Հանրագիտարան

Ալիքներ

Ձայները մեր ականջին են հասնում ալիքների ձևով, ռադիո- և հեռուստատեսային ծրագրերը մեր տներն են մտնում նույնպես ալիքների տեսքով, թեև դրանք մեզ համար անտեսանելի են:

Որոշ ալիքներ առաջանում են այն ժամանակ, երբ որևէ առարկա (օրինակ՝ կամերտոնի թևիկները կամ կիթառի լարը) սկսում է ճոճվել: Այսպիսի ճոճումներն անվանում են թրթռում կամ տատանում: Երբ տատանվող առարկան առաջ է բերում շրջապատող օդի տատանումներ, մենք լսում ենք ձայն: Կամերտոնի թևիկները, թրթռալով, հաջորդաբար սեղմում ու ընդարձակում են օդը, և այդ սեղմումները տարածվում են որպես ալիքներ: 

Աղմուկը, ձայնը ալիքներ են և տարածվում են օդում: Տիեզերական տարածությունում օդ չկա, չկան և տատանվող մասնիկներ, ուստի ձայնային ալիքներն այդտեղ չեն կարող տարածվել: Տիեզերանավից բաց տարածություն դուրս եկած տիեզերագնացները միմյանց հետ խոսում են միայն ռադիոյով: 
 
Էլեկտրական հոսանքն իր շուրջն առաջացնում է էլեկտրական և մագնիսական անտեսանելի դաշտեր: Երբ էլեկտրական հոսանքը տատանվում է, այդ դաշտերը նույնպես տատանվում են և տարածվում էլեկտրամագնիսկան կոչվող ալիքների տեսքով:
 
Լույսը նույնպես իրենից ներկայացնում է էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք առաջանում են ատոմներում էլեկտրոնների տատանումներից: Լույսին նման են նաև ռադիոալիքները, որոնք նույնպես առաջանում են ռադիոհաղորդչի անտենաներում էլեկտրական լիցքերի տատանումներից: Ալիքները կարող են տարածվել նաև պինդ մարմիններում: Ականջը երկաթուղագծին հպելիս դեռ հեռվից կարելի է լսել մոտեցող գնացքի աղմուկը: Երկրաշարժերն առաջ են բերում գետնի տատանումներ, որոնք տարածվում են Երկրի մակերևույթով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: