Հանրագիտարան

Կոլումբիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը`   Բոգոտա
Տարածքը՝ 1.138,9 հզ. կմ2
Բնակչությունը՝ 42,95 մլն
Պետական լեզուն՝ իսպաներեն
Դրամական միավորը`   կոլումբիական պեսո

 

Աշխարհագրական դիրք
Կոլումբիան գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում: Ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի ջրերով: Երկրին են պատկանում նաև Սան Անդրես, Պրովիդենսիա (Կարիբյան ծովում) և Մալպելո (Խաղաղ օվկիանոսում) կղզիները:
Ռելիեֆը բազմազան է. հյուսիսում և արևելքում հարթավայրային է, իսկ արևմուտքում ձգվում է Կոլումբիական Անդեր լեռնաշղթան: Հյուսիս-արևմուտքում Սիեռա Նևադա դե Սանտա Մարտա լեռնազանգվածն է, որտեղ գտնվում է Կոլումբիայի ամենաբարձր`   Կոլոն լեռնագագաթը (5800 մ): Ափամերձ գոտիներում ճահճապատ դաշտավայրեր են: Կան նավթի, գազի, ածխի, ոսկու, պլատինի, զմրուխտի (առաջին տեղն աշխարհում), երկաթի պաշարներ:
 
Կլիմա, բնություն
Կլիման հասարակածային և մերձհասարակածային է: Գետային ցանցը խիտ է: Խոշոր գետերն են Մագդալենան, Անտրատոն, Մետան, Գուավիարեն, Կակետան և այլն: Կան բազմաթիվ լճեր:
Տարածված են մշտադալար անտառներն ու սավաննաները: Կենդանական աշխարհը հարուստ է:
 
Պատմություն
Կոլումբիան իսպանացիները  հայտնաբերել են 1499 թ-ին: XVI դարի 30-ական թվականներին նրանք վերջնականապես նվաճել են երկիրը`   հարակից տարածքներով, և դարձրել գաղութ`   Նոր Գրանադա անունով (ընդգրկում էր նաև Էկվադորի, Պանամայի, Վենեսուելայի տարածքները), որը հետագայում տրոհվել է: Անկախություն հռչակել է 1810 թ. հուլիսի 20-ին, սակայն իրական անկախությունն սկսվել է 1830 թ-ից`   Մեծ Կոլումբիայի դաշնության տրոհումից հետո (նրանից անջատվել են ներկայիս Վենեսուելան և Էվկադորը): 1863 թ-ից երկիրն անվանվել է Կոլումբիայի Միացյալ Նահանգներ, 1886թ-ից՝ Կոլումբիայի Հանրապետություն:Երկրի հիմնական բնակիչները կոլումբիացիներն են:
 
Արդյունաբերություն, գյուղատնտեսություն
Կոլումբիայում զարգացած են արդյունաբերության արդյունահանող (հատկապես`   նավթ և գազ) և վերամշակող ճյուղերը: Կան սև մետաղաձուլության, մետաղամշակման, քիմիական, սննդի, տեքստիլ, ավտոհավաքման, շինանյութերի արտադրության ձեռնարկություններ:
Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսը սուրճն է, որի արտադրությամբ Կոլումբիան զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում: Մշակում են նաև ադամաթուզ, շաքարեղեգ, բամբակենի, ծխախոտ, հացահատիկային բույսեր: Զբաղվում են ձկնորսությամբ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: