Առողջապահություն

Զբոսանք նորածնի հետ

Թարմ օդը շատ կարևոր է նորածնի առողջության համար: Զբոսանքների շնորհիվ փոքրիկն ավելի արագ է յուրացնում սնունդը և ավելի լավ է քնում, նրա օրգանիզմն ամրանում է, իսկ մաշկի տակ վիտամին D է սինթեզվում: Բայց ո՞ր տարիքից կարելի է նորածնին դուրս հանել:
Ըստ մանկաբույժների՝ փոքրիկներին կարելի է դուրս տանել անմիջապես ծննդատնից դուրս գրվելուց հետո: Զբոսանքները, իհարկե, պետք է աստիճանաբար սկսել. սկզբում պետք է երեխայի հետ 10 րոպեով դուրս գալ, հետո՝ 15: Ժամանակի ընթացքում զբոսանքների տևողությունը պետք է հասցնել մինչև 2 ժամի օրական 2 անգամ: Ավելի լավ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ու ստվերում զբոսնել:
 
Զբոսանքներ պետք է անել նույնիսկ ձմռանը, բայց երեխան պետք է հագնված լինի եղանակին համապատասխան. նա պետք է ոչ մրսի, ոչ շոգի, չպետք է քրտնի, նրա ձեռքերը, ոտքերն ու քիթը չպետք է սառեն: Իսկ ինչպե՞ս իմանալ՝ արդյո՞ք  երեխան մրսում է: Մանկաբույժները խորհուրդ են տալիս ծոծրակով կողմնորոշվել՝ եթե ծոծրակը տաք է, երեխան չի մրսում: Երեխայի ականջները ևս պետք է տաք լինեն:
 
Հիշեցնենք, որ ըստ ավանդույթի՝ որոշ երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը, երեխային կարելի է դուրս հանել միայն ծնվելուց 40 օր հետո: Դա ավանդույթ է, և դժվար թե հաջողվի պայքարել դրա դեմ, բայց այդպիսի մոտեցումը, ամեն դեպքում, ճիշտ չի համարվում:
 
Բանն այն է, որ լիարժեք զարգացման համար երեխային վիտամին D է անհրաժեշտ, որը, ինչպես մանկաբույժները նշում են, շատ կարևոր է վարակների և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար, ներառյալ՝ քաղցկեղային: Մեր օրերում բժիշկները մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ են տալիս ընդունել այդ վիտամինը՝ խուսափելու առողջական մի շարք խնդիրներից:
 
Եթե նույնիսկ երեխան սինթետիկ վիտամիններ է ընդունում, դա չի նշանակում, որ կարելի է անտեսել զբոսանքները մաքուր օդին, որոնց շնորհիվ, ինչպես արդեն նշվեց, մաշկի տակ բնական D վիտամին է սինթեզվում: Զբոսանքները պարտադիր են փոքրիկի համար, նույնիսկ եթե նա արևոտ տանն է ապրում:
 
Արևի ճառագայթները, որոնց ազդեցությամբ մաշկի տակ վիտամին D է սինթեզվում, պատուհանի ապակու միջով չեն անցնում, ուստի, եթե նույնիսկ երեխայի սենյակը շատ լուսավոր է, այդ ճառագայթները չեն հասնի երեխային:
 
Աղբյուրը՝ med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: