Հանրագիտարան

Խաչատուր Աբովյան

Հայ մեծ գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հայագետ Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809թ. հոկտեմբերի 15-ին Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների շրջանում, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ վիպասանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ չի մնացել։
Աբովյանը մինչև տասը տարեկան հասակն անց է կացնում գյուղում, որից հետո ծնողները 1814 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ կաթողիկոսին։ էջմիածնում վեց տարի սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։
 
1823 թվին մտնում է Ներսիսյան դպրոցը, Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ դառնում է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ Երեք տարի այդ դպրոցում հայտնի բանաստեղծ Հարություն Ալամդարյանին (դպրոցի տեսուչը) աշակերտելուց հետո՝ 1826 թվին, վերադառնում է հայրենիք։ 
 
Նույն թվին Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման։ 1829 թվին Էջմիածին է գալիս Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը մի խումբ գիտնականների ուղեկցությամբ Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսը թույլ է տալիս Աբովյանին`   որպես տեղական հանգամանքներին ծանոթ անձնավորության, մասնակցելու այդ գիտական արշավին։
 
1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվում է հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90000 հայ հարկադրված լքում է հայրենիքը։ Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։ Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները։ 
 
Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ առաջանում են գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները`   ձախողվում են դպրոց ստեղծելու ծրագրերը, չեն իրականանում սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Այս ամենի արդյունքը մեծ լուսավորչի առեղծվածային անհետացումն էր, որի ստույգ մանրամասները ցայսօր թաղված են թանձր խավարում։
 
Ա. Բակունցի կարծիքով Աբովյանը գնացել է մասնակցելու Եվրոպական հեղափոխություններին։ Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը կարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել։ Պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը համոզված էր, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով։
 
Այս բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի՝ Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ. Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ լուսավորչի աքսորված լինելու վերաբերյալ: Նման վկայություն առկա էր նաև մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի մոտ։
 
1927թ. Վիեննայում տպագրված «Հանդես ամսօրյա»-ում «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկում» հոդվածում Ռուբեն վարդապետ Մանասյանը պատմում է, որ կովկասահայ Սարգիս Գրձիլյանը, ով հայ համայնքներում ճանաչված և երևելի անձ էր, Խ.Աբովյանի գերեզմանի մասին վկայել է հետևյալը`   իբր Ծերուն անունով մի մարդ, ով աքսորված է եղել Սախալին և տիրապետել է լուսանկարչական արվեստին, իրեն է նվիրել մի շարք լուսանկարներ, որոնց մեջ եղել է նաև Աբովյանի գերեզմանի լուսանկարը։
 
Այդ մասին նրան հայտնել է մի ռուս՝ ասելով.«Դու հա՞յ ես, ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, ով աքսորված էր այստեղ»։ Խ. Աբովյանի՝ Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Ս. Էջմիածնի ճեմարանի վաստակավոր ուսուցիչ Ստեփան Կանայանցը։
 
Նա պատմում է, որ Գերմանիայում ուսումնառության տարիներին Աստրախանի իր ընկերոջից 1883թ. ստացել է մի նամակ, որում նշվում էր, որ ռուս նշանավոր գրող և հրապարակախոս Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է Խաչատուր Աբովյանին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: