Հանրագիտարան

Լիբիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Տրիպոլի
Տարածքը՝ 1.759,5 հզ. կմ2
Բնակչությունը՝ 5,765 մլն
Պետական լեզուն`   արաբերեն
Դրամական միավորը՝ լիբիական դինար

 

Աշխարհագրական դիրք

Լիբիան գտնվում է Հյուսիսային Աֆրիկայի կենտրոնական մասում: Հյուսիսում ողողվում է Միջերկրական ծովի ջրերով: Երկրի տարածքի 98 %-ը զբաղեցնում են կիսաանապատներն ու անապատները: Տիրապետում են 200–600 մ բարձրության սարավանդները: Հարավում Տիբեստի բարձրավանդակն է (առավելագույն բարձրությունը՝ 2286 մ`   Բետտե լեռ), արևելքում`   Լիբիական անապատը: 

Կլիման արևադարձային անապատային է, հաճախակի են տաք, չորացնող գիբլի և խամսին քամիները: Մշտական հոսք ունեցող գետեր չկան: Ծովափնյա նեղ գոտում տարածված է մերձարևադարձային բուսականությունը, հսկայական տարածքներ բուսազուրկ են:
 
Պատմություն
Լիբիան XVI դարից մինչև 1912 թ. եղել է Օսմանյան կայսրության կազմում: 1912–43 թթ-ին իտալական գաղութ էր, 1943–51 թթ-ին գտնվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմական վարչակազմի իշխանության ներքո: Անկախություն է ձեռք բերել 1951 թ-ի դեկտեմբերի 24-ին:
Երկրի բնակչության 92 %-ն արաբներ են:
 
Տնտեսություն
Տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է: Կան նաև նավթաքիմիական, ցեմենտի, տեքստիլ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Մշակում են ծխախոտ, ձիթենի, փյունիկյան արմավենի, ցիտրուսներ, խաղող: Զբաղվում են նաև քոչվոր ու կիսաքոչվոր անասնապահությամբ:
Լիբիայի տարածքում պահպանվել են փյունիկյան արվեստի հուշարձաններ, հին հունական, հին հռոմեական և բյուզանդական կառույցների մնացորդներ, կիրառական արվեստի նմուշներ: Արաբների նվաճումից հետո Լիբիայում ձևավորվել է արաբա-բերբերական մշակույթը, իտալական տիրապետության շրջանում քաղաքներում ստեղծվել են եվրոպական թաղամասեր:
Ժողովրդական արվեստի գործերից տարածված են երկրաչափական վառ նախշերով գորգերը, դրոշմված կամ ասեղնագործված զարդերով կաշվե և ոսկերչական իրերը, արմավենու տերևներից հյուսված խսիրներն ու պայուսակները: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: