Հանրագիտարան

Միապետություն

Միապետությունը պետության կառավարման համակարգ է, երբ իշխանության գլուխ կանգնած է մեկ անձնավորություն՝ միապետը։ Հաճախ միապետությունը ժառանգական է, հետևաբար տվյալ պետության իշխանությունը պատկանում է մեկ դինաստիայի։

Տարբերակվում են բացարձակ միապետական և սահմանադրական միապետական կարգեր։ 

Միապետությունը Հայաստանում

Ըստ Մովսես Խորենացու հայոց առաջին միապետը եղել է Հայկյան տոհմից Պարույր Սկայորդին: Հայոց միապետը կրել է արքա կամ արքայից-արքա տիտղոսը, որը շատ դեպքերում եղել է հավասարազոր հռոմեական կեսարին կամ կայսրին: Հին Հայաստանի արքայատոհմերն են`   Երվանդունիներ,Արտաշեսյաններ, Արշակունիներ, Միջնադարյան Հայաստանում`   Բագրատունիներ, Արծրունիներ, Սյունիներ, Կյուրիկյաններ, Կիլիկիան Հայաստանում`   Ռուբինյաններ, Հեթումյաններ,Լուսինյաններ:

5-9դդ. պետականության բացակայության պայմաններում հայոց միապետի դերի որոշ մասը իրենց վրա էին վերցնում Հայոց Մարզպանը, Հայոց Իշխանը, Հայոց Իշխանաց-իշխանը: Մեծ դեր ուներ այդպիսի պայմաններում հայոց կաթողիկոսը, հատկապես ուշ միջնադարում: Հայոց միապետը Հայաստանի միահեծան տիրակալն էր զորքերի գլխավոր հրամանատարը: Նա էր նշանակում և հանում պաշտոնից պետական գործակալությունների ղեկավարներին, քրիստոնեության ընդունումից հետո միջամտում կաթողիկոսի ընտրություններին, հայտարարում պատերազմ, կնքում դաշինք օտար պետությունների և ցեղերի հետ: Հայոց Միապետի իշխանությունը ժառանգական էր, իշխանությունն անցնում էր հորից ավագ որդուն: Եթե չկար արու ժառանգ, ապա գահը կարող էր անցնել նաև տոհմի իգական ներկայացուցիչներին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: