Հանրագիտարան

Հոնդուրաս

Հոնդուրասի Հանրապետությունը (իսպաներեն՝ República de Honduras) պետություն է Կենտրոնական Ամերիկայում: Մայրաքաղաքը Տեգուսիգալպան է (մինչև 1880 թ. — Կոմայագուա)

 

Հոնդուրասը պետություն է Կենտրոնական Ամերիկայում: Ափերը ողողվում են Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի ջրերով:
Մակերևույթը լեռնային է, առավելագույն բարձրությունը 2865 մ է (Պատուկա լեռ): Ափամերձ շրջաններում ցածրադիր դաշտավայրեր են: Ընդերքում կան արծաթի, ոսկու, երկաթի, ծարիրի, բոքսիտների, ափամերձ գոտում՝ նավթի պաշարներ:
Կլիման արևադարձային է, տարածված են մշտադալար անտառներն ու չորասեր թփուտները:
Մինչև XVI դարի սկիզբը երկիրն անվանել են Իգուերաս կամ Իբուերաս: Այստեղ են բնակվել մայաները՝ Ամերիկայի հին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները: 1502 թ-ին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է երկրի առափնյա շրջանները: Իսպանացիները երկիրն անվանել են Հոնդուրաս (խորություն բառից՝ ափամերձ մեծ խորությունների պատճառով). 1524 թ-ից սկսվել է երկրի նվաճումը: XIX դարի սկզբին Հոնդուրասը մասնակցել է Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմին և 1821 թ-ին ձեռք բերել անկախություն:
XX դարի 60–80-ական թվականներին երկրում տեղի են ունեցել մի շարք զինված ընդհարումներ, կայունություն հաստատվել է  միայն 1990-ական թվականներին:
    Բնակչության 90%-ը մետիսներ են: Լեռներում ապրում են հնդկացիական ցեղեր:Խոշոր քաղաքներն են Տեգուսիգալպան, Սան Պեդրո Սուլան, Պուերտո Կորտեսը, Լա Սեյբան:
Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Զարգացած է արոտավայրային անասնաբուծությունը: Մշակում են ադամաթուզ, ծխախոտ, սրճենի, աբակա, շաքարեղեգ և այլն: Զարգացած են արդյունաբերության լեռնահանքային ու գյուղատնտեսական հումքի վերամշակման ճյուղերը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: