումը, սեփական անցյալն ու ցեղային արմատներն իմանալու ցանկությունը:
Ռազմահայրենասիրական դաստիարակության համակարգում կարևորը զինվորի ոգին ամրապնդելն է, նրա անձնականությունը հզորացնելը` քաջազունների գործունեությունը ներկայացնելով, անհրաժեշտ է նրան ոգեկոչել պատմական անցյալի հերոսական դրվագներով: Ավարայրի դաշտում Վարդան Մամիկոնյանի ուղերձը իր քաջ նիզակակիցներին այսօր էլ կարող է սրտեր թնդացնել. «Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ոչ էլ սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որ բարձրանա ճշմարտությունը: Իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»:
Ինչ խոսք, անձի ներքին փորձառությունը մշտապես առնչվում է մահվան հետ: Բայց հայրենիքի համար պատրաստ լինել անձնվիրումի, զոհաբերման, սուրբ մահով մեռնելու, սա արդեն կյանքի ու կյանքից այն կողմ իմացյալ անմահության ձգտելու փորձառություն է:
Կարծում ենք` հանրակրթական դպրոցների դասագրքերը, հատկապես հայ ժողովրդի պատմության ու ռազմագիտության դասընթացները, պետք է նոր սերնդի մեջ հայրենասիրություն արթնացնեն, հատկապես ապագա զինվորի ներքին փորձառության սահմաններն ընդլայնեն կենդանի ու թրթռուն օրինակներով: Կյանքի կոնցեպտուալ ընկալումն ու հայրենիքի հանդեպ սերն սկսվում է ոչ միայն նրա սահմաններից ու խրամատներից, այլև հայրենաճանաչումից, հետևաբար դասագրքերում ներառված բնագրերը` հայոց գիր ու նշան զինվորներով, պետք է պահեն մեր ոգեղենության սյուները: Միշտ հիշենք, որ քրիստոնեական կրոնն ու վարդապետությունը պետականորեն առաջինն ընդունած ժողովուրդ ենք, մեր մտախառնվածքում բացառիկ արտահայտություն է գտել պատմական արդարության վերականգնման պահանջը. ոչ միայն ապրել, այլև ապրել հաղթանակած:
Սահակ-մեսրոպյան ժամանակներից սկսած` մեր ոսկեձեռիկ գրիչների ծաղկած մատյանները, քերթողահայր Խորենացու պատմության դասերը /ճանաչենք ազգային արժանապատվությունը` հեռու մնալով ազգային սնապարծությունից և այլն/, թևավոր մտքերը /Քաջերի սահմանը իրենց զենքն է, որքան կտրում է, այնքան ունի/, «Սասնա ծռեր» դյուցազնավեպի սրբազան բնագիրը` որպես մեր հոգևոր կեցության գաղափարագիր, Նարեկացու` առ Աստված ուղղված խռովակոծ աղոթքը, Շնորհալի քերթողի աղոթական խոսքի ավետաբեր բխումները և մեր ժամանակներն ի վեր հայ ոգու համասփյուռ դրսևորումները դարձյալ ու դարձյալ վկայում են, որ գոյի պահպանության և արժեքի կռվում պետք է հաղթի ազատությունը` որպես աշխարհայացք ու կենսակերպ, որպես բնածին պահանջ:
Ազգային արժանապատվությունն ու նեմեսիսի ոգին հայրենիք են պահում, բայց զինվորի մեջ ոչ թե շարունակական ատելություն պետք է սերմանել թշնամու հանդեպ, այլ սեր առ հայրենիքը, առ ընտանիքն ու ազգային արժեքները, նրան մշտապես կանգնեցնել հայկական ոգու հայտնության ճանապարհին: Իրականում հաղթանակը բարությամբ է լինում:
Կրոնն ու հավատը մեր ազգային գաղափարախոսության հիմքում են, որ միաժամանակ պետք է ծառայեն որպես պետական գաղափարախոսություն: Ժողովրդի կյանքում նույնքան կարևոր է հզոր հոգևորականի դերակատարումը, որն իր կենսագրությամբ կարող է աննկունության, ընդվզուն ոգու օրինակ տալ, դաստիարակել: Հատկանշական է հայրենիքի համար օրհասական վտանգի ժամին Գևորգ 5-րդ Սուրենյանցի կոչը ժողովուրդին.
«ԵՐԲ ՇՐՋԱԾ ԽԱՉԸ ՍՈ՛ՒՐ Է ԴԱՌՆՈՒՄ»
«-Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա: Թուրքը, կոտորած ու ավեր փռելով, գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սբ Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը: Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից: Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չի ունեցել և չի ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»:
Կարևորը պատմությունը ճանաչելու և ճանաչել տալու խնդիրն է, ապագա զինվորին մտցնել իր պատմական անցյալի հերոսականության մեջ, նրա մեջ արթուն պահել ցեղի ոգին, գենը, արյան հիշողությունը, որ զորացնում են էթնոպաշտպան համակարգերը: Հայրենասիրության նվիրական զգացումը զարգանում է աստիճանաբար:
Սկզբում բնազդական է, զարգանալով դառնում է իմացական, ոգիանում է: Եթե մարդուն ներարկում ես այն գաղափարը, որ այս կամ այն արժեքները քոնն են, ինքը դրա տերն է զգում և սկսում է պաշտպանել դրանք` որպես ինքնության առհավատչյաներ, ինչպես` Արցախի օրինակով տեսանք:
ՀՀ Ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի մեր ժամանակի նվաճումների մասին տված գնահատականը հայ հասարակական-քաղաքական մտքի ինքնօրինակ խտացում է, ապագա զինվորի ենթագիտակցության վրա ազդող ու նրա ճանապարհը ուղենշող պատգամ:
«Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան շատ խաղաղություն չի ուզում, որքան ես: Պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին: Ես այս պատերազմին տվել եմ, ինչ որ կարող էի` ձեռք եմ բերել հպարտություն: Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա: Ես կռվել եմ, ես կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, և իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող»:
Ապագայի դիտակետին մոտենալու համար մենք պետք է հետահայաց նետենք անցյալի և ոչ հեռու անցյալի իրադարձություններին, հերոսական դեպքերին ու դեմքերին, նոր սերնդին դաստիարակենք կոնկրետ հերոսի, անհատի օրինակով, նրանց կերպարներում գնահատենք կազմակերպչական ջիղը, հասարակ ժողովրդին, զինվորներին համախմբելու և իրենց հետևից տանելու ունակությունը, վճռորոշ պահերին հաղթանակի հասնելու կամք ու անձնվիրում դրսևորելը: Հերոսների չապրած կյանքը ապրողների կյանքի գրավականն է:
Հերոսական մտքի սխրանքի անմոռաց արտահայտություն է Անդրանիկ Օզանյանի մարտակոչը հայ տառապած ժողովրդին.
«...Մենք կեցած ենք հայկական պատմության այնպիսի փոթորկուն էջի վրա, ուր մեր ժողովուրդը կապրի կամ իր վերջին օրերը և կամ կգտնվի վաղվան ազատության նախօրյակին:
Վայրկյանը, ներկա օրերը մեզ չեն ցուցեր միջին ճանապարհ: Վաղվան պատասխանը հայ ժողովրդին պիտի ըլլա այո՛ կամ ո՛չ:
Դարեր ի վեր բռնեցինք հավաքական ազատության ճանապարհը, որ պսակեցավ մեր արյունով և հայ երիտասարդության անասելի ոգևորումներով:
Հասած է ժամը վերջին մարտնչումի:
Իմ խոսքս կուղղեմ այն բոլոր մարդոց, որոնք խոր գիտակցություն ունին հայ ժողովրդի լայնածավալ տառապանքին, որոնք ունին մարդասիրական սիրտ, ամեն ազգե, ըլլան անոնք հույն, եզիդի, ասորի, քյուրդ, իսլամ կամ ոչ իսլամ, որոնք ենթակա եղած են օսմանյան բռնակալ կառավարության անմարդասեր սարսափներուն:
Կոչ կընեմ բոլոր զենքի ընդունակ՝ առանց դասակարգերու խտրության, գյուղացիեն, արհեստավորեն մինչև բարձր դասու մտավորականությունն ու հարուստը:
Ես կոչ կընեմ բոլոր չափահաս դպրոցականներուն, որոնք կը բաղձան ծաղկավետ տեսնել վաղվան մշակույթի դաշտը, թող դիմեն զենքի, թող վազեն դեպի ճակատ:
Ուղղելով իմ խոսքս մեր բոլոր մայրերուն և քույրերուն՝ կը հորդորեմ, որ չընդունեն իրենց սրբազան հարկի տակ հուդաներն ու դավաճանները, թող թքեն անոնց երեսին և ղրկեն դեպի զորանոց: Դավաճան է այն մայրը, որ կքաջալերե իր զավակը, ամուսինը կամ եղբայրը մնալու տունը, իբրև կորովազուրկ, որբացած ազատության սերեն….»:
Անշուշտ, հայ կնոջ առաքելությունը ոչ միայն ընտանիքի, օջախի կրակը պահպանելն է, այլև այդ կրակով այն ոգեղեն մթնոլորտի ստեղծումն է, որում ծնվում են իր զավակները ոչ թե իր համար, այլ ազգի: Հիշարժան է զոհված հայ լեգեոնականի սգակիր մոր խոսքը, երբ նա, արցունքն աչքերին, ասում էր` զավակիս ես ծնեցի, բայց նա առավել ազգինն էր, քան թե իմը: Մեր պատմության հերոսական ժամանակներում և մեր օրերում էլ բարձրանում է հայ կնոջ նվիրական կերպարը, նրա նկարագիրը` որպես անձնդիր, հայրենիքի համար զոհագործումի ընդունակ` սկսած Եղիշեի` Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց անձնվիրումից, հայ լեգեոնականների մարեներից մինչև նրանց ոգեղենությունը շարունակող այն հայուհիների սխրանքն ու նվիրումը, որոնք Արցախյան գոյամարտի տարիներին եղան իրենց զինվորյալ եղբայրների և որդիների կողքին` որպես գթության քույրեր ու հոգեկիցներ:
Մեր թվարկումներով մենք չենք սպառում հայոց մեջ հերոսական ոգու դրսևորումների նկարագրությունը. մեր գոյամարտը շարունակվում է` երկնելով նոր հերոսներ, ինչպես հենց երեկ` 2014թ. հունվարի 20-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրանքն էր: Ազգային գաղափարախոսության շերտերը ենթագիտակցորեն յուրացրած և խորքում իմացյալ մահ ընդունած զինվորը, կասեցնելով թշնամու ներթափանցումը, հակառակորդի հրազենային կրակոցներից զոհվեց` հետմահու պարգևատրվելով «Արիության համար» մեդալով:
Մեր ժողովուրդը իր ազգային բախտի հետևանքով հասել է գերզգայության ու համազգացության բարձր դրսևորման: Քեսաբահայության տեղահանությունը աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր հայի մեջ բողոքի ճիչ արթնացրեց. «Պահպանել Քեսաբը»:
Սա նշանակում է, որ ազգային հոգեկերտվածքն այնքան է բյուրեղացել, որ հասել է այսօրինակ միասնական պոռթկումի:
Բոլորովին վերջերս ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների այցը Քեսաբ վերստին հաստատեց, որ հայը հային զգալու, հոտին հովվություն անելու պատրաստակամությունը դրսևորվում է որպես ազգային հոգենկարագրին բնորոշ վարքագիծ:
Այսպիսով` դիտարկելով հայ զինվորի հոգենկարագրի դրսևորումներըը պատմական մեծ ժամանակի ծիրում` կարելի է ասել, որ դարերի ընթացքում երբևէ չի եղել, որ նա, զենքը ձեռքին, մտնի օտարի տարածք, գրավի, թալանի, ասպատակի. հայ զինվորն ընդամենը իր երկրի տերն է և նրա սահմանների պահապանը: Հայ իրականության մեջ զինվորը միայն ինքնապաշտպանական գործառույթ է իրականացրել. երբեք զավթողական, նվաճողական պայքար չի մղել:
Վերջին ժամանակներում ընդլայնվել է հայ զինվորի առաքելության շրջանակները: Նա միջազգային խաղաղապահ ուժերի զորքերում, հատկապես վիճելի տարածքներում խաղաղության պահպանման գործառույթ է իրականացնում: Նա իր գաղափարը, շիտակության, արդարության գաղափարն է պաշտպանում տարբեր բանակներում: ՀՀ-ն իր փոքրաթիվ ուժերով ու հնարավորություններով, շնորհիվ հայ զինվորի, մասնակից է դառնում համընդհանուր խաղաղության պահպանմանը. ազգայինը դրսևորվում է մարդասիրության ու ազգասիրության համատեքստում: Պատմության բեկբեկուն ժամանակներում հայ նշանավոր զորավարներն ու հերոսները կռվել են այլ երկրների զորքերում, որոնք ևս ունեցել են ազգապահպանման համանման խնդիրներ, և ժամանակին շատ բարձր են գնահատվել:
Սրանով հանդերձ, մեր ժամանակներում եթե նույնիսկ հաշվի առնենք, որ բանակում հայ զինվորի մեջ որոշ բացասական վերաբերմունք կա այս կամ այն երևույթի հանդեպ, դա ամենևին էլ բնորոշ գործոն չի դառնում իր հիմնական կողմնորոշումները փոխելու իմաստով: Այդ մասին են վկայում նաև Ադրբեջանում գերի ընկած մեր զինվորները, որոնք հարցաքննությունների ժամանակ նույնիսկ խոշտանգման ու բիրտ ուժի կիրառման պայմաններում երբեք հակահայկական որևէ տեղեկություն չեն հայտնում հակառակորդին:
Բոլոր դեպքերում նորակոչիկային տարիքի տղաներին պետք է նախապատրաստել հայրենիքի պաշտպան դառնալու ոգով, քանի որ մեր ամենախոցելի տեղը նրանց հետ տարվող հոգեբանական աշխատանքի բացակայությունն է կամ թերությունը: Նորակոչային տարիքի տղաների հետ զբաղվում են զինկոմիսարիատները և դպրոցի զինղեկները, որոնց աշխատանքը հաճախ ձևական բնույթ է կրում: Բացի այդ, նորակոչիկներին չեն նախապատրաստում ինքնուրույն կյանքի /նա չգիտի խրամատ փորել, զինվորամասը մաքուր պահել, կարգ ու կանոնին հետևել, ճաշ եփել/, քանի որ մինչ բանակ գնալը նա գերխնամքի մեջ է եղել: Ուշանում է նրա` բանակային կյանքին հարմարվելու գործընթացը, որը հանգեցնում է բացասական հետևանքների: Շատ հաճախ նորակոչիկը սխալ դաստիարակության պատճառով իրեն այնքան արտոնյալ է զգում, որ արդեն ծառայության ընթացքում ամեն ինչ նրա համար դառնում է պրոբլեմային ու խնդրահարույց: Այս տարիքի տղաներին կարելի է նախապատրաստել իսկական զինվորական ծառայության, եթե արդյունավետ աշխատանք ծավալենք զինկոմիսարիատի ու դպրոցի զինղեկների հետ:
Նորակոչիկին զինկոմում գրանցելուց հետո դպրոցում նրա համար բացվում է հոգեբանական դիտարկման կամ ուսումնասիրման քարտ, որտեղ մանրամասնորեն գրանցվում են նրա բարոյակամային հատկանիշները, հոգեկերտվածքը կոփող անհրաժեշտ անհատական մոտեցումները` ելնելով հայրենասիրական դաստիարակության ընդհանուր ծրագրից:
Զինվորի հոգեկերտվածքի ձևավորումը հիմնվելու է հետևյալ դրույթների վրա.
-
ինքնուրույնության ապահովում,
-
բարոյական սկզբունքների` կամքի, վճռականության ձևավորում,
-
հայրենաճանաչություն,
-
հայրենասիրության խթանում,
-
կարգապահության ու պատասխանատվության զգացման ձևավորում,
-
որոշումների ինքնուրույն ընդունում:
Այս ամենի իրականացման համար անհրաժեշտ է, տարբեր դպրոցների աշակերտների ամառային ճամբարի ու հավաքների կազմակերպում, որտեղ նրանք ստիպված կլինեն իրենք իրենց սպասարկել` վրաններ տեղադրել, տարածքներ հարթել, առօրյա կենցաղը կազմակերպել: Հետևաբար առաջնահերթ է դառնում մանկավարժական պրակտիկայի արդիականացման խնդիրները թե դպրոցում, թե զինված ուժերում:
Սահակյան Կարինե,
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկ., դոցենտ