Հանրագիտարան

Հայտնաբերվեց Ուրան մոլորակը

1781թ.-ի մարտի 13-ին Ուիլիամ Հերշելը հայտնաբերեց Ուրան մոլորակը: Հերշելն այս հայտնագործությունը նվիրել է անգլիացի թագավոր Գեորգ III-ին և հայտնաբերված մոլորակի անունը նրա պատվին դրել է «Գեորգի աստղ»`   "Georgium Sidus", որը, սակայն, այդպես էլ չօգտագործվեց։
Ուիլիամ Հերշելը (Ֆրիդրիխ Վիլհելմ Հերշել) գերմանական ծագումով անգլիացի նշանավոր աստղագետ է։ Հայտնի է որպես Ուրան մոլորակի և նրա երկու արբանյակների՝ Տիտանիայի և Օբերոնի հայտնաբերող։ Նա նաև հայտնաբերել է Սատուրն մոլորակի երկու արբանյակ և ինֆրակարմիր ճառագայթումը։ Ավելի քիչ են հայտնի նրա քսանչորս սիմֆոնիաները։
 
Ուրանը (լատիներեն՝ "Uranus") Արեգակնային համակարգի՝ Արեգակից հեռավորությամբ յոթերորդ, տրամագծով երրորդ և զանգվածով չորրորդ մոլորակն է։ Ուրանը դարձավ առաջին մոլորակը, որը հայտնաբերվել է «նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով։ Ուրանի հայտնաբերման մասին Ուիլիամ Հերշելը հայտարարեց 1781 թվականի մարտի 13-ին՝ այսպիսով առաջին անգամ անտիկ ժամանակներից ի վեր ընդլայնելով մարդկության առաջ Արեգակնային համակարգի սահմանները։
 
Չնայած այն հանգամանքին, որ երբեմն Ուրանը տեսանելի է անզեն աչքով, ավելի վաղ ժամանակներում դիտարկողները չէին ընդունում այն որպես մոլորակ նրա խամրածության և ուղեծրով դանդաղ շարժվելու պատճառով։ Ի տարբերություն Յուպիտերի և Սատուրնի, որոնք կազմված են հիմնականում ջրածնից և հելիումից, Ուրանի և նրա նմանակի՝ Նեպտունի մթնոլորտում կան տարբեր սառույցների, ինչպես օրինակ՝ ջրային, ամոնյակային կամ մեթանային սառույցներ, ինչպես նաև հիդրոկարբոնատների որոշ հետքեր։
 
Այդ պատճառով մասնագետներն այս երկու մոլորակն առանձնացրել են առանձին կատեգորիայի մեջ՝ «Սառցե հսկաներ»։ Ուրանն ունի Արեգակնային համակարգի մոլորակների միջև ամենասառը մթնոլորտը՝ 49 Կ (-224 °C)։ Ենթադրվում է, որ Ուրանն ունի բարդ շերտավոր ամպերի համակարգ, որտեղ ջուրը կազմում է ներքին շերտերը, մեթանը՝ վերինը։ Ի տարբերություն Յուպիտերի և Սատուրնի՝ Ուրանի միջուկը կազմված է սառույցներից և լեռնային ապարներից։
 
Ինչպես և մյուս գազային հսկաները, Ուրանն ունի օղակների համակարգ և մագնիտոլորտ, բացի այդ, այն ունի նաև 27 արբանյակ։ Ուրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն Արեգակնային համակարգի մյուս մոլորակների՝ նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ, որի պատճառով էլ ամառն ու ձմեռը մոլորակի կիսագնդերում տարիներ են տևում (ամռանը Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը դուրս չի գալիս)։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: