Հանրագիտարան

Սուդան

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Խարտում
Տարածքը՝ 2.505,8 հզ.կմ2
Բնակչությունը՝ 37 մլն
Պետական լեզուն՝ արաբերեն
Դրամական միավորը՝ սուդանյան դինար

 

Աշխարհագրական դիրք
Սուդանը պետություն է Աֆրիկայի հյուսիս–արևելքում: Երկրի տարածքի մեծ մասն զբաղեցնում են 300–1000 մ բարձրությամբ սարավանդները: Հյուսիսում Լիբիական և Նուբիական անապատներն են, արևմուտքում՝ Դարֆուր և Կորդոֆան սարավանդները: Արևելքն ավելի բարձրադիր է, այստեղ են գտնվում Կենտրոնաաֆրիկյան բարձրավանդակի (ամենաբարձր կետը՝ Կինիետի լեռ, 3187 մ) ճյուղավորումները և Կարմիրծովյան լեռները: Ընդերքում կան նավթի, պղնձի, ոսկու, քրոմի, երկաթի, մանգանի, մարմարի պաշարներ:
 
Կլիմա
Երկիրն ամբողջությամբ գտնվում է տաք գոտում, օդի ջերմաստիճանը մշտապես բարձր է 20օC-ից: Կլիման հյուսիսում արևադարձային է՝ տաք ու չոր, հարավում՝ մերձհասարակածային մուսսոնային, որտեղ տեղումները տարվա ընթացքում խիստ անհավասարաչափ են (ամառը՝ խոնավ, ձմեռը՝ չոր): Անապատներում հաճախ են փոշու փոթորիկները (խաբուբ): Մշտական հոսք ունեցող միակ գետը Նեղոսն է: Հարավում տարածված են սավաննաները, որոնք տեսակային կազմով (բաոբաբ, ակացիա և այլն) ամենահարուստն են երկրագնդում:
 
Պատմություն
Սուդանի տարածքում մարդը բնակվել է դեռևս քարի դարում: Մ.թ.ա. III – մ.թ. I դարերում ձևավորվել է ինքնատիպ քաղաքակրթություն, որը բարերար ազդեցություն է գործել հարևան ժողովուրդների վրա: Ստեղծվել է առաջին այբուբենն Աֆրիկայում, զարգացել է շինարարական արվեստը, գիտութունը (աստղագիտություն, մաթեմատիկա, բժշկություն, աշխարհագրություն): 
Սուդանի տարածքում V դարից առաջացել են մի քանի քրիստոնեական պետություններ, իսկ VII դարում՝ Եգիպտոսի նվաճումից հետո, սկսվել է արաբների ներթափանցումը նաև Սուդան, և XVI դարում կազմավորվել են Սենար, Դարֆուրյան սուլթանություն ու այլ մահմեդական պետություններ: 1820–22 թթ-ին Սուդանի տարածքը գրավել է եգիպտական տիրակալ Մուհամեդ Ալին, իսկ 1890-ական թվականներից սկսվել է Մեծ Բրիտանիայի ներթափանցումը Սուդան: 1899–1955 թթ-ին Սուդանը եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը: Անկախություն է հռչակել 1956 թ-ի հունվարի 1-ին: 1972 թ-ին երկրի հարավը նույնպես ստացել է ինքնավարություն, որով ավարտվել է 17-ամյա պատերազմը: 1986 թ-ին ձևավորվել է կոալիցիոն կառավարություն, իսկ 1989 թ-ին երկրում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, և իշխանության գլուխ է անցել Ազգային փրկության հեղափոխության հրամանատարության խորհուրդը:
 
Բնակչություն
Բնակչության ավելի քան կեսը արաբներ են, բնակվում են նաև նուբիացիներ, բեջաներ և այլք: Հավատացյալների 70 %-ը մահմեդականներ են, կան քրիստոնյաներ, շատերը պահպանել են տեղական հավատալիքները: 
Խոշոր քաղաքներն են Խարտումը, Օմդուրմանը, Հյուսիսային Խարտումը, Պորտ Սուդանը: 
 
Գյուղատնտեսություն
Բնակչության հիմնական զբաղմունքը դարեր շարունակ եղել և մնում է երկրագործությունը: Մշակվում է երկրի տարածքի ընդամենը 3 %-ը, անհրաժեշտությունից ելնելով`   հերկվել են սավաննաները: Մշակում են ջերմասեր բույսեր՝ եգիպտացորեն, բատատ, բամբակենի, մանգո, քնջութ, գետնանուշ: Կորդոֆան սարավանդում հավաքում են արաբական խեժ: Համաշխարհային շուկայում Սուդանը բամբակի և արաբական խեժի հիմնական մատակարարներից է: 
Երկրում գործում են տեքստիլ, կաշվի, կոշիկի, նավթավերամշակման, օճառի արտադրության ձեռնարկություններ:
Ժողովրդական արհեստներից տարածված են փայտե քանդակագործությունը, կավե արձանիկների, կաշվե իրերի պատրաստումը, գեղարվեստական հյուսքը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: