Հանրագիտարան

Լևոն Շանթ

Գրող, մանկավարժ և հասարակական գործիչ Լևոն Շանթի ստեղծագործության մեջ առանձնանում է դրամատուրգիան, որը հայ գրականության բացառիկ արժեքներից է: Լևոն Շանթը (իսկական ազգանունը՝ Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան) ծնվել է 1869 թվականի ապրիլի 6-ին: Վաղ տարիքում զրկվել է ծնողներից: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սկյուտարի (թաղամաս Կոստանդնուպոլսում), 1884-1891թթ.՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարաններում: Սովորել է նաև Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ:

1899 թ.-ից ավելի քան 10 տարի դասավանդել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում: Թիֆլիսում անդամակցել է «Վերնատուն» գրական խմբակին: 1911թ.-ից Շանթը դասավանդել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական և Էսայան վարժարաններում: 1915-1919թթ.-ին ապրել է Եվրոպայում: Գրողը Հայ հեղափոխական դաշնակցության անդամ էր: Եղել է Հայաստանի 1-ին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր: 

 

1920թ.-ի ամռանը գլխավորել է Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցելու համար Մոսկվա մեկնած պաշտոնական պատվիրակությունը: 1921թ.-ից ապրել է արտասահմանում, եղել է ուսուցիչ: 1890-ական թվականներին Շանթը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և «Լերան աղջիկը» պոեմը, որտեղ արտահայտել է երազային սիրո գեղեցկության ու պատրանքի, կյանքի և իդեալի մոտիվները: 
 
Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ առավելապես պայմանավորված է նրա դրամատուրգիայով: «Եսի մարդը» (1904թ.), «Ուրիշի համար» (1905-1906թթ.), «Ճամբուն վրա» (1909թ.) դրամաներում շոշափել է անհատի ու հասարակության փոխհարաբերության, բարոյականության խաթարման, եսի և անձնազոհության խնդիրներ:
 
Հայ գրականության մեջ ոչ մի ստեղծագործության այնքան չեն անդրադարձել ու մեկնաբանել, որքան Շանթի «Հին աստվածներ»-ին (1909թ.), որը և´ փիլիսոփայական դրամա է, և´ պատմական ողբերգություն: Երկի պատմական հենքում IX դարի դեպքերն են, որտեղ արտացոլվել են աշխարհիկ ու հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողությունների ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների խնդիրներ, որոնք մեծ արձագանք են գտել հայ հասարակության մեջ:
 
Շանթն ընդգծել է հերոսների՝ Աբեղայի և Վանահոր կերպարների հակադրությունը. մեկը հայացքն ուղղում է դեպի անցյալը՝ սկզբնականը, մյուսը՝ անհայտը՝ ապագան: «Հին աստվածներ» դրաման նոր որակ էր հայ գրականության մեջ՝ որպես զգացմունքի, հարափոփոխ տրամադրությունների և ապրումների, մարդու ազատության տենչանքի արտահայտություն:
 
«Կայսրը» (1916թ.), «Շղթայվածը» (1921թ.), «Ինկած բերդի իշխանուհին» (1923թ.), «Օշին Պայլ» (1932թ.) դրամաները նույնպես պատմական ողբերգություններ են, որտեղ արծարծվել են ազգային ու սոցիալ-հոգեբանական խնդիրներ, նաև անհատապաշտության, հերոսի և ամբոխի հակադրության գաղափարներ: 
 
Շանթի դրամաները, հատկապես՝ «Հին աստվածները» և «Կայսրը», հայ գրականության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են: Նրա արվեստը հենվել է կեցության փիլիսոփայության վրա, որտեղ գեղարվեստական իրականությունը սոսկ խորհրդանիշ է աննյութականն ընկալելու համար: 
 
Շանթը գրել է նաև հայոց լեզվի դասագիրք («Լուսաբեր»՝ Հովհաննես Թումանյանի և Ստեփան Լիսիցյանի հետ), գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, պատմագիտական աշխատություններ («Գրքեր և մարդիկ», 1905թ., «Սեռն ու նյութը բանահյուսության», 1926թ.), կատարել թարգմանություններ (Մ. Լերմոնտովի «Մծիրի» պոեմը, Էթել Վոյնիչի «Բոռը» և այլն): 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: