Հանրագիտարան

Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր

4-րդ դարի սկզբին նահատակված վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է բանակում քրիստոնյա զինվորներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում:
Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում տանջանքներին դիմանալ: Դուրս ելնելով սառցակալած ջրից՝ նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով  մահկանացուն, զրկվում է թե´ երկրային, թե´ երկնային կյանքից:
 
Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երևում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է Քրիստոսի հավատով և նետվելով լիճը, պսակակից է դառնում նրանց: Աստվածային հրաշքով ձմեռային սառնամանիքին դիմակայած վկաներն առավոտյան նահատակվում են:
 
Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչև Լենկթեմուրի արշավանքը:
 
40 մանկանց պատմությունը հորդորում է կյանքի բոլոր դժվարությունների մեջ անգամ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները երկնային պսակին արժանանալու համար:
 
Աղբյուրը՝ www.qahana.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: