Հանրագիտարան

Զրադաշտ

Զրադաշտը կամ Զարաթուշթրան (ավեստ. Zaraθuštra, պարսկ. زرتشت — Zartošt; հին հունարեն`   Ζωροάστρης) համարվում է զրադաշտականության հիմնադիրը, Գաթերի`   Ավեստայի հնագույն մասերի հեղինակ:

 

Կենսագրություն

Զրադաշտի անձնավորության, կյանքի և գործունեության վերաբերյալ կան հակասական տեսակետներ: Պարսկական աղբյուրները Զրադաշտի ծննդավայրը համարել են Ռագան (Ռեյ), հունական և լատինական պատմիչները`   Բակտրիան, սակայն վաղ շրջանի արաբ և պարսիկ պատմաբանները, հղումներ կատարելով ավելի հին աղբյուրների վրա, նրա ծննդավայր նշում են Ուրմիա քաղաքը՝ Ուրմիա լճի հարևանությամբ: Մովսես Խորենացին Զրադաշտին համարում է «…մոգ և նահապետ մարաց»: Կան նաև մի քանի վկայություններ հասած մեզ միջնադարյան մի քանի մուսուլմանական պատմիչների`   Բիրունի, Բալազուրի, Կազվինի, Յագութ Ալ-Համավի և այլոց վկայություններից , որ Զարաթուշթրան ծնվել է Մեծ Հայքի տարածքում, հավանական է նաև Ատրպատականում: Ներկայում ընդունված տեսակետով Զրադաշտն ապրել է մ.թ.ա. 630-553 թթ. և քարոզել է Իրանի արևելյան նահանգներում (Խորեզմի, այժմյան Աֆղանստանի տարածքում): Գաթերի համաձայն Զրադաշտը 30 տարեկանում սկսել է նոր կրոնի քարոզումը, բայց հայրենիքում հաջողություն չի ունեցել և հարկադրված հեռացել է: Նրան հովանավորել է Վշտասպ թագավորը, որն իր մերձավորներով ընդունել և նպաստել է նոր կրոնի տարածմանը: Ըստ ավանդության նրան սպանել են դավադրաբար`   աղոթքի ժամանակ նրան հետևից դանակահարելու միջոցով։
 
Հիշատակումը գրականությունում
 
Զրադաշտը և նրա ուսմունքը իր ժամանակ թողնելով մեծ ազդեցություն, հետագայում հիմնականում անկում է ապրել նոր կրոնների առաջացման ու տարածման ժամանակահատվածում։ Նրա ուսմունքի հետևորդները շատ ժամանակում դարձան կա՛մ քրիստոնյաներ, կա՛մ մուսուլմաններ։ Սակայն ուշ միջնադարում ՝ լուսավորության դարաշրջանում Զրադաշտի կերպարի նկատմամբ հետաքրքրությունը նորից վերելք սկսեց ապրել։ Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն «Այսպես խոսեց Զրադաշտը» փիլիսոփայական աշխատությունում օգտագործել է Զրադաշտի կերպարը սեփական փիլիսոփայական հայացքները ներկայացնելու համար։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: