Հանրագիտարան

Շախմատ

Շախմատը երկու խաղացողի համար նախատեսված սեղանի խաղ է, որը խաղում են հաջորդաբար բաց և մուգ գույների 64 դաշտ ունեցող (8 x 8 վանդակ), քառակուսի խաղատախտակի վրա։

Աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է: 

Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ այդ խաղի մասին առաջին անգամ հիշատակվել է դեռևս VI դարում: Առասպելի համաձայն՝ շախմատը հնարել է մի հնդիկ իմաստուն իր տիրակալի համար: Սակայն կասկածից վեր է, որ շախմատի գյուտը ոչ թե մեկ մարդու, այլ բազմաթիվ ժողովուրդների մտքի արգասիք է: 

 

«Շախմատ» անվանումն առաջացել է Արևելքում, որտեղ պարսկերեն շահ են անվանում տիրակալին, թագավորին, իսկ «մատ» նշանակում է «մահացավ»: 
 
Շախմատային պարտիայի (խաղի) սկզբում խաղացողներից յուրաքանչյուրը ունենում է 16 խաղաքար՝ մեկ արքա, մեկ թագուհի, երկու նավակ, երկու ձի, երկու փիղ, և ութ զինվոր։ Ընդամենը վեց տեսակ խաղաքարերից յուրաքանչյուրը քայլում է յուրովի։ Խաղաքարերը օգտագործվում են հակառակորդի խաղաքարերը հարվածելու և վերցնելու համար, խաղի նպատակն է «մատ անել» հակառակորդի արքային, այն է, «հարվածի տակ վերցնել» հակառակորդի արքային, այնպես, որ հարվածից հնարավոր չլինի խուսափել։
 
Բացի մատից, խաղը հնարավոր է հաղթել, հակառակորդի ինքնակամ հանձնումով, ինչը սովորաբար պատահում է, երբ շատ խաղաքար է կորցվել կամ եթե մատը անխուսափելի է թվում։ Մի շարք իրավիճակներում խաղը կարող է ավարտվել նաև «ոչ-ոքի», երբ խաղացողներից ոչ մեկ չի հաղթում։ Տարբերում են խաղի 3 փուլ՝ սկզբնախաղ (երբեմն բացում), միջնախաղ և վերջնախաղ (երբեմն էնդշփիլ, գերմ. Endspiel , թարգմանաբար՝ խաղի ավարտ)։
 
Առաջին անգամ, Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացել էր Վիլհելմ Ստեյնիցը, 1886 թվականին։
 Շախմատի աշխարհի առաջնությունից բացի անց են կացվում նաև Կանանց շախմատի աշխարհի առաջնություն, Պատանիների շախմատի աշխարհ առաջնություն, Մեծահասակների շախմատի աշխարհի առաջնություն, Նամակագրությամբ շախմատի աշխարհի առաջնություն, Շախմատի կայծակնային խաղի առաջնություն և Համակարգչային շախմատի աշխարհի առաջնություն։ Շախմատային օլիմպիադան տարբեր երկրներից թիմերի միջև ժողովրդականություն վայելող մրցություն է, մեկ այլ թիմային մրցություն է Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։
 
Առցանց շախմատը սիրողական և պրոֆեսիոնալ մրցությունները հասանելի դարձրեց խաղացողների լայն շերտերին։ Շախմատը Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից, պաշտոնապես ճանաչված մարզատեսակ է, միջազգային շախմատային մրցությունները, անցկացվում են Շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Բացի դասական շախմատից, գոյություն ունեն շախմատի բազմաթիվ տարբերակներ, որոնք ունեն այլ կանոններ, խաղաքարեր և խաղատախտակներ։
 
 
Հայաստանը համարվում է շախմատային երկիր : Աշխարհի չեմպիոն Տ. Պետրոսյանի, միջազգային գրոսմայստերներ Ռ. Վահանյանի, Ս. Լպուտյանի, Վ. Հակոբյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Անաստասյանի, Ա. Մինասյանի, Կ. Ասրյանի, Լ. Արոնյանի անունները լայնորեն հայտնի են շախմատային աշխարհում: 1999 թ-ին Հայաստանի շախմատի ազգային հավաքականը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 1992 և 2002 թթ-ին շախմատի համաշխարհային օլիմպիադաներում դարձել բրոնզե մեդալակիր, 2006 թ-ին՝ չեմպիոն: 
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Տիգրան Պետրոսյանի պատվին սահմանել է «Տիգրան» հատուկ մրցանակը, իսկ Հայաստանի շախմատի տունը, որի առջև կանգնեցված է  շախմատիստի կիսանդրին, կոչվել է նրա անունով:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: