Հանրագիտարան

Ֆրանց Շուբերտ

Ավստրիացի կոմպոզիտոր և դաշնակահար Ֆրանց Շուբերտը ռոմանտիզմի հիմնադիրներից է երաժշտության մեջ: Ֆրանց Շուբերտը ծնվել է 1797թ. հունվարի 31-ին: Վաղ տարիքում երաժշտության դասեր է առել հորից (ջութակ), եղբորից (դաշնամուր), նաև Միքայել Հոլցերից (երգեցողություն):

1808թ. Վիեննայում ընդունվել է Արքունական երգչախումբ, որտեղ նաև սովորել է նվագել մի քանի գործիքներ և տեսության դասեր է առել կոմպոզիտոր Անտոնիո Սալիերիից: 1813-1814թթ. սովորել է ուսուցչական սեմինարիայում և որպես ուսուցիչ աշխատել մինչև 1818թ.:

 

Ստեղծագործել է 1813թ.-ից, սակայն նրա երկերը հրատարակվել են 1821թ.-ից: Շուբերտի շնորհիվ երգի ժանրը ձեռք է բերել գեղարվեստական ձև, հարստացվել է համերգային վոկալ երաժշտությունը, ստեղծվել է երգի նոր տեսակ:

 

Շուբերտն իր լավագույն երգերը գրել է Վիլհելմ Մյուլլերի բանաստեղծությունների տեքստերով («Գեղեցիկ ջրաղացպանուհին», «Ձմեռային ճանապարհ», երգաշարեր): Հայտնի է նաև «Կարապի երգը» ժողովածուն, որի բազմաթիվ երգեր («Սերենադ», «Ձկնորսուհին», «Ծովի ափին» և այլն) արժանացել են համաշխարհային ճանաչման:
 
Շուբերտը երգեր է գրել նաև Յոհան Վոլֆգանգ Գյոթեի («Անտառի արքա», «Վայրի վարդը»), Հայնրիխ Հայնեի («Երկվորյակ»), Ֆրիդրիխ Շիլլերի («Աղջկա գանգատը») և այլ բանաստեղծների խոսքերով: Նրա երգերը բարձր է գնահատել Բեթհովենը: 
 
Շուբերտը գրել է նաև սիմֆոնիկ և դաշնամուրային երաժշտություն՝ ֆանտազիաներ (Դո մաժոր, Ֆա մինոր), էքսպրոմտներ, երաժշտական ակնթարթներ, սոնատներ: Կոմպոզիտորը 9 սիմֆոնիայի հեղինակ է, որոնցից առավել հայտնի են Չորրորդը՝ «Ողբերգականը», Հինգերորդը և Ութերորդը՝ «Անավարտը», որը երկմասանոց քնարադրամատիկական երկ է և աչքի է ընկնում հոգեբանական խորությամբ:
 
Իններոդ սիմֆոնիայում գերակշռում են ժողովրդական-էպիկական կերպարները: Հանրահայտ են նրա բազմաթիվ կամերային ստեղծագործությունները, որոնցից ամենատարածվածը «Ֆորել» դաշնամուրային կվինտետն է: 22 կվարտետից առավել նշանավոր են Լյա մինորը, Ռե մինորը և Սոլ մաժորը:
 
Շուբերտի դաշնամուրային սոնատներն աչքի են ընկնում ուրույն մեկնաբանություններով: Նրա «Թափառաշրջիկը» ֆանտազիան կանխորոշել է Ֆերենց Լիստի սիմֆոնիկ պոեմների կառուցվածքը, իսկ դաշնամուրային «Էքսպրոմտները» և «Երաժշտական ակնթարթները»՝ Ֆրիդերիկ Շոպենի և Ֆ. Լիստի դաշնամուրային երաժշտության բնորոշ գծերը:
 
Շուբերտը գրել է նաև օպերաներ («Ալֆոնսո և Էստրելլա», «Ֆիերաբրաս», «Էգինհարդ և Էմմա» և այլն), օպերետներ («Հայելու ասպետը», «Ֆերնանդո» և այլն), պոլոնեզներ, նախերգանքներ, քայլերգեր, պարեր և այլ գործեր: Շուբերտի ստեղծագործությունը սերտորեն առնչվում է ավստրիական ժողովրդական արվեստին և լայնորեն տարածվել է երկրում, թեև ժողովրդական թեմաներ հազվադեպ է օգտագործել:
 
Նա իր երկերում կարևորել է հարմոնիայի և գործիքավորման գունեղությունը: Լինելով վիեննական դասական դպրոցի ավանդույթների հետևորդ`   Շուբերտն արևմտաեվրոպական երաժշտության մեջ հայտնի է նաև որպես նորարար: Ինչպես բոլոր վիեննական դասականների, այնպես էլ Շուբերտի երկերն առանձնանում են կերպարների հարստությամբ, թեմաների և իրադարձությունների լայն ընդգրկումով:
 
Կոմպոզիտորի բազմաթիվ գործեր կատարվել են նրա մահից տասնամյակներ անց: Դո մաժոր սիմֆոնիան ամբողջությամբ հնչել է 1839թ. Ֆելիքս Մենդելսոնի ղեկավարությամբ, իսկ «Անավարտը»՝ 1865թ.: Շուբերտին թաղել են այն գերեզմանատանը, որտեղ ամփոփված էր Լյուդվիգ վան Բեթհովենի աճյունը:
 
1888թ. երկուսի աճյուններն էլ տեղափոխել են Վիեննայի կենտրոնական գերեզմանատան հուշահամալիր: Շուբերտի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: