Հանրագիտարան

Ռիխարդ Վագներ

Վիլհելմ Ռիխարդ Վագները գերմանացի կոմպոզիտոր, դիրիժոր, դրամատուրգ և փիլիսոփա է: Նա ժամանակակից դիրիժորական արվեստի հիմնադիրներից է և օպերային արվեստի խոշորագույն բարեփոխիչ:

Ռիխարդ Վագները երաժշտությամբ զբաղվել է 15 տարեկանից: Դաշնամուրի առաջին ուսուցիչները եղել են նրա քույրերը: 1828թ. ընդունվել է Լայպցիգի գիմնազիան, 1831թ.-ից սովորել է Լայպցիգի համալսարանի երաժշտության բաժնում: Որպես խմբավար, ապա նաև դիրիժոր 1830-ական թվականներին աշխատել է Վյուրցբուրգի, Մագդեբուրգի, Քյոնիգսբերգի և Ռիգայի երաժշտական թատրոններում: 

 

1839-1842թթ. կոմպոզիտորն ապրել է Փարիզում, ստեղծել իր առաջին նշանավոր երկերը՝ «Ֆաուստ»-ի նախերգանքը և «Թռչող հոլանդացին» օպերան: 1843-1849թթ. Վագները եղել է Դրեզդենի պալատական թատրոնի դիրիժորը, գրել է «Տանհոյզեր» և «Լոենգրին» օպերաները: 1849թ. մասնակցել է Դրեզդենի ապստամբությանը, որի պարտությունից հետո տարագրվել է Շվեյցարիա: 
 
Վագների գրական-երաժշտական մտահղացումների ամբողջական մարմնավորումը «Նիբելունգի մատանին» օպերային քառերգությունն է (1856-1874թթ.): Լավագույն գործերից են նաև «Տրիստան և Իզոլդա» (ըստ Գոտֆրիդ Ստրասբուրգցու, 1859 թ.), «Նյուրնբերգցի մայստերզինգերներ» (1872 թ.) օպերաները: 
 
1872թ.-ից կոմպոզիտորը հաստատվել է Բայրոյթում, որտեղ 1876թ. հիմնել է օպերային թատրոն: Նրա վերջին երաժշտադրամատիկական ստեղծագործությունը «Պարսիֆալ» (1882 թ., ըստ միջնադարյան քրիստոնեական լեգենդի) միստերիա-օպերան է:
 
Վագներն իր գործունեությամբ հաստատել է գեղարվեստական նոր սկզբունքներ, ստեղծել է մոնումենտալ-երաժշտական դրամա, ընդարձակել և նորովի է մեկնաբանել նվագախմբի հնարավորություններն ու գործիքների առանձին խմբերի (հատկապես պղնձափողայինների) դերը:
 
Վագները գրել է լիբրետոներ, դրամաներ, բանաստեղծություններ, ակնարկներ, ուսումնասիրություններ արվեստի պատմության վերաբերյալ, գրախոսություններ, երաժշտական տեսական աշխատություններ («Արվեստը և հեղափոխությունը», 1849թ., «Ապագայի գեղարվեստական ստեղծագործությունը», 1850թ., «Օպերան և դրաման», 1851թ., «Դիմում իմ բարեկամներին», 1851թ.) և այլն: 
 
Հայ իրականության մեջ հայտնի է Կոմիտասի հոդվածը Վագների մասին: Նրա օպերաների կանանց դերերգերի հայտնի կատարողներից էր հայազգի երգչուհի Սոֆյա Ակիմովան: 1965թ. Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է Վագների «Տանհոյզեր» օպերան: Վագների անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: