Հանրագիտարան

Ուրուգվայ

Ուրուգվայը Հարավային Ամերիկայում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին տողակայված պետություն է:
Ուրուգվայի տարածքն զբաղեցնում է Բրազիլական սարահարթի հարավարևելյան ցածրադիր մասը: Մակերևույթը հարթավայրային է. Ատլանտյան օվկիանոսի ափի երկայնքով տարածվում է ճահճապատ դաշտավայրը: Հարավում մեկուսացած Պան դե Ասուկար լեռն է (501մ, երկրի ամենաբարձր կետը): Ընդերքում կան  երկաթմանգանային, ոսկու, արծաթի, կապարի, պղնձի, գրանիտի, մարմարի պաշարներ:
 
Կլիման մերձարևադարձային ծովային է: Գետային ցանցը խիտ է: Գլխավոր գետերն են Ուրուգվայը և Ռիո Նեգրոն: Գերակշռում են մշտադալար անտառներն ու սավաննաները: Կենդանական աշխարհը բազմազան է: Կան զրահակիրներ, պարկամուկ, ճահճակուղբ, շատ են ջրլող թռչունները:
 
Ուրուգվայի, ինչպես և ամբողջ Հարավային Ամերիկայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են բնիկ հնդկացիական ցեղեր, որոնք գտնվել են նախնադարյան համայնական կարգերի տարբեր փուլերում: Հարավային Ամերիկան նվաճելիս իսպանացիները թափանցեցին ժամանակակից Ուրուգվայի տարածք և 16-րդ դարի 2-րդ կեսին այստեղ հիմնեցին մի շարք ամրոցներ: Մինչև 19-րդ դարի սկիզբն Ուրուգվայի տարածքին տիրելու համար պայքար էր մղվում իսպանացիների, պորտուգալացիների և անգլիացիների միջև: 18-րդ դարի կեսին Իսպանիան հայտարարեց, որ Ուրուգվայն իր տիրույթն է: Համոզվելով, որ երկիրը հարուստ չէ օգտակար հանածոներով, իսպանացիներն սկսեցին այնտեղ ներմուծել խոշոր եղջերավոր կենդանիներ և ձիեր, որի շնորհիվ անասնաբուծությունը դարձավ Ուրուգվայի տնտեսության հիմնական ճյուղը: 
 
19-րդ դարի 1-ին տասնամյակներին Հարավային Ամերիկայում ծավալվեց իսպանական գաղութների անկախության համար մղվող ազատագրական պայքարը: 
 
1810–16թթ. Ուրուգվայն անկախ պետություն էր, բայց 1816թ.այն նվաճեցին պորտուգալացիները: 1821թ.  ներառվել է Բրազիլական կայսրության, 1825թ.`   Արգենտինայի կազմի մեջ, իսկ 1828թ.հռչակել է իր անկախությունը, որը ճանաչել են Բրազիլիան և Արգենտինան: 1830թ-ին ընդունվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության սահմանադրությունը:
 
1973թ.տեղի ունեցած պետական հեղաշրջման հետևանքով դադարեցվել է սահմանադրության գործունեությունը, սակայն 1985թ. վերականգնվել է կառավարման սահմանադրական կարգը:
 
Բնակչության ճնշող մեծամասնությունն ուրուգվայցիներ են, որոնք 
 
16–18-րդ դարերում Եվրոպայից եկած վերաբնակների (հիմնականում՝ իսպանացիների) հետնորդներն են: Նեգրերը, մետիսները և մուլատները կազմում են բնակչության շուրջ 8–10 %-ը:
 
Խոշոր քաղաքներն են Մոնտեվիդեոն, Սալտոն, Պայսանդուն, Ռիվերան, Մերսեդեսը:
 
Ժամանակակից Ուրուգվայն ագրոարդյունաբերական երկիր է: Գյուղատնտեսության հիմնական ճյուղը մսաբրդատու անասնապահությունն է: Մսի և բրդի արտադրությամբ Ուրուգվայը գրավում է երկրորդ տեղը Լատինական Ամերիկայում՝ զիջելով միայն Արգենտինային: Անասնաբուծության արտադրանքի զգալի մասն արտահանվում է: Երկրի կլիմայական պայմանները բարենպաստ են խաղողագործության, ցիտրուսների մշակության համար: 
 
Արդյունաբերական ճյուղերից առավել զարգացած են սննդի, տեքստիլ, կոշիկի, շինանյութերի արտադրությունը: Կան նաև մետաղաձուլական, քիմիական, էլեկտրատեխնիկական ձեռնարկություններ: Երկրի արդյունաբերական հիմնական կենտրոնը մայրաքաղաքն է: 
 
Ուրուգվայի բնիկների՝ հնդկացիների արվեստը ժամանակի ընթացքում աստիճանաբար դուրս է մղվել: Ազգային մշակույթի և հատկապես բանահյուսության պահպանողները թափառաշրջիկ երգիչներն էին (պայադորներ): Յուրատիպ են երգիծական բովանդակության երգերը (կոնտրապունտո) և պերիկոն շուրջպարը:
 
Հայերն Ուրուգվայում
 
Հայերն Ուրուգվայում հաստատվել են 20-րդ դարի սկզբին. գաղութը ձևավորվել է 1920-ական թվականներին: Նրանք եկել են սկզբում Կիլիկիայից, հետագա տասնամյակներին՝ Մերձավոր Արևելքի երկրներից: Այժմ հայերի թիվը հասնում է շուրջ 15 հզ-ի՝ կենտրոնացած Մոնտեվիդեոյում: Սակավաթիվ հայ ընտանիքներ կան նաև Պիրիապոլիս քաղաքում: Հայերի հիմնական մասն զբաղվում է առևտրով և արհեստներով: Կան խոշոր ձեռնարկատերեր, բժիշկներ, պետական ծառայողներ: 
 
Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմը կազմավորվել է 1983թ-ին: Մոնտեվիդեոյում գործում է միակ հայ առաքելական Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին, կան նաև կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ: Չնայած փոքրաթիվ լինելուն, Ուրուգվայի հայ համայնքը կարողանում է պահպանել ինքնությունը, ինչին նպաստում են Ուրուգվայում գործող Նուբարյան-Ալեք Մանուկյան և Ներսեսյան ամենօրյա վարժարանները, տարբեր հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային, հայրենակցական միություններ, ակումբներ և այլն: Գաղութում հայտնի են «Կոմիտաս», «Արամ Խաչատրյան» նվագախմբերը, «Կռունկ» երգչախումբը, «Գայանե», «Շիրազ» պարախմբերը: Գործում են «Ռադիո Արմենիա» և «Կոմիտաս» ամենօրյա ռադիոժամերը, հրատարակվում են «Ապրիլ», «Հայ ընտանիք» պարբերականները (հայերեն–իսպաներեն): Առաջին դպրոցը կազմակերպվել է դեռևս 1923թ. : Ներկայումս գործում են միայն 2 ամենօրյա հայկական դպրոցներ: 
 
Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ պաշտոնապես ճանաչեց Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»: 1971թ. Մոնտեվիդեոյի հրապարակներից մեկը, որտեղ ավելի ուշ կանգնեցվեց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող, կոչվել է «Արմենիա», իսկ 1972թ. ծովեզրյա պողոտաներից մեկը՝ Ռամբլա–Արմենիս: «Արմենիա» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովափնյա քաղաքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: