Հանրագիտարան

Կաթոլիկություն

Կաթոլիկությունը քրիստոնեության հիմնական ուղղություններից է: Այն իր հետևորդների թվով քրիստոնեության ամենախոշոր ճյուղն է (ըստ 2007 թ. տվյալների աշխարհում հաշվվում է մոտ 1,147 միլիարդ կաթոլիկադավան)։ Կաթոլիկությունը տարածված է և միլիոնավոր հետևորդներ ունի Եվրոպայում (հատկապես`   Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ավստրիայում, Լեհաստանում), Լատինական և Կենտրոնական Ամերիկայում: Հետևորդներ ունի նաև Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում:

Առաջացման պատմությունը

Ձևավորվել է մ.թ. առաջին հազարամյակում նախկին Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում։ Կաթոլիկության սկզբնավորումը կարելի է տանել դեռևս IV դար, երբ Հռոմի աթոռը, որի գլուխ կանգնած էր Հռոմի եպիսկոպոսը (պապ), իր իրավասությանը ենթարկեց Արևմուտքի եկեղեցիները`   ձգտելով իր գերիշխանությունը տարածել նաև Արևելքում։ Հռոմի աթոռը սկսում է իրեն բարձր դասել տիեզերական մյուս աթոռներից (Կ. Պոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք, Երուսաղեմ) և միջամտել Արևելքի եկեղեցական գործերին։ Հակասություններն հետզհետե ավելի են սրվում VII–IX դդ.։ Հռոմի նկրտումներն ավելի ցայտուն են դառնում IX դարից, երբ ձևավորվում է պապականությունը, նրա վարչական և գաղափարական հիմքերը։ Հռոմը ստանում է նաև քաղաղաքական իշխանություն`   756 թվականին ստեղծելով կրոնապետություն՝ Պապական մարզը։ Հռոմի պապերի նկրտումներն Արևելքի նկատմամբ հանդիպում են Կ. Պոլսի պատրիարքների (Փոտ, Նիկողայոս Միստիկոս, Միքայել Կերուլարիոս) հակազդեցությանը։ 867 թվականին Հույն եկեղեցին խզում է իր կապերը Հռոմի եկեղեցուց։ Այդ խզումը իր վերջնակետին է հասնում 1054 թվականին, երբ Հռոմն ու Կ. Պոլիսը փոխադարձաբար նզովում են միմյանց։ Բաժանման դավանաբանական առիթը Արևմուտքի ընդունած «և Որդւոյ» (Filioque) վարդապետությունն էր, ըստ որի՝ Ս. Հոգին բխում է և Հորից և Որդուց։ Երաբնակությունն ընդունող քրիստոնեական եկեղեցին բաժանվում է արևմտյան կաթոլիկական և արևելյան երկաբնակ ուղղափառ (օրթոդոքս) ճյուղերի։ Կաթոլիկությունը ձևավորվում է որպես դավանանք և եկեղեցական կազմակերպություն։

Պապության պատմությունը

Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է, որի նստավայրը՝ Վատիկանը, որը 1929 թվականին ճանաչվեց որպես առանձին պետություն։ VIII դ. կազմավորված Պապական մարզը մինչև 962 թվականը գտնվել է ֆրանսիական Կարոլինգների թագավորության, այնուհետև`   Հռոմեական սրբազան կայսրության կազմում։ XI դ. Կաթոլիկ եկեղեցին ընդարձակում և ամրապնդում է իր դիրքերը, Հռոմի աթոռն իրեն է ենթարկում Արևմուտքի բոլոր եկեղեցիները`   հաստատելով Հռոմի պապի բացարձակ գերիշխանությունն ու հեղինակությունը հավատի և կրոնաեկեղեցական հարցերում, վճռորոշ դերակատարությունը քաղաքական խնդիրներում։ XIII դ. Պապական մարզը դառնում է անկախ, իսկ 1274 թվականին պաշտոնապես ճանաչվում ինքնիշխան պետություն։ Ֆրանսիական թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը պապի աթոռանիստը Հռոմից տեղափոխում է Ավինյոն (1309–77)։ Այդ շրջանը պատմության մեջ հայտնի է պապերի «Ավինյոնյան գերություն» անունով։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին, ձգտելով տիրանալ Սուրբ Հողին, XI–XIII դդ. նախաձեռնում է Խաչակրաց արշավանքներ, ստեղծում ասպետական օրդեններ (Հիվանդախնամների կամ Հյուրընկալների, Տաճարականների, Տևտոնական և այլն), կրոնական միաբանություններ (Ճիզվիտական, Դոմինիկյան, Ֆրանցիսկյան, Կարմելյան և այլն), Կաթոլիկ եկեղեցու հակառակորդներին, հերետիկոսներին, ազատամիտներին դարձի բերելու իսկ չուղվողներին`   պատժելու համար XIII դ. ստեղծվում է ինկվիզիցիան (հավատաքննությունը), որը հետագայում պայքար է մղում բողոքականության դեմ։

Հռոմը նաև փորձել է ամենատարբեր եղանակներով կաթոլիկություն տարածել Հայաստանում, սկզբում՝ Կիլիկյան Հայաստանում`   Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միություն հաստատելու միջոցով, ապա՝ XIV դ. սկզբից բուն Հայաստանում՝ ունիթորության միջոցով։ Դա հանգեցրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն միացած Արևելյան պատրիարքությունների և եկեղեցիների կազմավորմանը, որոնցից է նաև Հայ կաթողիկե եկեղեցին։
XVI–XVIII դդ. Պապական մարզում հաստատվում է բացարձակապետություն, իսկ XIX դ. այն մտնում է միավորված Իտալական թագավորության մեջ և դադարում գոյություն ունենալուց:
 
Կաթոլիկ եկեղեցու կառուցվածքը
 
Կաթոլիկ եկեղեցին ավանդական մյուս եկեղեցիներից տարբերվում է դավանաբանակն, վարդապետական, ծիսական, եկեղեցական կառավարման, կազմակերպա-կանոնական յուրահատկություններով։ Ունի խիստ կենտրոնացված նվիրապետական կարգ։ Կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է (լրիվ տիտղոսն է՝ Հռոմի եպիսկոպոս, Հիսուս Քրիստոսի տեղապահ, առաքյալների իշխանի ժառանգորդ, տիեզերական եկեղեցու գերագույն պոնտիֆիկ, Արևմուտքի պատրիարք, Իտալիայի գահերեց եպիսկոպոս (պրիմաս), Հռոմ. գավառի արքեպիսկոպոս և մետրոպոլիտ, Վատիկան քաղաք-պետության միապետ, Աստծո ստրկաց ստրուկ)։ Համարվում է Պետրոս առաքյալի տեղապահ ժառանգորդը։ Պապը կաթոլիկների կողմից ընկալվում է որպես Տիեզերական եկեղեցու գլուխ (մյուս եկեղեցիների համար Տիեզերական եկեղեցու գլուխն Աստված է). Քրիստոսն իր եկեղեցին որպես ժառանգություն փոխանցել է Պետրոս առաքյալին, նա էլ՝ իրեն հաջորդող Հռոմի եպիսկոպոսների (իմա՝ պապերին), ուստի պապը երկրի վրա Աստծո տեղապահն է և քրիստոնյա մյուս եկեղեցիների գլխավորը։ Պապի ու Աստծո միտքը և կամքը մեկ են, նա եկեղեցու միապետն է և գերագույն դատավորը, ունի հրեշտակներից, սրբերից և տիեզերական ժողովներից բարձր իշխանություն, դավանաբանական հարցերում անսխալ է (ըստ 1869–70 թվականի Վատիկանի I ժողովի պապի անսխալականության դոգմայի)։ Պապին կից գործում է կուրիան (վարչական մարմինը) և կարդինալների Կոլեգիան, որի ամբողջությունը Կոնսիստորիան (ժողով) է։ Պապի մահվան դեպքում նրա հաջորդին ընտրող արտակարգ ժողովը կոչվում է կոնկլավ (կողպված կամ դռնփակ սենյակ)։ Հավաքվում է պապի մահվանից հետո 11-րդ օրը և ընտրում պապ ձայների 2/3 մեծամասնությամբ ու ևս մեկ ձայնով`   հավաքված կարդինալների թվից։ Կա կարդինալների երեք աստիճան՝ կարդինալ-եպիսկոպոս, կարդինալ-քահանա և կարդինալ-սարկավագ։ Կարդինալներն աշխատում են կոնգրեգացիաներում (սուրբ ժողովներում), որոնք վարչական և դատական մարմիններ են, ունեն իրենց գրասենյակները և վճռում են հավատի, դավանության, իրավունքի, բարոյականության, սրբադասման և այլ հարցեր։ Մի շարք կարևոր կոնգրեգացիաներում նախագահում է անձամբ պապը։ Հռոմից դուրս, մշտական կամ ժամանակավոր լիազորությամբ, գործում են պապի ներկայացուցիչներ՝ առաքելական փոխանորդներ, նվիրակներ, դիվանագիտական ներկայացուցիչներ (լեգատ)։ Թեմական առաջնորդ-եպիսկոպոսներին օծում է միայն պապը։ Նրանք կառավարում են պապին տված հնազանդության երդումով և իրենց աստիճանով ցածր են կարդինալներից։ Պապը հրավիրում է Կաթոլիկ եկեղեցու «տիեզերական» ժողովներ, հղում էնցիկլիկներ (կոնդակներ)։ Կաթոլիկ եկեղեցուն հատուկ երևույթ են «զինվոր»-միաբանությունները, որոնց վանքերը ենթարկվում են հիմնականում Հռոմում նստող իրենց գլխավորներին (գեներալ)։ Վանականները ճգնակյաց չեն, կատարում են եկեղեց-հաս. պարտականություններ։
 
Դավանանքը
 
Կաթոլիկության գաղափարական հիմքը Օգոստինոս Ավրելիոս Երանելու (IV–V դդ.), Թովմա Աքվինացու (XIII դ.) և այլոց ուսմունքներն են։ Կաթոլիկությունն ընդունում է քավարանի գոյությունը (պաշտոնապես ճանաչվել է Ֆլորանսի ժողովում՝ 1439 թվականին) գոյությունը, բոլոր կարգի հոգևորականների կուսակրոնությունը, Աստվածամոր մարմնավոր համբառնումը։ Ինքնատիպ է Սուրբ Երրորդության, եկեղեցական խորհուրդների մեկնաբանումն ու կիրառումը, օծումն արվում է մկրտությունից զատ՝ նվազագույնը ութամյա (գիտակից) տարիքում, հոգևորականների և աշխարհականների հաղորդության ձևերն ու եղանակները տարբեր են (գինու մեջ ջուր են խառնում, աշխարհականներին հաղորդություն տալիս միայն հացով, իսկ գինին վերապահում եկեղեցականներին)։ Կաթոլիկ եկեղեցին ընդունում է գոյափոխությունը (տրանսսուբստանցիացիա), այսինքն՝ Պատարագի ժամանակ հացն ու գինին փոխվում են մեկ այլ գոյացության՝ Քրիստոսի մարմնի և արյան, սուրբ խորհուրդ է համարում ոչ թե եկեղեցական պսակը, այլ՝ հենց ինքնին ամուսնությունը, իսկ ամուսնացողներին՝ խորհուրդն իրականացնողներ։ Կաթոլիկ եկեղեցին ունի սեփական տոնացույց և մեծ մասամբ միջին դարերում ձևավորված սրբարան, ընդունում է Մարիամ Աստվածածնի անարատ հղության վարդապետությունը, ունի «տիեզերական» ժողովների սեփական ցանկ (թվով՝ 21), ընդունում է երկաբնակությունը և Քաղկեդոնի ժողովի հանգանակը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: