Առողջապահություն

Ի՞նչ անել, երբ երեխան ատամ է հանում

Փոքրիկի առաջին կաթնատամներն սկսում են աճել 6-7 ամսականում, իսկ 3 տարեկանում երեխան սովորաբար արդեն 20 կաթնատամ է ունենում: Ատամ հանելու գործընթացը երեխաների մեծ մասի դեպքում բավական ցավոտ ու տհաճ է լինում: Այդ շրջանում շատերի քունը և սնվելու ռեժիմը խախտվում է, երեխան դառնում է դյուրագրգիռ:
Ինչպե՞ս կարելի է օգնել երեխային, որն ատամ է հանում: Որոշ ծնողներ փորձում են մատները թաթախել սպիրտ պարունակող խմիչքի մեջ և այդ մատներով մերսում են երեխայի լնդերը: Նրանք հավատում են, որ այդպես ալկոհոլի փոքր քանակությունը կօգնի հանգստացնել երեխային: Սակայն նման միջոցի դիմել անհրաժեշտ չէ:
 
Լնդերի մերսումը շատ երեխաների է դուր գալիս. այն հանգստացնում է և օգնում ազատվել ցավի զգացողությունից, ուստի հենց մերսումը հակացուցված չէ ատամ հանող երեխաներին: Եթե ալկոհոլային խմիչքներն օգտագործվում են միայն մատն ախտահանելու և երեխայի բերան վարակ չտանելու համար, դա քիչ թե շատ ընդունելի է:
 
Բայց այդ դեպքում պետք է շատ զգույշ լինել և սպասել, մինչև ալկոհոլը ցնդի մատի վրայից, որից հետո միայն մերսել երեխայի լնդերը: Այդ մեթոդի հիմնական խնդիրն այն է, որ այդ դեպքում ալկոհոլի քանակության «չափաբաժինը» որոշել գործնականում հնարավոր չէ:
 
Եվ, բնականաբար, անցանկալի է, որ երեխայի բերանն ալկոհոլի զգալի քանակություն ընկնի: Եթե մատի միջոցով երեխայի բերանն ալկոհոլ է ընկնում, դա անթույլատրելի է և կարող է բացասաբար ազդել երեխայի առողջության վրա:
 
Ալկոհոլի մեջ թաթախված մատներով լնդերը մերսելու փոխարեն պետք է հանգստացնղ քսուքներ օգտագործել, որոնք անհրաժեշտ քանակությամբ հանսգտացնող ու ցավազրկող նյութեր են պարունակում և չեն վնասի երեխային: Շատ փորձառու մայրեր լավ գիտեն այդ քսուքների անունները:
 
Քանի որ ատամ հանող երեխան փորձում է ծամել ամենը, ինչ ընկնում է ձեռքը, շատ մասնագետներ համարում են, որ ավելի լավ է նրան դեղատնից գնված հատուկ «ծամելու» առարկա տալ: Այդպիսի իր կարող է լինել, օրինակ՝ ատամների ռետինե օղակը: Այս դեպքում ամենակարևորն այդ իրը վարակազերծելն է, որպեսզի երեխային հեռու պահել մանրէներից:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: