Հանրագիտարան

Համացանցի բացասական ազդեցությունը դեռահասության շրջանում

«Համացանցային կախվածություն» հասկացությունն առաջին անգամ առաջարկել է 1996թ. հոգեբույժ Այվեն Գոլդբերգը: Այն ժամանակակից հասարակության իրական հիմնախնդիրներից մեկն է դարձել:
Համացանցային կախվածության ֆենոմենի հոգեբանական ուսումնասիրությունների հիմնադիրներ են համարվում ամերիկացի կլինիկական հոգեբան Կիմբերլի Յանգը և հոգեբույժ Այվեն Գոլդբերգը: 1995թ. Այվեն Գոլդբերգը առաջարմել է համացանցից կախվածության որոշման ախտորոշիչ շարք: 1997-1999թթ. Ստեղծվել են տվյալ հիմնախնդրին վերաբերող հետազոտական խարհրդատվական և հոգեթերապևտիկ վեբ-ծառայություններ:
 
Ց. Պ. Կորոլենկոն նշում է, որ կախվածության խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ իրականությունից խուսափելու ձգտումը, կապված հոգեկան վիճակի փոփոխության հետ, գիտակցության մեջ դառնում է գերակայող, վերածվում կենտրոնական գաղափարի, անջատելով անձին իրականությունից: Համակարգչային ադիկցիան համացանցից հոգեբանական կախվածության ֆենոմեն է, որն իր հերթին արտահայտվում է իրականությունից կտրվելով, որի ընթացքում այդ գործընթացը սուբյեկտին գերում է այն աստիճան, որ նա հայտնվում է իրական աշխարհում գործելու անկարող վիճակում:
 
Իսկ առավել ընդհանուր ձևով համացանցային կախվածությունը բնութագրվում է որպես հոգեկան խանգարում, համացանցին միանալու կպչուն ցանկություն և համացանցից ժամանակավոր հրաժարվելու հիվանդագին անկարողություն: Համացանցային կախվածությունը երբեմն նաև անվանում են համակարգչային ադիկցիա կամ համացանցի պաթոլոգիական կիրառում:
 
Հետազոտողներն առանձնացնում են համացանցային կախվածության տարաբնույթ չափորոշիչներ: Մ. Օրզակն առանձնացնում է համակարգչային կախվածությանը բնորոշ մի շարք հոգեբանական և ֆիզիկական ախտանիշներ, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ:
 
Հոգեբանական ախտանիշներն են.
  • Համակարգչի առջև գտնվելու ժամանակ լավ ինքնազգացողություն և էյֆորիայի վիճակ,
  • Դադարեցնելու անկարողություն,
  • Համակարգչի մոտ անցկացվող ժամանակի պարբերական ավելացում,
  • Ընկերներին և ընտանիքի անդամներին արհամարում, 
  • Համակարգչից հեռու գտնվելու դեպքում զայրույթի և դատարկության զգացում,
  • Ստախոսություն,
  • Ուսուցման կամ աշխատանքի հետ կապված խնդիրներ:

Ֆիզիկական ախտանիշներն են. 

  • մկանային լարվածություն, 
  • աչքերի մեջ չորության զգաում,
  • գլխացավ,
  • թիկունքի մասում ցավի զգացում,
  • անկանոն սննդակարգ,
  • անձնական հիգիենայի խեղում,
  • քնի խանգարում:
Կ. Յանգն առանձնացնում է կախվածության 5 հիմնական կատեգորիաներ.
  1. Հիպերսեռական, անբարոյագրական ֆիլմերից և այդ բնույթի հաղորդակցումից կախվածություն,
  2. Հիպերշփվողական՝ համացանցում ընկերների հետ շփվելու կախվածություն,
  3. Ցանցային չափազանց ներգրավվածություն, իր մեջ ներառում է մոլի խաղերից և համացանցում առք ու վաճառքով զբաղվելու կախվածություն,
  4. Տեղեկատվական ծանրաբեռնում, տվյալների բազայից օգտվելու հետ կապված ծայրահեղ ներգրավվածություն,
  5. Համակարգչային կախվածություն, որը բնորոշ է հիմնականում երեխաներին և դեռահասներին:
Դեռահասության տարիքը մարդու կյանքի այն շրջանն է, որն ընդգրկում է 11-12-ից մինչև 14-15 տարեկանները: Այս շրջանում անցում է կատարվում մանկությունից դեպի պատանեկություն: Գրականությունից հայտնի է, որ դեռահասության ճգնաժամը կարևորվում է երկու հանգամանքով՝ սեռական հասունացման գործընթաց և ինքնագիտակցության արթնացում: Ժան Ժակ Ռուսսոն դեռահասությունը դիտում է որպես ինքնագիտակցության աճի, անձնավորության ծննդի շրջան: Շ. Բյուլերը դեռահասության ճգնաժամի պատճառը սեռական հասունության գործընթացն է համարում: Նա դեռահասության փուլում առանձնացնում է նեգատիվ և պոզիտիվ շրջաններ: Նեգատիվ շրջանի հիմնական բնութագիրը նախկին հետաքրքրությունների մահացումն է, իսկ պոզիտիվ շրջանինը՝ նոր հետաքրքրությունների, արժեքների ի հայտ գալը, դեռահասը ձգտում է մտերմիկ հարաբերությունների:
 
Դեռահասներն ավելի զգայուն են իրենց մարմնի և արտաքինի յուրահատկությունների նկատմամբ: Այսինքն՝ արտաքինը կարևոր տարր է դեռահասների ինքնագիտակցության մեջ: Դեռահասն այն զարգացող անձն է, որը փնտրում է կենսական կարևորություն ունեցող հարցերի պատասխանները՝ «Ո՞վ եմ ես», «Ու՞մ համար եմ ես», «Ինչպիսի՞ն եմ ես»:
 
Դեռահասության տարիքում անհատը մուտք է գործում որակապես նոր սոցիալական դերակատարության մեջ, որի ժամանակ ձևավորվում է նրա գիտակցական վերաբերմունքն ինքն իր նկատմամբ, որպես հասարակության անդամի: Հետևաբար, նրանից, թե ինչպես կընթանա այդ ընթացքում սոցիալական կողմնորոշվածությունը, կախված է մարդու սոցիալական դիրքորոշումների ձևավորումը: Դեռահասության շրջանի համար բնորոշ է գործունեության այն տեսակը, որն ուղղված է փոխհարաբերությունների նորմերի յուրացմանը, մասնավորապես հասակակիցների հետ: Անհատի կյանքի այս կողմն իր արտահայտությունն է գտնում հասարակայնորեն օգտակար գործունեության մեջ, որը պատասխանատու է դեռահասի անձի դրդապատճառա-պահանջմունքային ոլորտի համար: Ձևավորվում է նրա ինքնորոշման և ինքնարտահայտման պահանջմունքները: Օնտոգենետիկական զարգացման այս շրջան Օնտոգենետիկական զարգացման այս շրջանում կազմավորվում են առավել նպաստավոր պայմաններ մարդու հասարակական էության դրսևորման և ամրապնդման համար:
 
Հայտնի է, որ այս տարիքի կարևոր հոգեկան նորագոյացությունը համարվում է ինքնագիտակցության կազմավորումը: Կարևոր առանձնահատկություն, որը բնութագրում է դեռահասի ինքնագիտակցությունը, համարվում է մեծահասակ լինելու զգացումը:
 
Այսպիսով, այս տարիքի հոգեբանական առանձնահատկությունները որոշվում են իրավիճակների համալիրով՝ նախ և առաջ հասարակական պայմաններով և դեռահասի ապրելակերպով, դաստիարակությամբ և նրա պրակտիկ գործունեության բնույթով: Այս շրջանում տեղի է ունենում գործունեության նոր տեսակի որոնում: Եվ նրանից, թե դեռահասի կյանքում գործունեության որ տեսակը կդառնա առաջատար, կախված է նրա անձի ձևավորումը:
 
Համացանցային կախվածությունը նպաստում է հոգեբանական մի շարք խնդիրների ձևավորմանը: Նրանց մոտ առաջանում է կոնֆլիկտային վարքագիծ, հարատև դեպրեսիա, վիրտուալ տարածությունն իրական կյանքից նախընտրելը, հասարակության անդամների հետ հարմարվելու դժվարությունը, ժամանակի վերահսկողության ընդունակության կորուստը, համակարգչից օգտվելու հնարավորության բացակայության դեպքում տհաճության զգացումի առաջացումը: Համացանցից օգտվելիս դեռահասը նախընտրում է «փնտրել», այլ ոչ թե «մտածել» կամ «սովորել»: Շատ երեխաներ բացահայտորեն խոստովանում են, որ շատ հաճախ օգտվում են ծնողների կողմից արգելված կայքերից: Միևնույն ժամանակ նրանց մոտ առաջանում է ամենաթողության և անպատժելիության պատրանք: Վերջինս դրդում է խախտել մարդու իրավունքները, իսկ անպատժելիության պատրանքը կարող է հանդես գալ որպես ծուղակ և լուրջ հետևանքներ ունենալ իրական կյանքում: Կարող է տեղի ունենալ բարոյականության արժեզրկում:
 
Դեռահասության շրջանում համացանցային կախվածությունը հանգեցնում է իրական կյանքում հաղորդակցման հետ կապված դժվարությունների առաջացմանը: Դրանք դրսևորվում են հաղորդակցման հուզական բաղադրիչի խանգարման, զրուցակցի հուզական վիճակի ընկալման և հաղորդակցման ոչ վերբալ կողմերի ընդունակության նվազեցման ձևով:
Համացանցի միջոցով իրականացվող հաղորդակցական գործունեությունը բազմազան է: Կարևոր նշանակություն ունեն նորույթի և փորձի արտասովոր լինելու գործոնները: նորույթը բնականաբար գրավում է դեռահասին: Եվ նոր երևույթի մեջ խորացումը կարող է առաջացնել համացանցից կախվածություն: Նմանատիպ հաղորդակցությունն ընդունակ է ամբողջովին կլանել սուբյեկտին, չթողնելով նրան ժամանակ և ուժ այլ գործունեությամբ զբաղվելու համար: Այդ կախվածությունը կարող է կապված լինել ոչ միայն համացանցում հաղորդակցական գործունեության հետ, այլ նաև համացանցում էլեկտրոնային գնումների և մոլի խաղերի նկատմամբ կախվածության, ինչպես նաև սեռական կիրառման հակվածության հետ: Վերջինիս բացասական կողմը կայանում է նրանում, որ դեռահասները գտնվելով սեռական հասունացման շրջանում ավելի ընկալունակ են նմանատիպ երևույթների նկատմամբ: Եվ շատ մեծ է հավանականությունը, որ նրանց մոտ կձևավորվի ասոցիալ պատկերացում սեռական հարաբերությունների վերաբերյալ, որն իր հետքը կթողնի ողջ հետագա կյանքի վրա: 
 
Այս բնագավառում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները խոսում են այն մասին, որ համացանցից օգտվողների հիմնական խնդիրները կենտրոնանում են ինքնորոշման ոլորտի վրա: Ինչպես հայտնի է, դեռահասներն ունեն ինքնարտահայտման, սերտ կապեր հաստատելու, ինչպես նաև սեփական ֆիզիկական «Ես»-ի ընդունման հետ կապված խնդիրներ: Այս երևույթի անմիջական հնարավոր պատճառն են համարվում ինքնագնահատականի թերզարգացած և ինֆանտիլ մեխանիզմները, որոնք առաջացնում են իդեալիստական պահանջներ և կանխում են իր մասին տարբերակված ու համապատասխան պատկերացումների ձևավորումը: Նշենք նաև, որ որոշ դեռահասների համար համացանցի նկատմամբ չափազանց հակվածությունը կապված է նաև համակարգչային ծրագրերի աշխատանքների ցանկացած փուլը վերահսկելու պատրաստակամության հետ: Այդ վերահսկողության նկատմամբ հակվածությունը նրանք կարող են տեղափոխել մարդկային հարաբերությունների ոլորտ: Եվ քանի որ մարդկանց մանիպուլյացիայի փորձերն ավարտվում են անհաջողությամբ, երևույթը կարող է դեռահասին մղել սոցիալական մեկուսացման և տարրանջատվածության:
 
Որպես կանոն, նրանք, ովքեր հայտնվում են համացանցային կախվածության մեջ, ամբողջովին փոխում են իրենց անձը: Նա արդեն ոչ թե ներդաշնակ, այլ ադիկտիվ անձն է: Առաջին հերթին ադիկտի համար բնորոշ է ադիկտիվ վարքի իրականացման փոփոխումը: Այսօր նա համացանցից կախվածության մեջ գտնվող անձն է, վաղը՝ սիրային ադիկտը, հաջորդիվ՝ պաթոլոգիական խաղացողը, իսկ որոշ ժամանակ անց նրանց սկսում են հետաքրքրել թմրանյութերն ու ալկոհոլը: Իսկ երկրորդ հերթին, վտանգը կայանում է նրանում, որ շատ հաճախ, վաղ թե՝ ուշ ադիկտիվ անձիք դառնում են սոցիալապես դեզադապտացված:
                                               
Վարդան Պապիկյան,
ԳՊՄԻ հոգեբանության ամբիոնի դասախոս
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: