Հանրագիտարան

Տիր

Տիրը դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։

 

Նա եղել է Հայկ Աղեղնավորի ուստրը, և համարվել է Արամազդ աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակն ու երազների մեկնիչ, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, ննջեցյալների հոգիները «անդրշիրիմյան աշխարհ» ուղեկցողը։ Նա մի ամբողջ ամիս զբաղվում էր մարդկանց ծնունդներն ու մահերն իր մատյանում գրանցելով, մնացած տասնմեկ ամիսներն արարչագործության ավիշ էր ներարկում գրողներին, երաժիշտներին, պատկերահաններին, և քարագործ-ճարտարապետներին:
 
Տիրին նվիրված գլխավոր տաճարը կոչվել է Երազամույն, տոնահանդեսը՝ Տիրական։ Հայոց հին տոմարի 4-րդ ամիսը Տիրի անունով կոչվել է Տրե կամ տրի, ծիածանը՝ Տիրական կամ Տրական գոտի։ Նրա անունով են կոչվել Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիճ գյուղերը, ինչպես նաև մի շարք անձնանունները (Տիրան, Տիրոց, Տրդատ)։ Հելլենիստական դարաշրջանում հայերը Տիրին են նույնացրել Ապոլլոնին և Հերմեսին։
 
Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արամազդ աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը գիտություն և իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում ամենից առաջ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ Դրա համար էլ Տիր աստվածը կոչվում էր նաև երազացույց ու երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից կամ երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր աստծոց ստանում էին իրենց տեսած երազների գուշակությունը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: