Հանրագիտարան

Միքելանջելո

Իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ Միքելանջելո Բուոնարոտտին ծնվել է 1475թ. մարտի 6-ին Իտալիայի Կապրեզե քաղաքում: Միքելանջելոն 13 տարեկանում աշակերտել է անվանի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյին, իսկ 1489-1490թթ.՝ քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիին:

Միքելանջելոն 17 տարեկանում մարմարից կերտել է «Կենտավրոսների կռիվը» քանդակը, որում արտացոլված են մարտնչող ֆիգուրների դրամատիզմը, մարդկային ուժն ու գեղեցկությունը: 1498-1501 թթ. ստեղծած «Պիետտա» («Ողբ առ Քրիստոս») քանդակով Միքելանջելոն մեծ համբավի է արժանացել: Այդ գործի հիմնական թեման մայրական վիշտն է: Տիրամայրը, անզոր ու անդառնալի կորստի ցավից քարացած, նայում է որդուն՝ Հիսուսին, իսկ ձեռքի հարցական շարժումն ուղղված է Աստծուն:

 

1501-1504թթ. Միքելանջելոն Ֆլորենցիայում կերտել է Դավթի վիթխարի արձանը (բարձրությունը`   5 մ), որը կամքի ահռելի ուժի ու հերոսական պոռթկումի մարմնացում է: Ըստ առասպելի՝ Դավիթը հաղթում է իր ժողովրդի թշնամուն՝ հսկա Գողիաթին: Միքելանջելոն իր հերոսին պատկերել է մարտի պատրաստվելու պահին: Նա լայն բացած աչքերով նայում է հսկային՝ պարսատիկը ձախ ձեռքում սեղմած: Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ է ու ահեղ:

 

1505 թ. Հուլիոս II պապը Միքելանջելոյին հրավիրել է Հռոմ և պատվիրել իր դամբարանի կառուցումը, որի շինարարությունը քանդակագործն ավարտել է 1545 թ.: Դամբարանի համար Միքելանջելոն ստեղծել է Մովսես մարգարեի և 2 պատանի գերյալների արձանները. մեկը ձգտում է ազատվել կապանքներից, իսկ մյուսը մահամերձ է: Մովսեսը պատկերված է կամքի հզոր ուժով ու խառնվածքով: Միքելանջելոն նաև հանճարեղ գեղանկարիչ է: Նա իր բոլոր մոնումենտալ գործերն ստեղծել է առանց օգնականների: 

 

Նրան են պատվիրել որմնանկարել նաև Վատիկանի Սիքստինյան կապելլայի (կաթոլիկ և անգլիկան ճարտարապետության փոքր կառույց կամ առանձնացված սենյակ ընդհանուր կառույցում) ավելի քան 600 մ/2 մակերեսով վիթխարի առաստաղը: Անասելի դժվար պայմաններում, բարձր փայտամածին պառկած՝ նկարիչը պատկերներ է ստեղծել աշխարհի արարչագործության մասին: Որմնանկարի ամենավառ կերպարներից է առասպելական առաջին մարդը: Միքելանջելոն այդ որմնանկարի վրա աշխատել է 1508-1512թթ.:
 
Տարիներ անց՝ 1536-1541թթ., Սիքստինյան կապելլայում նկարիչն ստեղծել է նաև «Ահեղ դատաստան» որմնանկարը: Չնայած այն արտահայտում է աշխարհի կործանման գաղափարը, սակայն Հիսուսի կերպարում հեղինակը փառաբանել է մարդու գեղեցկությունն ու ուժը, հավատը բարու նկատմամբ: Որմնանկարը հարուստ է սարսափահար, խելակորույս և հուսահատ բազմաթիվ կերպարներով, որոնցից մեկն էլ Սբ. Բարդուղիմեոսն է՝ ներկայացված նկարչի ինքնանկարով: Միքելանջելոն հայտնի է նաև որպես ճարտարապետ:
 
Նրա գործերին բնորոշ է պլաստիկ արտահայտչականությունը: 1546թ.-ից մինչև կյանքի վերջը  (1564թ. փետրվարի 18) նրա հիմնական աշխատանքը Հռոմի Սբ. Պետրոսի տաճարի և Կապիտոլիումի համալիրի կառուցումն էր (2 շինություններն էլ ավարտվել են Միքելանջելոյի մահից հետո): Միքելանջելոյի կենդանության օրոք կառուցվել է Սբ. Պետրոսի տաճարի արևելյան մասը, իսկ գմբեթը, որ բացառիկ գործ է, նրա մահից հետո տեղադրել է Ջակոմո դելլա Պորտան: Ծերության տարիներին Միքելանջելոն գրել է բանաստեղծություններ՝ հիմնականում մադրիգալներ ու սոնետներ, որոնք տպագրվել են մահից հետո՝ 1623 թ.:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: